Մթնշաղ է: Համբուրգյան զբոսայգու լռության մեջ լսվում է Սուսաննա Կենտիկյանի մեղմ ձայնը: Կարմրավուն լապտերների լույսի ներքո տեսանելի են միայն նրա ձեռքերը, որոնք մերթ ընդ մերթ վեր են բարձրանում հուզմունքից, իսկ խոշոր աչքերը կայծկլտում են: Սուսաննա Կենտիկյանը Համբուրգ քաղաքի բազմակի չեմպիոն է բռնցքամարտի թեթեւ քաշային կարգում: 2004 թվականին նա դարձավ միջազգային կարգի սպորտի վարպետ: Այժմ նա իր ուժերը փորձում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասպարեզում: «Ես միշտ էլ ձգտել եմ լինել ուշադրության կենտրոնում,- ասում է նա: – Միշտ էլ ցանկացել եմ, որ մարդիկ տեսնեն ինձ ու ասեն` տեսեք, նա գործից բան է հասկանում: Բայց մտքովս անգամ չէր անցնում, որ դա այս կերպ՝ բռնցքամարտի բնագավառում պետք է լիներ: Իսկ այն, որ հաջողության կհասնեմ՝ չեմ համարձակվել անգամ երազել»:
Սուսաննա Կենտիկյանն ութ տարեկան էր, երբ սկսեց բռնցքամարտով զբաղվել: Նրա եղբայրը, Միխայելը, որ նրանից մեծ է մի քանի տարով, հերթական մարզումներից մեկին իր հետ վերցրեց քրոջը: Այդ օրը մարզիչը ռինգ կանչեց Սուսաննային` փորձիր, ինչո՞ւ ոչ, խրախուսեց նա: «Այդ ժամանակ հասկացա, որ սա է իմ կոչումը»,- հիշում է Սուսաննան: 1 մետր 55 սանտիմետր հասակով եւ 50 կգ քաշով նա 13 տարեկանի տպավորություն է թողնում: Միայն նրա պահվածքն է հուշում, որ 18 տարեկան է` ոտքը ոտքին է գցել, խոսում է կիրթ, հագին շրջազգեստ է, եւ աչքերը ներկած են:
Անցյալն է, որ կերտում է մեզ եւ դարձնում այն, ինչն այսօր ենք: Սուսաննա Կենտիկյանը դժկամությամբ է հիշում իր անցյալը: Նա չափահաս դարձավ` չապրելով իր մանկությունը: Երբ ութ տարեկան էր, մայրը հոգեկան հիվանդություն է ստանում, իսկ հայրը գործազուրկ էր: Դպրոցի ժամերից դուրս նա ստիպված էր աշխատել` ընտանիքը պահելու համար: Մոր խնամքն էլ իր վրա էր:
Կենտիկյանների ընտանիքը 1992 թվականին մեկնում է Գերմանիա՝ այնտեղ ապաստան գտնելու ակնկալիքով: Գերմանիայում նրանք հանդիպում են բազմաթիվ դժվարությունների եւ չկարողանալով հարմարվել փախստականի կյանքին, ընտանիքը որոշում է մեկնել Մոլդովա: Բայց այնտեղ ավելի վատ սոցիալական պայմաններում հայտնվեցին, նույնիսկ անկարող էին հայթայթել մոր համար անհրաժեշտ դեղամիջոցները: «Մոլդովա գնալը մեծագույն սխալ էր»,- թախիծով ասում է Սուսաննան: Կրկին Գերմանիա վերադառնալուց հետո նրանք մոտ մեկ ու կես տարի ստիպված էին ապրել փախստականների համար նախատեսված նավի վրա, ապա փախստականների հանրակացարանում` չորս հոգով կիսելով մեկ սենյակ, մշտապես հետ ուղարկվելու սպառնալիքի տակ: Հայրը, եղբայրը եւ Սուսաննան սկսում են կատարել բազմաթիվ աշխատանքներ, որպեսզի փոքր-ինչ բարելավեն իրենց կենսապայմանները: «Մոտ մեկ ու կես տարի այդպես քարշ եկանք: Տանը միմյանց գրեթե չէինք հանդիպում: Միայն գիշերը բոլորս հոգնած տուն էինք գալիս, քնում էինք, եւ հաջորդ օրը նույնը նորից էր սկսվում»,- հիշում է Ս. Կենտիկյանը:
Չնայած ընտանեկան պրոբլեմներին, Սուսաննան հաջողություններ էր արձանագրում սպորտում: 25 սիրողական մարտից 24-ը նա ավարտել է հաղթանակով: 11 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասնակից է, չունի ոչ մի պարտություն, իսկ իննում վաղաժամ հաղթանակ է տարել: Այս տարվա սկզբից նրա հետ պայմանագիր է կնքել Բռնցքամարտի Համբուրգյան մի հովանավոր:
Վերջին 10 տարիներում շատ բան է փոխվել նրա կյանքում: Մայրը գտնվում է հոգեբուժարանում եւ տեսակցում է ընտանիքի անդամներին շաբաթը մի քանի անգամ: «Այդպես լավ է բոլորիս համար: Տանը նա նեղվում էր, քանի որ բնակարանը փոքր է: Իսկ այնտեղ պայմանները լավ են, եւ նա լավ է զգում իրեն»,- ասում է Սուսաննան: Նա վերջերս ավարտեց դպրոցը եւ նպատակ ունի առավել ինտենսիվ զբաղվել բռնցքամարտով: Նա երազում է դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն: Հուլիսի 25-ին Սուսաննան պաշտպանելու է միջազգային կարգի սպորտի վարպետի տիտղոսը: «Ի՞նչ ասեմ, կյանքն այնպես է, որ մեկ լավ ժամանակներ են լինում, մեկ էլ դրանց հաջորդում են վատ ժամանակները: Բայց երբ ես բռնցքամարտում եմ, երբ հաջողություն եմ ունենում, ապա ամեն ինչ թվում է գեղեցիկ, եւ ես ինձ երջանիկ եմ զգում, ուրախանում եմ ընտանիքիս հետ միասին: Իսկ երբ անհաջող ժամանակն է գլուխ բարձրացնում, եւ երբ թվում է, թե այլեւս ելք չկա, փակում եմ աչքերս եւ սկսում աղոթել: Դա հանգստացնում է ինձ եւ ուժ տալիս»,- ասում է 18-ամյա Սուսաննան: