Հուլիսի 21-23-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնում է Մոսկվա: Բացի ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին մասնակցելուց, նա եւս մի անգամ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ: Հերթական հանդիպումը դարձյալ տեղի կունենա Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ: Ռուսաստանի առաջնորդը, ինչպես մեկ ամիս առաջ Պետերբուրգում, սիրալիր տվեց իր համաձայնությունը: Վրացի մի վերլուծաբան ճիշտ էր նկատել՝ իսկ ինչո՞ւ պետք է չհամաձայներ. Պուտինը Սահակաշվիլուն անվանում է հաճելի զրուցակից, սակայն ոչ մի հարցում բացարձակապես ոչ մի զիջման չի գնում:
Արդեն կասկածից վեր է, որ սա կլինի որեւէ հարցի եւ խոշորամասշտաբ «սառը պատերազմ» չսկսելու շուրջ համաձայնության գալու մասին նախագահների վերջին փորձը: Եվ սա` չնայած այն բանին, որ «սառը պատերազմն» արդեն վաղուց ընթանում է: Կողմերը վաղուց արդեն որեւէ առիթ բաց չեն թողնում միմյանց վատություն անելու համար: Ռուսաստանն առանց նախազգուշացման փակեց «Վերին Լարս» անցագրային կետը, թեեւ դրանով ավելի շատ դժվարություններ հարուցեց իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի, քան թե Վրաստանի համար: Իսկ Թբիլիսին հետ վերցրեց իր ստորագրությունը Ռուսաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կազմում ընդգրկելու համաձայնագրի տակից: Դրան ի պատասխան՝ Մոսկվան հայտարարեց տարածքային հակամարտությունները հակամարտող բոլոր կողմերի մասնակցությամբ լուծելու անհրաժեշտության մասին: Թբիլիսիում խորհրդարանի արտահերթ նիստ գումարեցին եւ ռուսական խաղաղապահների ներկայությունն ապօրինի հայտարարեցին: Մոսկվան ձեւացրեց, թե խորհրդարանի այդ որոշումն իրեն բացարձակ չի հուզում. «Խաղաղապահները կատարելու են իրենց գործը, հնարավոր է՝ շտկումներ մտցնելով իրենց ֆունկցիաների մեջ՝ հաշվի առնելով նոր հանգամանքները, եթե այդպիսիք առաջանան»,- ասաց ՌԴ ՊՆ Սերգեյ Իվանովը: «Դա արդեն բացահայտ բռնազավթում է»,- գոռացին Թբիլիսիում եւ հերթական անգամ դիմեցին միջազգային հանրությանը, որի առաջնորդները հավաքվել էին՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին: Այդ գագաթաժողովի ժամանակ Հարավային Օսեթիայում մի շաբաթ շարունակ ահաբեկչական գործողություններ էին տեղի ունենում, որոնք խլեցին ինչպես անջատողական պաշտոնյաների, այնպես էլ անմեղ երեխաների կյանքը: «Տեսնո՞ւմ եք՝ ի՞նչ է այնտեղ կատարվում: Ու նրանք դեռ պահանջում են խաղաղապահներին դուրս բերել»,- Ստրելնիում ասացին երկրների առաջնորդներին՝ ձեռքի հետ նկատելով, որ Վրաստանը գերզինված է եւ գրեթե ամեն ամիս խոշորամասշտաբ ռազմական մանեւրներ է անցկացնում, ասել է թե՝ պատրաստվում է ուժի միջոցով լուծել աբխազական եւ օսական հակամարտությունները: Հանուն արդարության ասենք, որ վերջին հայտարարության համար վրացական իշխանություններն առիթներ տալիս են: Նախ, ՊՆ նախարար Իրակլի Օքրուաշվիլին հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում միջազգային հանրության կարծիքը. կորցրած տարածքներ կան, եւ նպատակ կա դրանք հետ վերադարձնելու: Ապա եւ Սահակաշվիլին «Կովկասիոն-2006» խոշորամասշտաբ ուսումնավարժանքների հանդիսավոր փակման արարողության ժամանակ օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ երկիմաստ հայտարարեց, թե վրացական բանակին լուրջ քննություն է սպասվում: Ապա ավելացրեց, որ տարածքային խնդիրները լուծվելու են խաղաղ ճանապարհով, սակայն դրանով ընդամենն ավելի ընդգծեց իր նախորդ խոսքը: Իսկ Պուտինը «Մեծ ութնյակի» գագաթաժողովում այդ հայտարարությանը պատասխանեց, որ Հարավային Օսեթիայում խիստ լարված վիճակ է, որը ոչ մի կերպ չի թուլանում, եւ «հիշեց», որ այնտեղ ապրում են Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնց համար Ռուսաստանի իշխանությունները պատասխանատու են…
Ինչի՞ շուրջ կարող են համաձայնության գալ Սահակաշվիլին եւ Պուտինը` այսքան անհեռանկար պայմաններում: Դժվար թե որեւէ լուրջ բանի շուրջ: Չնայած ընդհանուր լեզու գտնելու ցուցադրական պատրաստակամությանը` իրականում ամեն ինչ այլ է. ոչ ոք պատրաստ չէ զիջումների, եւ ռանդեւուի միակ օգուտը կարող է լինել ռուս-վրացական հարաբերություններում լարվածության փոքր-ինչ թուլացումը, հարաբերություններ, որ վերջին շրջանում չափազանց վատացել են: Ընդ որում` գնալով ավելի ու ավելի քիչ «հաղթաթուղթ» է մնացել գլխավոր խաղացողների ձեռքին: Մոսկվան չենթարկվեց խաղաղապահներին օրենքից դուրս հայտարարելու եւ ԱՊՀ-ի կազմից դուրս գալու Թբիլիսիի սպառնալիքներին, եւ այժմ վրացական կողմին մնում է կամ խոսքից անցնել գործի, կամ «շարունակել ուսումնասիրել» նման գործողությունների պլյուսներն ու մինուսները: Իր հերթին Թբիլիսին արդեն վաղուց Մոսկվային հայտարարել է ոչ թե Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման միջնորդ, այլ դրա հակառակորդ եւ հակամարտությունների մասնակից: Եվ Մոսկվայի հայտարարությունները բանակցային գործընթացին իր առաքելության կարեւորության մասին խոշոր հաշվով հետաքրքրում են միայն Մոսկվային եւ միջազգային ասպարեզում զուտ սեփական համբավը պահպանելու փորձեր են: