Ղարաբաղում բարերարներն ակտիվանում են

20/07/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կարելի է ենթադրել, որ պարզապես սկսել են այդ բարերարների մասին ավելի հաճախակի խոսել ու նրանց հետ քննարկել երկրի տարբեր ոլորտներում առկա խնդիրները: Բարերարների հետ քննարկվել են հիմնականում Շուշիի վերականգնմանն ուղղված ծրագրերը, ինչի արդյունքում յուրաքանչյուրն իր հերթին որեւէ ծրագիր իրականացնելու կամ աջակցելու խոստում է տվել: Լուրջ քննարկումներ են ընթանում նաեւ Մարտակերտի շրջանի զարգացման ուղղությամբ: Եվ այս ամենը կատարվում է ոչ միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում: Շրջանում ներդրում կատարելու ցանկություն ունեն նաեւ առանձին անհատներ: Դրա վառ ապացույցը թերեւս ծնունդով Մարտակերտի շրջանի Վանք գյուղից հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի բարեգործություններն են: Նա շրջանում բացել է փայտամշակման կոմբինատ, ստեղծել հանգստի գեղեցիկ ու մեծ համալիր, լրիվությամբ կառուցել է Վանք գյուղից մինչեւ Գանձասարի վանք տանող ճանապարհը: Բացի այդ, նա բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել: Մեր տվյալներով, բոլորովին վերջերս նա Մարտակերտ քաղաքի մարզադաշտի վերանորոգման համար 100 հազար դոլար է տրամադրել, ինչպես նաեւ խոստացել է աջակցել Վանք-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը:

Ճանապարհների կառուցման ու պահպանման գործում մեծ ներդրում ունի նաեւ ամերիկահայ ձեռնարկատեր եւ բարերար Վահե Կարապետյանը, որին հուլիսի 15-ին ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Տեղեկացնենք, որ Վահե Կարապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Գորիս-Ստեփանակերտ եւ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղիների շինարարության համար ԱՄՆ-ում անցկացված հեռուստամարաթոններին: Նրա միջոցներով իրականացվում է նաեւ Գորիս-Ստեփանակերտ եւ Հյուսիս-Հարավ մայրուղիների սպասարկումը: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ բարերարը հայտնել է նաեւ Ամարասի վանական համալիրը Հյուսիս-հարավ մայրուղուն կապող հատվածի կառուցումը մոտ ապագայում սկսելու իր մտադրության մասին: «Նախագահը կարեւորել է ճանապարհային ցանցի ընդլայնումն ու մայրուղիների պահպանումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում եւ երախտագիտություն հայտնել Կարապետյանների ընտանիքին` Ղարաբաղում այդ ոլորտին բերած անգնահատելի ավանդի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արկադի Ղուկասյանն օրերս ընդունել է նաեւ ղարաբաղյան «Արցախ Ալկո» ՓԲԸ բաժնետեր Գեորգի Օգանյանին: Հիշեցնենք, որ ընկերությունը Ղարաբաղում ալկոհոլային խմիչքներ արտադրող երկու կազմակերպություններից մեկն է: Մյուս խոշոր արտադրողը «Ղարաբաղ Գոլդ» ընկերությունն է:

Նախագահի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան ապրանքների` արտաքին շուկաներում մրցունակության բարձրացման եւ ԼՂՀ-ից արտահանման ծավալների մեծացմանն առնչվող հարցեր: