Շնորհավոր

16/07/2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ տիկին Բելա Քոչարյանը երեկ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Ի դեպ, երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին «Մոսկվա» կինոթատրոնում դիտում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրում ընդգրկված «Ուղեւորություն դեպի Հայաստան» խաղարկային ժապավենը: Վերջինս նկարահանվել է 2005թ. ամռանը մարսելահայ հայտնի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի կողմից: «Ուղեւորություն դեպի Հայաստան»-ի նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Հայաստանում: Ֆիլմի ֆրանսիացի հերոսուհին, ում համար անկարեւոր է իր հայազգի լինելը, հիվանդ հորը գտնելու նպատակով ստիպված ժամանում է Հայաստան: Նկատենք, որ Գեդիգյանին հաջողվել է կարճ ժամանակահատվածում մանրամասնորեն ուսումնասիրել հայաստանցիների մտածելակերպն ու բարքերը, ճիշտ վերարտադրել ազգամիջյան հակամարտությունները: Ռեժիսորն իր ֆիլմում նուրբ ձեւով նկարագրել է նաեւ Հայաստանում տեղի ունեցող ժամանակակից խնդիրները: Ի դեպ, ֆիլմի դրվագներից մեկում հերոսը «168 Ժամ» էր կարդում: