Հանձնվեցին «Ոսկե ծիրան»-ի կինոմրցանակները

20/07/2006

Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, եւ հայտնի դարձան հաղթող ֆիլմերի անունները: Փառատոնի ժյուրին իր մրցանակները հանձնում է միայն ֆիլմերի ռեժիսորներին, քանի որ փառատոնի սկզբունքներից մեկը հեղինակային ֆիլմերի խրախուսումն է: «Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել թայվանցի ռեժիսոր Հու Սյաո-սյենի «Երեք ժամանակ» ֆիլմը, որը երեք նովելներից բաղկացած սիրային պատմություն է: «Միջազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգում լավագույնը համարվեց ավստրիացի վավերագրող Միխայել Գլավոգերի «Աշխատավորի վախճանը» ֆիլմը, որի հիմքում Դոնբասի հանքափորների, ինդոնեզական ծծմբահանքերում եւ նիգերական սպանդանոցներում աշխատողների դժվարին կյանքն է: «Հայկական համայնապատկեր» ծրագրում հաղթող է ճանաչվել երեւանցի ռեժիսոր Հրանտ Հակոբյանի «Մոռացված կղզիների բնակիչները» ֆիլմը, որի հերոսները մեր կողքին ապրող, սակայն աննկատ ու դժվար կյանք վարող օտարականներ են հիշեցնում, որոնք լուսավոր քաղաքի ամենամութ անկյունում են գտնվում: Եղան նաեւ հատուկ մրցանակներ: Ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը եւ իսպանացի ռեժիսոր Իսակի Լակուեստան հատուկ պարգեւների արժանացան «Ուղեւորություն դեպի Հայաստան» եւ «Ժամանակի լեգենդը» խաղարկային ֆիլմերի համար: Հատուկ մրցանակներ ստացան շվեդ վավերագրող Գունար Բերգդալը` «Անատոլի եւ Լյուդմիլա»` Չեռնոբիլի աղետի հետեւանքների մասին պատմող ֆիլմի համար, եւ բրազիլացի վավերագրող Մ. Պրադուն՝ «Էստամիրա» ֆիլմի համար: