Ահա, եղբայր, քեզ մի դրոշ

20/07/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Խորհրդի կարգով որոշեցինք դիմել Հայաստանում այդ երկրի դեսպանատուն: Մեր հարցը 2 անգամ լսելուց հետո, թերեւս մտահոգվելով մեր հոգեկան առողջությամբ, դեսպանատան աշխատակիցը կախեց խոսափողը: Հենց սա էր պատճառը, որ որոշեցի պարզել, թե որտեղ եւ ովքեր են պատրաստում այս կամ այն երկրի պետական դրոշները: Չէ՞ որ այս կամ այն երկրի պետական դրոշն էլ է ապրանք, եւ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի այն ձեռք բերել: Տարբեր երկրների դրոշակներ, որոնք նախատեսված են գրասեղանների համար, կարելի է գտնել հուշանվերների խանութներում: Սակայն դրանց գներն, ըստ երկրների, տարբերվում են: Օրինակ, խանութներից մեկում պարզեցինք, որ Վրաստանի դրոշն ավելի թանկ արժե, քան, օրինակ, Հայաստանինը, Ռուսաստանինը կամ Ֆրանսիայինը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց թվով քիչ հայաստանցի դրոշակագործներից մեկը, դրոշակի պատրաստման գործում մեծ նշանակություն ունի դրոշի դիզայնը: ՌԴ-ի կամ ՀՀ-ի դրոշները եռագույն են, պատրաստվում են 3 կտորից, հետեւաբար դրանք կարելն ավելի հեշտ է եւ քիչ ծախսատար, քան, օրինակ, ԱՄՆ-ի դրոշը, որի վրա 50 աստղ է պատկերված: Այս դեպքում, բացի կտորներից, անհրաժեշտ է սարքել հատուկ «մաղ», որի, ինչպես նաեւ տպագրական այլ սարքավորումների միջոցով, կտորի համար նախատեսված ներկերով դրոշի վրա պատկերում են այդ սպիտակ աստղերը: Իհարկե, դա հնարավոր է անել նաեւ ասեղնագործության միջոցով, սակայն այս դեպքում դրոշի ինքնարժեքը մի քանի անգամ կմեծանա:

Հայաստանում դրոշակագործություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Առանձին դրոշակագործներ աշխատում են հիմնականում պատվերներով: Դա հատկապես վերաբերում է մեծ չափերի դրոշներին, որոնց պահանջարկը փոքր է: Իհարկե, հուշանվերների խանութներում հնարավոր է գտնել Հայաստանի` տարբեր չափերի դրոշներ: Սեղանի համար նախատեսված դրոշակները պատվիրում են խանութները: Վերջիններս շատ լավ գիտեն, թե տարբեր երկրների խորհրդանիշերն ինչպես են վաճառվում: ՀՀ-ում ամենամեծ պահանջարկը Հայաստանի դրոշի նկատմամբ է, այնուհետեւ` ռուսականի, ԱՊՀ մյուս երկրների, ԱՄՆ-ի: Քանի որ հիմնական գնորդները ՀՀ գերատեսչություններն են, ուստի, կախված այն բանից, թե որ երկրի պատվիրակությանն են նրանք հյուրընկալում, այդ երկրի դրոշներն այդ շրջանում շատ են վաճառվում: Իսկ հայկական դրոշի «գրավչությունը» պայմանավորված է նախ նրանով, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ցանկանում է իր հետ տանել Հայաստանի պետական խորհրդանիշը: Չմոռանանք նաեւ, որ ցանկացած պաշտոնյա, որպես կանոն, իր աշխատասենյակում պետք է ունենա Հայաստանի դրոշը:

Շատ կարեւոր է դրոշների որակը: Ինչպես արդեն նշեցինք, դրանք պատրաստվում են կտորի համար նախատեսված հատուկ ներկերով: Սակայն, դրոշակագործներից մեկի հավաստմամբ, երբեմն «տնային պայմաններում» են դրոշակ կարում եւ համապատասխան որակ չեն ապահովում: Նա հիշեց մի դեպք, երբ Սահակաշվիլու Հայաստան կատարած այցից մի քանի օր առաջ Վրաստանի դեսպանատան առջեւ նոր դրոշ են կախել, սակայն Վրաստանի նախագահն ականատես է եղել անձրեւից լիովին գունազրկված մի կտորի:

Հայաստանում դրոշակների օգնությամբ իրենց բիզնեսը զարգացնում են նաեւ որոշ գործարարներ: Իմ զրուցակից դրոշակագործի խոսքերով, ինքը տարբեր երկրների դրոշների պատվերներ է ստանում մի քանի ռեստորանների կողմից: Այստեղ որոշակի նրբություն կա: Մոտ 2000 դրամ արժողությամբ այդ կտորը դնում են արտասահմանցի հաճախորդների սեղանին` ի նշան հարգանքի նրանց երկրի նկատմամբ: Վերջիններիս մոտ հայրենասիրության եւ ոգեւորվածության զգացում է առաջանում, եւ նրանք սկսում են ավելի շատ պատվիրել: Նման իրավիճակ է եղել Երեւանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում: Ֆինլանդացի հաճախորդների սեղանին մատուցողը Ֆինլանդիայի դրոշն է դրել, եւ ուրախացած եվրոպացիները որոշել են այդ օրը մի լավ կերուխում անել` խմելով հիմնականում Ֆինլանդիայի եւ Հայաստանի բարեկամության կենացը:

Եթե որեւէ պետություն փոխում է իր ազգային դրոշը, ապա հայ դրոշակագործները դրանից տեղյակ են: «Մենք հետեւում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին: Եթե մի տեղ դրոշի դիզայնի փոփոխության շուրջ բանավեճեր են ընթանում, մենք այդ մասին անմիջապես իմանում ենք»,- ասում է դրոշակներ պատրաստողը: Ի դեպ, նրա խոսքերով, շատ դեպքեր են եղել, երբ Հայաստանի դրոշի գույների շուրջ պատվիրատուի հետ հակասություններ են առաջացել: «Շատերի կարծիքով, մեր դրոշի նարնջագույնի եւ կապույտի փոխարեն պետք է լինեն ծիրանագույն եւ երկնագույն»,- ասում է դրոշակագործը: Սակայն նա հավաստիացնում է, որ դեռ 1918թ. դաշնակները հաստատել են հենց կապույտն ու նարնջագույնը, ինչը 1991թ., առանց փոփոխությունների, վերահաստատվել է:

Երբեմն տարբեր գերատեսչությունների ու կազմակերպությունների մոտ կարելի է հանդիպել սխալ կախված դրոշների: Դրանք պատրաստողները մեղավոր չեն: «Մենք ճիշտ ենք պատրաստում եւ ձողի վրա ամրացված` տալիս ենք պատվիրատուին: Հնարավոր է, որ հետագայում դրանք լվանալուց եւ արդուկելուց հետո սխալ են կախում»,- ասում է դրոշակագործը: Նրա խոսքերով, նման դեպքեր հաճախակի են պատահում հենց ՀՀ դրոշի հետ, քանի որ այդ դեպքում կախողը «համոզված» է, որ ինքը չի սխալվի: Նկատենք, որ որոշ երկրների դրոշները սխալ կախելու դեպքում մեկ ուրիշ երկրի դրոշ կստացվի, օրինակ` ռուսականն ու ֆրանսիականը:

Հ.Գ. Սեղանի դրոշների նվազագույն գինը սովորաբար 1300 դրամ է: Սակայն մեծ չափերի դրոշները, հատկապես դժվարությամբ պատրաստվողները կարելի է ձեռք բերել մոտ 100 դոլարով: