Էջմիածնի քաղաքապետը վաճառել է քաղաքի Գավառագիտական թանգարանի տարածքը, թեեւ մեկ ամիս առաջ հավաստիացրել էր, որ այն վաճառքի ենթակա օբյեկտների ցուցակում չէ:
Ինչպես հաղորդել էին «Արմենիանուն» եւ «168 ժամը»` Էջմիածնի որոշ բնակիչներ քննադատել էին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին՝ հանրային գրադարանների տարածքները մասնավոր ընկերություններին վաճառելու համար, այդ թվում` այնպիսի ընկերությունների, որոնց հետ ինքն անձնական կապեր ուներ:
Ակնկալվում է, որ թանգարանի վաճառքն առաջ կբերի 56 հազարանոց քաղաքի բնակիչների եւ Մայր Աթոռի դժգոհությունը:
Թանգարանի տնօրեն Հասմիկ Հակոբյանին հավաստիացրել էին, որ տարածքը չի վաճառվելու: Մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում Աբգարյանը հաստատել էր դա: Սակայն մեզ հայտնի է դարձել, որ քաղաքապետարանը հաստատել էր տարածքը վաճառելու գործարքն ամիսներ առաջ (մոտ 100.000 դոլար շուկայական արժեք ունեցող տարածքը վաճառվել է մոտ 7000 դոլարով):
Թանգարանը ստեղծվել է 1964 թվականին։ 1984-ին տեղափոխվել է ներկա տարածք` քաղաքի կենտրոնական փողոցի վրա։ Ունի մոտ 12.000 ցուցանմուշ, որից ցուցադրվում է 500-ը։ Ցուցադրված են ուշ քարե դարի, մ.թ.ա. հինգերորդ հազարամյակի իրերից՝ մինչեւ 20-րդ դարի սկզբի կենցաղային իրեր։ Ներկա ու նախկին աշխատակիցներն ասում են, որ թանգարանը կառուցվել է իրենց ձեռքերով, պետությունը ոչնչով չի օգնել:
«Եկեղեցու նման բան է այս թանգարանը, քանդելուց հետո քանի՜ տարի է պետք, որ տեսքի գա»,- ասում է Հասմիկ Հակոբյանը, որը 34 տարի աշխատում է թանգարանում։
Աշխատակիցների ձեռքերով են վերակերտվել թանգարանի ցուցանմուշներից շատերը, ներսի շինությունները, ինչպես, օրինակ` մ.թ.ա. չորրորդ հազարամյակի կլոր կացարանը (կառուցված պեղումների ժամանակ հայտնաբերված կացարանի նմանությամբ), որ շարված է աղյուսով ու շաղախով, յուրահատուկ հազարաշեն տանիքով թոնրատունը։ Թանգարանի փայտյա դռները փորագրազարդ են։ Պետական ֆինանսավորում չի եղել, ամեն ինչ արել են թանգարանի աշխատակիցները:
Թանգարանը տեղափոխվելու է քաղաքապետարանի տարածքում գտնվող զագսի տարածք (զագսի վարիչը դեռեւս տեղյակ չէր, որ իրենց տարածքը հատկացվելու է թանգարանին)։
«Ես շատ վրդովվեցի, երբ իմացա, որ թանգարանը վաճառվել է,- ասում է քաղաքապետարանի Մշակույթի միացյալ տնօրինության տնօրեն Էդուարդ Հախվերդյանը: – Գործարքը կատարվել է ինձնից առաջ, ես տեղյակ չեմ եղել։ Սերժ Սարգսյանն ասում է, որ հարկավոր է զորախումբ ուղարկել Իրաք՝ հայ մշակույթի օջախները պահպանելու համար, սակայն եթե իրենց երկրում չեն պահպանում մշակույթը, ինչպե՞ս պիտի պաշտպանեն օտար երկրում։ Գնում եք` գնացեք, բայց մշակույթի անունից մի խոսեք»։
Գործարքը կատարել է Մշակույթի միացյալ տնօրինության նախկին տնօրեն Բենիկ Շամիրյանը, որը հետագայում նշանակվել է Կրթության միացյալ տնօրինության տնօրեն եւ որոշում է ընդունել գրադարանների տարածքների վաճառքի մասին:
«Թանգարանն ավելի կենտրոն է տեղափոխվում (թանգարանից մինչեւ զագս մոտ 50 մետր է), ավելի ընդարձակ (նոր տարածքի չափսերը հայտնի չեն),-ասում է Շամիրյանը: – Դա արվում է թանգարանի շահերից ելնելով»։
Սակայն գործարքի մանրամասները ենթադրել են տալիս, որ հաշվի են առնվել այլ շահեր:
495 քմ տարածքը, գումարած՝ 70 քմ նկուղը, վաճառվել է 3,46 միլիոն դրամով (վաճառքի գինը չի հրապարակվել)` մոտ 7.000 դոլարով, որը շուկայական գնից մոտ տասնհինգ անգամ էժան է։
Թեեւ տարածքն աճուրդով է վաճառվել, սակայն այն ձեւական է եղել. գնորդը` ոմն գործարար Զարզանդ Կարապետյան, հայտնի է եղել նախօրոք։ Հայտնի է նաեւ, որ Կարապետյանը վերջերս բնակարան է գնել Երեւանում, ինչպես կարծում են՝ քաղաքապետի համար:
«Եթե գոնե աճուրդի մասին իմանայինք, կարող է ուրիշ գնորդներ հայտնվեին»,- ասում է Հակոբյանը։
Նոր տարածքի նորոգման համար բյուջեով փող չի նախատեսվում։
Աշխատակիցներն ասում են, որ զգուշանում են պայքարել թանգարանի տարածքի համար, քանի որ քաղաքապետը սպառնացել է աշխատանքից հեռացնել տնօրենին։