ՀՀԿ-ականների սիրտը տեղն ընկավ

16/07/2006

Սերժ Սարգսյանը չսպասեց հուլիսի 22-ին կայանալիք ՀՀԿ արտահերթ համագումարին եւ երեկ արդեն Հանրապետականին անդամագրվելու մասին դիմում է ներկայացրել: Սակայն, ըստ ՀՀԿ-ականների, Սերժ Սարգսյանն այդ կարեւոր հայտարարությունը պետք է աներ հենց համագումարի ժամանակ, որն էլ լինելու էր ՀՀԿ արտահերթ համագումարի հիմնական մեխն ու նպատակը: Բայց այս հանգամանքն արդեն իսկ հետաքրքիր է. փաստորեն, Ս. Սարգսյանի նման անակնկալ հայտարարությունը, ինչն անակնկալ էր նաեւ ՀՀԿ-ի համար, ապացուցեց, որ իրականում ՀՀԿ-ում էլ տեղյակ չէին, թե երբ եւ որտեղ է Սերժ Սարգսյանը հայտարարելու դրա մասին, կամ՝ ի վերջո՝ նման հայտարարություն անելո՞ւ էր, թե՞ ոչ:

Ի դեպ, Ս. Սարգսյանը երեկ անդրադարձել է նաեւ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին շրջանառվող լուրերին՝ ասելով, թե դրանք մտացածին խոսակցություններ են: Նա պատասխանել է նաեւ իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հարցին, ասելով, թե դա կորոշվի 2007թ. ԱԺ ընտրությունից հետո: «Ինչո՞ւ ոչ, եթե ՀՀԿ-ն ընտրությունից հետո ունենա հասարակության աջակցությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Վերջինս անհավանական է համարել խորհրդարանի արտահերթ ընտրությունները: Ինչ վերաբերում է որոշ գործարարների` իր անձի հետ հույսեր կապելուն, ապա Ս. Սարգսյանը դա համարել է բնական: