Նամակը, որը ստորագրել են 101 անձինք, ինչպես նշել են հեղինակները, ուղղված է հայ ժողովրդին: Ադրբեջանում տարածված հակահայկական ու ռազմատենչ տրամադրությունների ֆոնին այս նամակը կարելի է որակել որպես «խաղաղասիրական» բնույթ ունեցող: Թեեւ նամակում շարունակ շեշտվում է խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, սակայն նրանում հայկական կողմին ուղղված թաքնված սպառնալիք կա պատերազմի հնարավոր վերսկսման եւ դրա հնարավոր հետեւանքների մասին: Ադրբեջանի մտավորականներն այդ նամակում նախ ամեն կերպ փորձում են հիմնավորել խաղաղության կարեւորությունը, եւ ապա առաջարկում են այդ խաղաղությանը հասնելու յուրօրինակ մի տարբերակ: «Բոլոր պատերազմները, վաղ թե ուշ, ավարտվում են,- այսպես են սկսում հայ ժողովրդին ուղղված իրենց նամակն Ադրբեջանի մտավորականները եւ հավելում,- Սակայն հակամարտության խաղաղ լուծումն այժմ հայտնվել է փակուղում, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ստեղծմանն Ադրբեջանը երբեք չի համաձայնի, եւ ոչ մի հայ քաղաքական ղեկավար չի համաձայնի վերադարձնել օկուպացված հողերը։ Այսպիսի քայլը Հայաստանի ընդդիմությունը կօգտագործի իշխանությունը տապալելու համար, քանզի ընդդիմությունը Հայաստանի իշխանությանը կմեղադրի Հայաստանի շահերին դավաճանելու մեջ»: Նամակի հեղինակների պնդմամբ՝ այսօրվա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը չի կարող հավերժ ձգվել։ Ըստ նրանց` այսօր Հայաստանն ու Ադրբեջանը սառը պատերազմի մեջ են, եւ այդ դիմակայությունը մեծ վնասներ է բերում թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին։ Այս իրավիճակի զարգացման հետեւանքով, ըստ նամակագիրների, շատ ադրբեջանցիներ ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում են պատերազմի մեջ եւ ակտիվորեն պատրաստվում են դրան։ Փաստելով, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, նամակի հեղինակներն առաջարկում են, որպեսզի խնդրին լուծում տա ժողովուրդը: «Հին հռոմեացիները մի սովորույթ ունեին, նրանք փորձում էին երկու անգամ չկռվել իրենց թշնամիների հետ, քանզի հասկանում էին, որ ամեն անգամ թշնամին հզորանում է՝ հակառակորդի սխալներն ուսումնասիրելով»,- գրված է վերոնշյալ նամակում, ուր այնուհետեւ փաստվում է, որ վերջին տարիներին աշխարհում եւ մասնավորապես մեր տարածաշրջանում շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Նամակագիրների խոսքերով՝ իրենք չեն ուզում նշել Ադրբեջանի ձեռքբերումները տնտեսական եւ այլ բնագավառներում, եւ այդ նամակում նախընտրում են անդրադառնալ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա հակամարտությանը եւ փորձել խաղաղություն կնքելու համար փաստարկներ բերել։ Իսկ այդ փաստարկներից առաջինն այն է, որ ըստ նամակագիրների` ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում ադրբեջանական կողմը հանդես կգա ոչ թե անջատ խմբերով, այլ լավ պատրաստված զինված ուժերով: «Երկրորդ՝ կարծում ենք, որ այլեւս գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմից հանդես կգան թուրքական, պակիստանյան եւ ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդատուները, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի այլ բարեկամ երկրների կամավորները։ Երրորդ՝ Ադրբեջանն այլեւս տեղեկատվական մեկուսացման մեջ չէ, ինչպես 90-ականներին էր»,- գրում են ադրբեջանցի մտավորականներն ու հավելում նաեւ չորրորդ փաստարկը, ըստ որի՝ վերջին տարիներին Ադրբեջանը կարողացել է մեծ թվով սփյուռք ստեղծել աշխարհի շատ առաջատար երկրներում՝ օգտագործելով այս բնագավառում հայկական փորձը։ Հինգերորդ փաստարկն էլ այն է, որ բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ քանի դեռ խողովակաշարն անցկացված չէր, ոչ մի պատերազմ էլ չէր լինի, սակայն այժմ արդեն շինարարությունն ավարտված է, եւ Ադրբեջանն արդեն պատրաստել է պատերազմ սկսելու համար անհրաժեշտ տնտեսական եւ քաղաքական բազաները։ «Սա նաեւ հասկանում է Արեւմուտքը, այդ պատճառով էլ վերջին շրջանում ակտիվացել է միջնորդական գործունեությունը։ Եվ եթե մոտ ապագայում բանակցային գործընթացում լուրջ փոփոխություններ տեղի չունենան, ապա 2007-ի գարնանը կամ ամռանը պատերազմը կվերսկսվի,- նշում են նրանք՝ ավելացնելով,- մենք չենք պնդում, որ պատերազմի դեպքում մենք անպայման կհաղթենք, թեեւ ադրբեջանցի ազգաբնակչությունը դրանում խորապես համոզված է։ Սակայն անգամ պարտության դեպքում ժողովրդի բարոյական ոգին նույնը կմնա, եւ նոր հաղթանակը Հայաստանին ոչինչ չի տա»: Այնուհետեւ նամակագիրներն առաջարկում են պատկերացնել, թե ինչ կլինի հայ ժողովրդի բարոյական ոգու հետ՝ պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում հնարավոր պարտության պարագայում: Ըստ այդմ, եթե Ադրբեջանը հաղթի՝ հետագա բանակցություններում նրա դիրքերը կամրանան, եւ խաղաղության պայմանագիրն ավելի դաժան պայմաններ կդնի Հայաստանի առաջ։ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների կարծիքով՝ եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Հայաստանում սարսափում են պատերազմից։ Նրանց պնդմամբ՝ հոգեկան վերքերը դեռ չեն անցել, եւ եթե հաշվի առնենք երկու կողմերի ռազմական լավ պատրաստվածությունը, ապա նոր պատերազմն ավելի արյունահեղ կլինի, ու այս դեպքում երկու երկրների հաշտությունն իրականությունից ավելի կհեռանա: «Բայց չէ՞ որ խորհրդային տարիներին մեր երկրներն ընկերացել են, եղել են խառն ամուսնություններ։ Գաղտնիք չէ, որ հիմա էլ Ադրբեջանում ապրում են ավելի քան 30 հազար հայ-ադրբեջանական ընտանիքներ։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայերն ու ադրբեջանցիները լավ հարաբերությունների մեջ են, գործնական եւ ընկերական կապեր են ստեղծում»,- նշում են Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները: Վերջիններս, շեշտելով, որ իրենք չեն հավակնում ասել վերին ատյանի ճշմարտությունը, առաջարկում են խաղաղության հաստատման յուրօրինակ մի տարբերակ: «Մենք դիմում ենք ձեզ, որպեսզի նախաձեռնեք Հայաստանում գոնե 6 շրջանի (Աղդամ, Ֆիզուլի, Զանգելան, Ջեբրայիլ, Ղուբաթլի) վերադարձման հարցով հանրաքվեի անցկացումը: Հանրաքվեի դրական արդյունքը կբարձրացնի հայ ժողովրդի իմիջը միջազգային հանրության, նաեւ Ադրբեջանի աչքին։ Եվ այս բարի կամքը Հայաստանի իշխանություններին քարտ-բլանշ կտա խաղաղ պայմանագիր կնքելու գործում»,- նշված է հայ ժողովրդին ուղղված վերոնշյալ նամակում, ուր առաջարկվում է նաեւ այդ դիմումը դիտել որպես խաղաղության համար մեկնած ձեռք եւ չփորձել ենթատեքստում գաղտնի դրդապատճառներ տեսնել: «Ստորեւ ստորագրությունների ցանկում դուք չեք տեսնի ամպագոռգոռ անուներ, որպեսզի այս նամակը չդիտվի որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից PR ակցիա»,- հայ ժողովրդին ուղղված իրենց նամակն այսպես են եզրափակում Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները:
Հ.Գ. ՀՀ Արտգործնախարարությունից երեկ մեզ փոխանցեցին, որ իրենք տեղյակ չեն վերոնշյալ նամակի մասին եւ հետեւաբար այդ առթիվ ոչինչ ասել չեն կարող: