Միրգ

20/07/2006

Քաղցրեղենի չարաշահման դեպքում կարող է շատանալ խոլեստերինի քանակը, որը հանգեցնում է աթերոսկլերոզի։ Մրգերի, հատապտուղների մեջ եղած բուսաշաքարները եւ ածխաջրերը նման ազդեցություն չեն թողնում։

Չի կարելի կտրականապես հրաժարվել շաքարից, մտածելով, որ այն վնասակար է: Միայն շաքարի չափից ավելի օգտագործումն է վատ ազդում օրգանիզմի նյութափոխանակության վրա: Օրական 50-70 գ շաքարը օրգանիզմի համար համարվում է նորմալ:

Խստիվ արգելվում է շաքար օգտագործել ճարպակալումով, շաքարախտով հիվանդներին: Նրանց խորհուրդ է տրվում օգտագործել շաքարին փոխարինող քսիլիտ, սորբիտ:

Աշնանը հավաքել առողջ տանձերն ու խնձորները, դասավորել հատակն ու կողքերը թղթապատված փայտե արկղերի մեջ (որպեսզի օդ չթափանցի) եւ պահել բարձր խոնավություն (60 – 70 %) ու ցածր ջերմություն (0օ-ին մոտ) ունեցող նկուղում: Նկուղը հաճախակի պետք է օդափոխել:

Թառամած խնձորները կստանան իրենց նախկին տեսքը, եթե մի քանի ժամ թողնեք սառը ջրի մեջ:

Մրգերը կարելի է չորացնել թե՛ արեւի տակ եւ թե՛ ստվերում: Դրանք ավելի արագ չորանում են արեւի տակ, իսկ որակը երկու դեպքում էլ նույնն է:

Արյան մեջ խոլեստերինի կուտակումից խուսափելու համար պետք է հրաժարվել հիվանդության առաջացմանը նպաստող սնունդից (կենդանական ճարպեր, յուղոտ միս, շաքար, քաղցրեղեն): Բացի այդ պետք է օգտագործել այնպիսի սննդամթերք, որն օրգանիզմից վերացնում է խոլեստերինը: Դրանցից են խնձորը եւ այլ մրգեր, որոնք հարուստ են պեկտինով:

Խնձորի մասին ասում են, որ այն նման է «ավելի» եւ «ավլում է աղիները»: Օրական երկու խնձորը տալիս է 15 գ պեկտին, իսկ դա բավական է, որպեսզի այն կատարի «ավելի» իր դերը եւ խոչընդոտի սկլերոզի առաջացմանը:

Չորացնելու համար անհրաժեշտ է վերցնել լրիվ հասունացած պտուղներ: