Լավ տրամադրության մարտկոց

04/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար ամենամյա պայքար է սկսվում հատկապես Ամանորի օրերին։ Հեռուստաէկրանը վաղուց դարձել է ընտանիքի անդամներից մեկը, եւ եթե Նոր տարին տանն ենք դիմավորում՝ անպայման այն միացրած ենք թողնում, որպես ֆոն՝ ուրախ, աղմկոտ եւ երաժշտությամբ լեցուն։  
Պատվով ու շուքով դիմավորել Նոր տարին ուզում են բոլոր ալիքները։ Ամանորյա ծրագրերը հեռուստաընկերությունների համար ոչ միայն բարձր վարկանիշներ եւ հավակնություններ են նշանակում, այլ նաեւ՝ ամենամյա գլխացավանք։ Ստիպված ամեն տարի պետք է  ինչ-որ նոր բան հնարեն, եթե ոչ՝ բովանդակության, ապա գոնե՝ մատուցման ձեւի մեջ։ Բովանդակությունն անփոփոխ է մնում տարիներ շարունակ՝ երգ, պար, հումոր եւ անվանի մարդկանց շնորհավորանքներ, արված լավագույն եւ հնագույն ավադույթներով։ Ալիքները շատ են, իսկ դեղատոմսը նույնը՝ չնչին փոփոխություններով։ Հաճախ պատահում են եւ ամբողջովին զուգադիպումներ, կարծես սցենարը տարբեր ալիքներում նույն մարդն է գրում։ Իսկ մենք նայելու ենք՝ արագ-արագ ալիքները փոխելով եւ սպասելով խոստացված տոնական տրամադրությանը։ Եվ այսպես, ժամանակով ստուգված համերգ-պար-շամպայն են խոստանում «Հ1»-ը, «Հ2»-ը, «Կենտրոն»-ը, «ՀայTV»-ն եւ ուրիշները։ «Հ1»-ի համար հաղորդումներ են  պատրաստել նաեւ «Շարմը»՝ «Երեւան- Մոսկվա-Երեւան- տրանզիտ», որի ժամանակ կարելի է լսել ռուս երգիչների հայկական երգերի կատարումները եւ Երգի թատրոնը՝ դուետների համերգ, որի ընթացքում անուն ունեցող երգիչների հետ երգելու են սկսնակները, հատուկ այդ համերգի համար թարգմանվել է հայտնի ռուսական «5 րոպե» երգը։ «Շողակաթ»-ի հաղորդումները կպատմեն Սուրբ Ծննդի մասին, նաեւ այն մարդկանց մասին, որոնց աշխատանքի բնույթը ստիպում է Նոր տարին դիմավորել աշխատավայրում՝  տաքսու վարորդների, բժշկի, «լույսի մարդու»։ «Հ2»-ը նկարահանել է հեքիաթ-հումոր ժամանակակից Մոխրոտիկի մասին, գլխավոր պրոդյուսերի խոսքերով ասած՝ «ֆիլմատիպ բարի բան», իսկ «Երկիր-Մեդիան»՝ սակավաբյուջե գեղարվեստական ֆիլմ։ «ԱԼՄ»-ում ողջ Նոր տարվա գիշերը երգելու են ինքնուս «ադամանդները»։
Հեռուստատեսությունը բնական եւ անկեղծ հաղորդումների կարիք ունի, եւ հենց Ամանորին դրանց բացակայությունն առավել է նկատվում։ Ամենաջերմ եւ խորհրդավոր այս տոնի օրերին ամեն մի անբնական ու կեղծ երանգ միանգամից աչք է ծակում։ Որոշ ալիքներ ցանկանում են գաղտնի պահել իրենց նախագծերը եւ հաղորդումները նախապես չեն գովազդում։ «Յուրահատուկ բան» է պատրաստում «Արմենիան», սակայն չի ուզում ասել, թե ինչ։ Կա մեկ այլ տոնական հեռուստաքաղաքականություն՝ որեւէ արտասահմանյան հաղորդում ցուցադրելու իրավունք ձեռք բերել, որը եւ կկիրառի «Շանթը»։
Ռուսական ալիքները հիմնականում պատրաստել են մյուզիքլներ։ Առաջին ալիքով կարելի է նայել «12 աթոռ»-ը՝ Ֆոմենկո-Բենդերի հետ եւ ըստ Գոգոլի՝ «Սորոչինյան տոնավաճառը» դեռեւս մոդայիկ համարվող Սերդյուչկայի ու «ՎիաԳրա»-յի մասնակցությամբ։ «Ռոսիա» ալիքը կցուցադրի «Երեք հրացանակիրները», որում բացի Դ՛ Արտանյանից՝ մյուս հրացանակիրների դերերը կկատարեն կանայք, իսկ նրանց ուսուցիչը կլինի Արմեն Ջիգարխանյանը։
Ամանորյա եթերից հաճախ բողոքում ենք, կարծես նոր տարում նոր երջանկության սպասումը կապված է հեռուստաէկրանի եւ նրա հատուկ ծրագրերի հետ։ Էկրան կա, սակայն երջանկություն չկա։ Արհեստական տոնածառների փայլով ողողված, արհեստական ձյան կիլոգրամներով ծածկված եթերում լինելու են մեր բոլոր սիրելի եւ ծանոթ դեմքերը: Հինգ մատի պես գիտենք՝ ինչ են ցուցադրելու։ Եվ միեւնույն է, ամեն տարի սպասում ենք ինչ-որ յուրահատուկ եւ պայծառ լավի։