– Ինչո՞ւ չեք մասնակցում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներին:
– Հենց ձեր թերթն այն թերթերից մեկն էր, որը հրապարակում տպագրեց իր էջերում Րաֆֆի Հովհաննիսյանի կապի մասին արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ: Հենց դա է եղել պատճառը, որ մենք խուսափել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումներից եւ զգուշություն ենք ցուցաբերել նման հարցերում: Իսկ ընդհանուր առմամբ, մենք կողմ ենք Րաֆֆի Հովհաննիսյանի ձգտումներին՝ ընդդիմության դաշտում խորհրդատվական գործունեություն կատարելու առումով: Բայց հանդիպումների հարցում մենք ձեռնպահ ենք մնացել:
– Միայն հրապարակումները բավարա՞ր են նման զգուշություն դրսեւորելու համար: Չե՞ք ուզում ինքներդ մասնակցել այդ հանդիպումներին ու պարզել, թե իրականում ի՞նչ հարցեր են քննարկվում այնտեղ:
– Մենք մասնակցել ենք Ռազմավարական ինստիտուտի կողմից կազմակերպված տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկումներին: Ես անձամբ եմ մասնակցել: Եթե պարզ նշվի, թե այդ հավաքների հիմնական նպատակը որն է, ի՞նչ հարցեր պետք է քննարկվեն, եւ եթե մենք հարմար գտնենք՝ կմասնակցենք: Մեր կուսակցությունը բավականին լայն շրջանակ ունի տարբեր մասնագետների, ովքեր խորը ուսումնասիրում են այդ բնագավառները, եւ իմանալու դեպքում, թե ի՞նչ հարցեր են շոշափվում, մենք համապատասխան մասնագետների կուղարկենք եւ, կրկնում եմ, հարմար գտնելու դեպքում նրանց կուղարկենք մասնակցելու այդ խորհրդակցություններին:
– Բայց որքան մամուլից է հայտնի, դուք միշտ մերժել եք այդ առաջարկները, նամակ-հրավերները:
– Ոչ, մի նամակ է եղել ընդամենը, եւ հայտնի պատճառներով մենք չենք մասնակցել այդ հավաքին: Չեմ ուզում նորից անդրադառնալ այդ միջադեպին, բայց մենք ձեր հրապարակումից հետո համոզվեցինք, որ մենք շատ ճիշտ ենք արել, որ չենք մասնակցել:
– Մեր հրապարակման մեջ մենք ակնարկել էինք նաեւ, որ այդ ԱՄՆ հատուկ ծառայությունները սկզբում ցանկացել էին համագործակցել Արտաշես Գեղամյանի հետ, սակայն մերժում ստանալուց հետո որոշել են «աշխատել» Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Գուցե նեղացա՞ծ եք, դրա համար չեք համագործակցում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
– Քանի որ այդ հարցն առնչվում է Արտաշես Գեղամյանին, ճիշտ կլինի, որ հենց ինքը պատասխանի դրան, որովհետեւ կոռեկտ չի լինի, որ Ա. Գեղամյանին ուղղված հարցադրմանը ես պատասխանեմ: Ես արդեն իմ փոխարեն պատասխանեցի, որ մենք կողմնակից ենք բաց քննարկումներին, որտեղ հիշատակվում են հանրապետությունն այս ծանր իրավիճակից դուրս բերելու եւ արտաքին, եւ ներքին զարգացումների հետ կապված քննարկումները:
– Իսկ դուք կոնկրետ առաջընթաց տեսնո՞ւմ եք այդ հանդիպումների մեջ: Դա ընդդիմությանն ինչ-որ բան կտա՞, թե՞ գտնում եք, որ այն անիմաստ զբաղմունք է, ու դրա համար էլ չեք մասնակցում:
– Մենք դեռ չենք մասնակցել, որպեսզի նշենք դրանց իմաստալից եւ ոչ իմաստալից լինելու խնդիրը: Մասնակցության դեպքում մենք մեր կարծիքն անպայման կասենք:
– Առաջիկայում նախատեսվում է աջ-ազատական ուժերի միավորում՝ Արմեն Դարբինյան, Խոսրով Հարությունյան եւ նախկին վարչապետ Արմեն Սարգսյան: Սա ձեզ չի՞ մտահոգում, եւ, ձեր կարծիքով, սա արդյոք ընդդիմադիր նոր ուժի միավորում չի՞ լինելու, որն ընտրություններից առաջ փորձելու է զբաղեցնել ընդդիմության տեղը, որը բավական պասիվ վիճակում է գտնվում:
– Համաձայն չեմ, թե նրանք կզբաղեցնեն ընդդիմության տեղը: Ի դեպ, այդ միավորման մեջ շոշափվում է նաեւ ՄԱԿ-ի անունը: Ինչեւէ: Բայց նրանք չեն հայտարարել, որ ընդդիմադիր դաշտն են գրավում: Հակառակը՝ նրանք գրավում են հենց իշխանամետ դաշտը, այսինքն՝ իշխանության, եւ դա պետք է առաջին հերթին անհանգստացնի օրեցօր արհեստականորեն աճող ՀՀԿ-ին:
– Իսկ ընդդիմադիր դաշտում՝ ՀԺԿ, «Ազգային Միաբանություն», «Հանրապետություն», որեւէ բանակցություն տեղի ունենո՞ւմ է՝ առաջիկա անելիքների վերաբերյալ:
– Առայժմ՝ ոչ: Ամառ է, շոգերը կանցնեն, հետո կտեսնենք: