Այգեպար եւ Ալիբեյլի. բարյացակամ հարեւաններ, որոնք դուշման են դարձել

20/07/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սակայն երկու պետությունների սահմանագծում գտնվող հայկական Այգեպարն ու ադրբեջանական Ալիբեյլին կարծես տարբեր մոլորակներ լինեն: Երկու գյուղերի բնակիչների միջեւ պատերազմը երկար չի տեւել, սակայն մարդիկ իրենց սրտերում կրել են եւ մինչ օրս էլ կրում են այդ պատերազմի հետքերը:

Ֆիլմերի նկարահանումը ֆինանսավորել են «Կաթոլիկ օգնության ծառայություններ» (CRS) հայկական մասնաճյուղը, «Հայկական Կլոր սեղան հիմնադրամը» եւ Նիդեռլանդների «Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպությունը»: Հայկական ֆիլմը նկարահանել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը (ռեժիսոր Արա Շիրինյան), իսկ ադրբեջանական ֆիլմը նկարահանել է Ադրբեջանի «Ինտերնյուզ» կազմակերպությունը (ռեժիսոր Այազ Սալաեւ): Երկու ֆիլմերում էլ պահպանվում է մեկնաբանություններ եւ կադրից դուրս տեքստ չտեղադրելու պայմանը: Բնակիչներն իրենք են խոսում իրենց կյանքի մասին եւ հիշում ոչ վաղ անցյալը, երբ հաշտ ու համերաշխ ապրում էին Սովետական Միություն կոչվող կայսրությունում: Կրոնը եւ սովորույթները շփմանը չէին խանգարում:

«Իրար տուն հյուր էինք գնում, հայերը մեզ էին փող պարտք, մենք` հայերին»,- հիշում է ադրբեջանցին: Այգեպարի ուսուցչուհին չի կարող վերհիշել, թե կոնկրետ ինչի՞ց սկսվեց երկու գյուղերի բնակիչների թշնամանքը. «Էդ թշնամությունը որտեղի՞ց եկավ ու մեր գլխին փաթաթվեց, չգիտեմ…»: Նույնն էլ ասում են Ալիբեյլի գյուղի գյուղացիները. «Մենք լավ բարեկամներ էինք, հայերի մոտ հարսանիքների, թաղումների էինք գնում: Լավ ընկերներ ունեինք: Հիմա հայերը մեզ անընդհատ կրակում են»:

Իրականում հիմա էլ, երկու պետությունների անկախացումից հետո, 14 տարի տեւող հակամարտության պայմաններում գյուղերի բնակիչների խնդիրները եւ սպասելիքները նույնն են, երկու գյուղերն էլ հոգնել են պատերազմից, անապահով կյանքից եւ անորոշ ապագայից: Նրանք գիտեն, որ հակամարտությունը շատ է դժվարացրել կյանքը, սակայն երկու գյուղերում էլ ելք չեն տեսնում: «Երկու կողմերն էլ շատ արյուն են թափել, դժվար թե կարողանանք դա մոռանալ»,- գրեթե այսպես են ասում եւ հայերը, եւ ադրբեջանցիները: Մեծահասակները հիշում են հարեւան գյուղի իրենց ընկերներին եւ «թշնամու» հետ կապեր վերականգնելու գաղափարին շփոթմունքով եւ զգուշավոր են նայում: Վախենում են: Իսկ ավելի երիտասարդ սերունդը, որը պատերազմից հետո է ծնվել եւ աղոտ պատկերացում ունի անցյալ տարիների մասին, կրկնում է համագյուղացիների բառերն ու հետեւում նրանց ասածներին: Ֆիլմերի դիտումից հետո հստակ է դառնում, որ ադրբեջանական մոտեցումն ավելի մարտական է: Ալիբեյլիում ապրող երեխաները միաբերան ասում են. «Հայը թշնամի է, դուշման»: Նրանք «կռիվ-կռիվ» են խաղում, եւ թշնամու դերում հայն է. «Մենք վախենում ենք հայերից, նրանք ամենուրեք են եւ միշտ պատրաստ են կրակելու»: Հայ երիտասարդներն ավելի լոյալ են, նրանք ադրբեջանցիների մասին անտարբերությամբ են խոսում: «Մենք զգացինք, որ հայ երիտասարդների համար ադրբեջանցիները կարծես այլմոլորակային լինեն»,- ասում է Տ.Պասկեւիչյանը: Այս կետը, թերեւս միակ տարբերությունն է: Մնացած բոլոր տեսակետները նույնն են, ոչ հայերին, ոչ էլ ադրբեջանցիներին հակամարտությունը պետք չէ:

Ալիբեյլիի եւ Այգեպարի բնակիչները նշում են, որ թշնամանքի պատճառով քայքայվել է իրենց կենցաղը, կանգ են առել արտադրություններն ու երկու գյուղերի միջեւ իրականացվող առեւտուրը, միրգն ու բանջարեղենն այլեւս իրար վաճառել չեն կարող: «Վախենում ենք շատ անասուններ պահել: Հայերը սկսում են կրակել, ես վախից տանն եմ նստում, իսկ կովս սոված է մնում»,- ասում է ալիբեյլիցին: Իսկ Այգեպարի բնակչուհին ցույց է տալիս տանկերի արկերից քանդուքարափ եղած իր տունը: Հակամարտության վկաների եւ անմիջական զոհերի կարծիքներն ու մտքերը իրար են հյուսվում, պատկերացում տալով հանդիսատեսին` թե ինչով են ապրում այդ երկու կորած-մոլորած գյուղերի բնակիչները, որոնցից շատերը ծայրաստիճան հուսալքված եւ աղքատ են ապրում: Ֆիլմերում չկան ծրագրված ու ելք մատնանշող ճանապարհներ, ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ եւ սառնասիրտ, եւ կարեկից հայացք նետել սահմանամերձ հարեւան գյուղերի կյանքին:

Հնարավոր երկխոսություն

Այս երկու 25-րոպեանոց ֆիլմերն իրարից անջատ չեն ցուցադրվում, քանի որ դրանք մեկ խնդիր դիտարկող երկու հայացքներ են: Հայացքներ, որոնք կարող են եթե ոչ լիարժեք երկխոսության սկիզբ լինել, ապա գոնե` այդ երկխոսությունը խթանող կամուրջ կառուցել: «Մենք աշխատում ենք ամեն ինչ սիմետրիկ անել: Նույնիսկ հեռուստատեսությամբ չենք ցուցադրում, քանի որ նույնը չեն կարող անել ադրբեջանցիները»,- ասաց Տ.Պասկեւիչյանը: Ֆիլմերի ցուցադրումներին` որպես կանոն, հետեւում են քննարկումները: Եվ երբեք թեման եւ արձագանքները միանշանակ չեն լինում: Եղել են եւ ագրեսիվ, եւ ըմբռնող արձագանքներ: Ուշագրավ է, որ ամենահետաքրքիր եւ թեժ քննարկումը եղել է Հայաստանի «Ինտերնյուսում» ղարաբաղցի երիտասարդների մասնակցությամբ: Ղարաբաղցիները լավ գիտեն, թե որտեղ է բարեկամության եւ թշնամանքի սահմանագիծը:

Դժվար է մարսել ադրբեջանցի երեխայի «Հայերը մեր դուշմաններն են» կամ ադրբեջանցի տատիկի «Թող ետ տան մեր հողերը» բառերը: Սա է իրողությունը, որը փորձում է վերլուծել Այգեպարի բնակչուհիներից մեկը. «Նրանք մեր որդիներին են սպանել, ինչպե՞ս կարող ենք դրա հետ հաշտվել: Դարեր պիտի անցնեն, նույնիսկ ոչ թե տարիներ` այլ դարեր»: «Անիծյալ լինի պատերազմ հնարողը: Եթե խաղաղություն հաստատվեր, ես միայն ուրախ կլինեի»,- ասում է ադրբեջանուհին: «Վերջիվերջո, պատերազմները մի օր ավարտվում են: Սա էլ կվերջանա, հո անվերջ տեւել չի՞ կարող»,- ասում է ադրբեջանցի գյուղացին:

«Այն հեռավոր հարեւան գյուղը» ընդհանուր խորագիրը կրող երկու ֆիլմերը ցուցադրվեցին նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված «Ռեժիսորներ առանց սահմանների» սեմինարի ընթացքում: Եղավ քննարկում, որին մասնակցեցին CRS-ի Կովկասյան ճյուղի գրասենյակի նախագահ Ռիչարդ Հոֆմանը, հայ եւ ադրբեջանցի լրագրողները: Բաքվից Երեւան ժամանած լրագրող Ալեքպեր Ալիեւը հարցրեց. «Ես ինձ վիրավորված եմ զգում: Մինչեւ ե՞րբ երկու ազգերը բանակցություններ պետք է անցկացնեն ամերիկացի կամ եվրոպացի միջնորդների օգնությամբ»: Սակայն ոչ Ա. Ալիեւը, ոչ էլ որեւէ հայ լրագրող Ռ. Հոֆմանի՝ «Իսկ դուք պատրա՞ստ եք ինքնուրույն բանակցություններ վարել» հարցին պատասխանել չէր կարող:

Երկխոսության խթանմանն ուղղված քննարկումները ֆիլմերի պատվիրատուներին եւ հեղինակներին մտորելու շատ առիթներ են տվել: «Բոլորն էլ կարեւորում են այս ֆիլմերի դերը, հասկանում են, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն կողմերից եւ ոչ մեկը չի ուզում առաջին քայլն անել: Ոչ ոք պատասխանատվությունն իր վրա վերցնել չի ցանկանում»,- ասաց Տ.Պասկեւիչյանը: «Ծրագիրն իր շարունակությունը կունենա այն ժամանակ, երբ գյուղերի բնակիչներն իրար էկրանին կտեսնեն»,- ասաց Ռ.Հոֆմանը: Ֆիլմերն անպայման կցուցադրվեն Այգեպարում եւ Ալիբեյլիում: Հնարավոր է, որ նախկինում իրար տուն հյուր գնացող եւ հյուրերին իրենց տանն ընդունող երկու ազգերի ներկայացուցիչները կճանաչեն իրար, կվերհիշեն անցյալը եւ ինչո՞ւ ոչ` հանկարծ կորոշեն վերականգնել երբեմնի կապերը: Գուցեեւ այսքան անհրաժեշտ երկխոսությունը հենց նրանք էլ կսկսեն:

Հ.Գ. Ադրբեջանցի կինոռեժիսոր Այազ Սալաեւը երբեք չի համագործակցում պետական կառույցների հետ, աշխատում է ֆիլմի ֆինանսավորումն անկախ աղբյուրներից ստանալ: Նա հրավիրված էր այս քննարկմանը, սակայն չեկավ: Մինչդեռ, նրան այստեղ սպասում էին: