«Ներողություն, բայց ձեր ի՞նչ գործն է»

20/07/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հիշեցնենք, որ 80-ամյա Սոֆիկ տատն աղջկա եւ 2 թոռների հետ անտուն լինելու պատճառով հանգրվանել է Չարբախի շուկայի ետնամասում գտնվող նախկին տրամվայի եւ տրոլեյբուսի պարկում, որտեղ անգամ լույս ու ջուր չկա: Բանն այն է, որ արդեն քանի օր է, նրանց փորձում են այդ տարածքից դուրս հանել, եւ այլընտրանք չունենալու պատճառով` 80-ամյա այս կինը խնդրել է ինչ-որ կերպ բարձրաձայնել այս հարցը: Մեր այցելության ժամանակ Սոֆիկ տատն աղջկա՝ Սիլվայի եւ 2 թոռների հետ արդեն հայտնվել էր դրսում, ուր նրան շրջապատել էին «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները եւ պահանջում էին ազատել տարածքը: Ի դեպ, տրոլեյբուսի պարկի երկհարկանի կիսափուլ շինությունը, 1 տարուց ավելի է, ինչ հանդիսանում է «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի մասնավոր սեփականությունը: «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված այս ընտանիքին շենքից վռնդելը. «Նախ` իրենց ոչ ոք թույլ չի տվել այստեղ բնակվել: Ես մի օր եկա, տեսա` այս ծեր կինն այստեղ է մնում: Նա ասաց, որ տուն չունի, գնալու տեղ չունի, եւ խնդրեց որոշ ժամանակ մնալ, մինչեւ մնալու տեղ կգտնի: Դա ձմռանն էր, ասացի՝ լավ, մայրիկ ջան, հիմա ցուրտ է, մնա, մինչեւ գարնանը տեղ կճարես»,- պատմում է Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ հետագայում ծեր կինը նաեւ խորթ աղջկան ու թոռներին է բերել: 80-ամյա Սոֆիկ տատն այս մարդկանց խնդրում էր եւս 2 ամիս ժամանակ տալ իրենց` տուն ճարելու համար, սակայն, ինչպես նշեցինք, «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներն, արդեն 2 օր է, ինչ դռները դրսից փակել են նրանց առաջ: «Սա ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքն է: Մարդ կա` իսկապես անօթեւան է եւ ծածկ է ման գալիս, բայց մարդ էլ կա` առիթից օգտվում է եւ բնակարանը վաճառելով գալիս, ասում է՝ ինձ տուն տվեք այստեղից: Քաղաքում այդպիսի մարդիկ շատ կան, որոնցից մի մասն իսկապես աղետալի վիճակում է, իսկ մյուս մասը շահարկողներ են: Եթե իմ օրինական պահանջով դուրս չգան, բնականաբար, դիմելու ենք դատաիրավական ատյաններին, որ ազատեն մեր ընկերության տարածքը, որն ի պաշտոնե կոչված ենք պաշտպանելու»,- ասում է Ա. Պետրոսյանն, ով ի դեպ, մեր՝ «պատրաստվո՞ւմ եք կրկին շահագործել այս կառույցը» հարցը կոռեկտ չհամարեց, եւ ասաց՝ «Ներողություն, ձեր ի՞նչ գործն է` ինչ եմ անելու»: Նախկինում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող քաղաքային էլեկտրատրանսպորտի գույքը ներկայումս տնօրինում է «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, իսկ կրկին շահագործելու դեպքում, Ա. Պետրոսյանի հավաստմամբ, ամենայն հավանականությամբ, այն կլինի հոսանքի ենթակայան: Այն դեպքում, երբ տրամվայի եւ տրոլեյբուսի կիրառությունը գործածությունից դուրս են գալիս՝ Ա. Պետրոսյանի պատճառաբանությունը, թե շինությունը կրկին շահագործվելու է, հորինվածք է թվում: Հավելենք նաեւ, որ շենքի ներսում ամեն ինչ ավերված է, եւ որպես կառույց այն շահագործելն անհնար է: Մեր խոսակցությունը տեղի էր ունենում շինության մոտ եւ աղմուկից հավաքված մարդկանց ներկայությամբ, որն ընդհատեց հարակից տարածքի բնակիչներից մեկը: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք չե՞ն պատրաստվում այդ երկհարկանի շինությունը վաճառել, քանի որ այն իրեն հետաքրքրում է. «Գնել ցանկանալու դեպքում ո՞ւմ պետք է դիմեմ»,- Ա. Պետրոսյանից հետաքրքրվեց այդ բնակիչը: Ա. Պետրոսյանը մեր ներկայությամբ, բնականաբար, առուվաճառքից չէր խոսելու եւ փորձեց ինչ-որ կերպ «ցրել» խոսակցությունը: Սակայն ակնհայտ է, որ տրոլեյբուսի պարկի 400քմ տարածքով շինության հետագայում բնակելի տուն կառուցելու հարմարավետությունը շատերին է գայթակղում: Հիշեցնենք, որ Սոֆիկ տատն իր ընտանիքով ապրում է շինության փոքրիկ սենյակում, որը նախկինում հերթապահի սենյակն է եղել: Այն, որ տարածքը մասնավոր սեփականություն է, եւ սեփականատերը պահանջում է ազատել, միանգամայն տրամաբանական է, սակայն, եթե շինության հետ կապված ռեալ ծրագիր չկա, ապա ինչո՞ւ թույլ չտալ, որ այս թշվառ ընտանիքն այնտեղ մի որոշ ժամանակ էլ ապրի: Շինության պահակ Գրիգոր Կարապետյանն ասում է. «Ես համաձայն եմ տատիկին` որպես ինձ մայր, որպես ծնող` տանել իմ տուն պահել, բայց աղջկան ու թոռներին՝ ոչ: Մենք էս տատիկին ենք խղճացել, բայց խորթ աղջիկ ա հայտնվել 2 երեխեքի հետ: Կարող ա վաղը-մյուս օրն էլ ամուսին հայտնվի, հետո շատանան: Պետական լուծում պիտի լինի: Ես տատիկին կտանեմ իմ տուն, կպահեմ, թե չտանեմ՝ սրիկայի ծնունդ լինեմ: Որբ եմ մեծացել, հեր, մեր չունեմ, ճաշ, հաց կտամ, իմ երեխեքը տատիկ-պապիկի կարոտ են»: Ա. Պետրոսյանն էլ համարում է, որ Սոֆիկ տատը չարաշահել է ընկերության բարեհոգությունը, եւ առաջարկում է տան հարցում ակնկալիքներ ունենալ ոչ թե մասնավոր ընկերությունից, այլ պետությունից: «Պետությունը պիտի էս հարցը լուծի: Հազարավոր մարդիկ էս վիճակում են, էդքան անպետք շինություններ կան, թող պետությունը մեկը վերցնի, դուռ ու լուսամուտ դնի ու էդ անօթեւաններին ապրելու հնարավորություն տա»,- ասում է նա: Եվ, իրոք, պետությունը կարող էր, չէ՞, թույլ չտալ, որ այդ խարխլված շինությունը «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ձեռքն ընկներ: Կարող էր, չէ՞, մի 10 ընտանիքի այդ շենքում ապաստան տալ, որ այսօր 80-ամյա տատիկը նրանց ոտքերը չընկներ: Իսկ երեկ 80-ամյա Սոֆիկ տատը շվարած կծկվել էր փողոցում ու աչքերը լցնելով աղերսում էր թույլ տալ աղջկա եւ թոռների հետ մի որոշ ժամանակ էլ ապրել այդտեղ: «Գնալու տեղ չունենք: Էլի փողոցներում կմնանք: Երեխեքը մեղք են»,- ասում է ծեր կինը, ով ոչ մի կերպ չի հաշտվում կրկին փողոցում հայտնվելու մտքի հետ: