Այս հոգեմաշ տոթ օրերին ինչպես Մոսկվայի, այնպես էլ Հայաստանի բնակչությանը Երեւանի քաղաքապետարանը միջոցառումներով հագեցած օրեր է խոստանում: Քաղաքապետարանում կայացած երեկվա ասուլիսի հյուրն առեւտրի եւ սպասարկման, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Արման Սահակյանն էր: Նա տեղեկացրեց, որ ՌԴ-ում հայտարարված Հայաստանի տարվա կապակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների թվում հուլիսի 9-ին Երեւանի քաղաքապետարանը եւ Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը ՌԴ-ում ՀՀի դեսպանության աջակցությամբ կազմակերպեց ծիրանի եւ դուդուկի փառատոն, որը կայացել է Մոսկվայի կենտրոնական` «Էրմիտաժ» կոչվող այգում: 70 հոգուց բաղկացած պատվիրակությունում ընդգրկված են եղել Ավան, Նոր Նորք եւ Արաբկիր թաղապետարանների ներկայացուցիչները, ինչպես նաեւ` բազմաթիվ արտիստներ: «Միջոցառմանը մասնակցում էին Մոսկվայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ, բնականաբար, մեր դեսպան Արմեն Սմբատյանը»,- նշեց փոխքաղաքապետն՝ ավելացնելով, որ այս տարի Մոսկվայում կկայանա նաեւ Երեւանի օրերին նվիրված մշակութային միջոցառումների շարքը: Նավստահեցրեց, որ լինելու են բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ հուշաքաղաքի բացման արարողություն, «Ոսկե նուռ» ամենամյա փառատոն եւ գալա համերգ, որը տեղի կունենա Մոսկվայի բարձրակարգ մշակութային օջախներից մեկում՝ «Նոր օպերայում»: «Այնտեղ կկայանա նաեւ մեր «Նեվի բենդ» խմբի համերգն Արտո Թունչբոյաջյանի գլխավորությամբ»,- տեղեկացրեց նա: Մոսկվայից զատ, Հայաստանում սեպտեմբերի 21-ին մեծ շուքով նշվելու է անկախության տոնը, ինչի առթիվ նախապատրաստվում են հետաքրքիր միջոցառումներ: Բացի քաղաքի կենտրոնական մասերից, միջոցառումներ են լինելու նաեւ թաղային համայնքներում: Հոկտեմբերի առաջին շաբաթվա մեջ տեղի կունենան «Երեւանի օրերին» նվիրված տոնակատարությունները, որին, ի դեպ, կհրավիրվեն բոլոր համայնքների քույր քաղաքների պատվիրակությունները: Ինչպես նշեց Ա. Սահակյանը, ներկայումս սցենարային եւ տեխնիկական աշխատանքների նախապատրաստական աշխատանքներն են կատարվում: