Այսօր բոլորս, բան ու գործ թողած, քննարկում ենք Թուրքիայի Եվրամիություն մտնել-չմտնելու հարցը: Մի մասը կուրծքը ծեծելով այս ու այն ամբիոնից գոռում է, որ Թուրքիան անպայման պետք է մտնի Եվրամիություն, իսկ մյուս մասն իրեն կոտորելով հակառակն է ապացուցում: Այս պարագայում ես միայն կարող եմ հիշել իմ ուսուցիչներից մեկի թեւավոր խոսքը. «Պարոնայք ՀՀՇ-ականներ եւ ընկեր դաշնակցականներ, ձեր կարծիքը Եվրամիությանը հետաքրքրում է այնքան, ինչքան շնաձկանը՝ անձրեւանոցը»:
Ավելի լավ է խոսենք մեր մասին, հատկապես, որ վերջին շրջանում, ինչքան էլ դա ծիծաղելի հնչի, տարբեր շրջանակներում ակտիվացել են խոսակցությունները Հայաստանի` Եվրամիությանը անդամակցելու շուրջ: Եվ այսպես. ինչպե՞ս ենք մենք ուզում մտնել Եվրամիություն: Բնականաբար, քանի որ մենք հայ ենք, իսկ Հայաստանում ապրում է 3 մլն-ից ավելի հայ (սուտ է, բայց պաշտոնական տվյալ է), հետեւաբար այս հարցն ունի 3 մլն-ից ավելի, իսկ ավելի ստույգ՝ 2 մլն-ից ավելի պատասխան: Բայց մենք կանդրադառնանք ամենահետաքրքիրներին։
Եվ այսպես, ինչպե՞ս ենք մենք ուզում մտնել Եվրամիություն.
1. Հանելով մեր կոշիկները, որպեսզի չկեղտոտենք նրանց նոր լաքած հատակը:
2. Խաբելով հարիֆ եվրոպացիներին:
3. Կլոնավորելով Արթուր Բաղդասարյանին, որպեսզի ֆրանսիացիները տեսնեն, որ Հայաստանում իրենից շատ կա ու մեզ թույլ տան մտնել իրենց տուն:
4. Պատգամավորների մականունները եվրոպականացնելով, օրինակ՝ Garzu, Doddy, Germany եւ The Life այլն:
5. Պահպանելով ազգայինը՝ ինտեգրվել Եվրոպային, օրինակ Յեժի Յասկերնիայի գրքի շնորհանդեսից հետո նրան տանել խաշի, որտեղ խաշի ու խորովածի արանքում՝ նրան մի թայլա նարդի կրվել:
6. Բացատրելով մեր հայրենակիցներին, որ աշխարհը դոլարով չի վերջանում, եւ որ գոյություն ունի նաեւ եվրո (կուզենք՝ դրա կուրսն էլ կգցենք, մեր ձեռքը չի՞):
7. Բացատրելով եվրոպացիներին, որ երբ մենք քաղաքակիրթ էինք, իրենք վայրենի էին, եւ իրենք չէ որ պիտի ասեն՝ մեզ մոտ ընտրությունները նորմա՞լ ա անցնում , թե՞ չէ:
8. Հասկացնելով Սադոյանին, Գեղամյանին ու դաշնակներին, որ ամեն ինչի հինը չէ, որ լավ ա, մեկ-մեկ հնից նամշած հոտ ա գալիս (կամ նաֆթալինի, ըստ ճաշակի):
9. Շատ պարտքեր վերցնելով ոչ թե ամերիկացիներից ու ռուսներից, այլեւ եվրոպացիներից, որից հետո կյանքի կոչելով «Գույք՝ պարտքի դիմաց-2» ծրագիրը:
10. Եվ, վերջապես, Եվրամիություն մտնելու ձեւերից է Copy- Paste տարբերակը (սա առավել ինտելեկտուալների համար է):
Սա այսպես կոչված տարբերակների լավագույն տասնյակն է: Իհարկե, հարգելի ընթերցող, Դուք իրավունք ունեք չհամաձայնել այս տարբերակների հետ եւ առաջարկել Ձեր տարբերակները: Դա Ձեր սահմանադրական իրավունքն է: Մեր պետությունը վաղուց արդեն ժողովրդավարական է, ուր յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատություն, եւ ես չեմ կարող չհամաձայնել այս դրույթի հետ, քանզի ժողովրդավարական Եվրոպան դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ, ասենք, ԱԼՄ-ի նման ժողովրդավարական կառույց ստեղծի, որտեղ ոչ միայն խոսքի, այլ նաեւ երգի ազատություն է, կամ, ասենք, մեր խորհրդարանի նման խորհրդարան ունենա, որտեղ ոչ միայն ինչ ուզում մտածում են, այլեւ՝ ինչքան էլ ուզեն՝ չեն կարողանում մտածել, հատկապես ժողովրդի մասին:
Մի խոսքով, եվրոպական արժեքները ոչ միայն մուտք են գործել Հայաստան, այլեւ բավականին լայն տարածում են ստացել Շենգեն վիզայի, գեյերի եւ թուրքական ապրանքների տեսքով.. Առայժմ:
Եվ այսքանի հետ մեկտեղ, լինելով տարածաշրջանի ամենազարգացած «երկիր-մեդիան», ես համոզված եմ որ հայերի այս սերունդն արդեն ապրելու է Եվրամիության կազմում: