ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երեկ, ըստ էության, չի բացառել առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին շրջանառվող լուրերը: Այսօր ՀՀ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր իրավահաջորդների ցանկում հաճախ շրջանառվում է նաեւ Վարդան Օսկանյանի անունը: Երեկվա ասուլիսի ժամանակ լրագրողները Վ. Օսկանյանից հետաքրքրվեցին, թե մտադի՞ր է արդյոք առաջադրելու թեկնածությունը 2008թ. ընտրություններին, թե՞ ոչ: «Ես կարծում եմ, որ թերեւս կարող եմ իմ մասնակցությունը բերել Հայաստանի գործընթացներին, պետականության կառուցման, զարգացման խնդիրներին: Բայց թե այդ մասնակցությունն ինչպիսի՞ դրսեւորումներ կարող է ունենալ, այս պահին ես չեմ կարող ասել եւ դրա մասին չեմ էլ մտածել: Այդ ամենը ցույց կտա ժամանակը»,- հայտարարեց Վ. Օսկանյանը: Սակայն կոնկրետ ժամկետներ Վ. Օսկանյանը չի ցանկանում մատնանշել: Նախարարը չի մտածել նաեւ, թե որ կուսակցությանն է ցանկանում անդամագրվել, առավել եւս, երբ որեւէ կուսակցությունից այդպիսի առաջարկ չի ստացել: «Այսօր մեր խնդիրը պետք է լինի ոչ թե գնալ այն բանի հետեւից, թե որ քաղաքական ուժը պետք է ստանձնի պատասխանատվություն այս երկիրը ղեկավարելու համար, այլ պետք է գնանք այն բանի հետեւից, թե մենք ինչպիսի խնդիրներ պետք է դնենք մեր առաջ հաջորդ տասնամյակում»,- գտնում է Վարդան Օսկանյանը:
Ու քանի որ այս ընթացքում Վ. Օսկանյանն ամբողջովին կլանված է իր աշխատանքով, ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ մի քանի նկատառում. նախօրեին պաշտոնապես բացվեց Բաքու-Ջեյհան նավթամուղը, իսկ դա ենթադրում է հսկայական նավթադոլարների ներհոսք դեպի Ադրբեջան: Հայաստանն ինչպե՞ս է պատրաստվում դիմակայել օրեցօր տնտեսապես հզորացող իր հարեւանին, որի հետ այսօր գտնվում է փաստացի սառը պատերազմի մեջ: Ըստ Վարդան Օսկանյանի` Հայաստանն ադրբեջանական նավթի հետ մրցակցելու համար երեք հիմնական ռեսուրս ունի` ներքին, սփյուռքյան եւ միջազգային ռեսուրսները: «Նավթի դեմ պայքարելու համար մենք մի ճանապարհ ունենք: Դա մեր վրա հույս դնելն է, մեր ռեսուրսների լավագույն օգտագործումն է,- պնդում է Վարդան Օսկանյանը եւ ավելացնում,- ես այս բոլորն ասում եմ միջազգային հարաբերությունների կոնտեքստում, Ադրբեջանի հետ մրցակցության կոնտեքստում, տարածաշրջանում լիդեր լինելու կոնտեքստում: Գիտեք, իսկապես շատ ափսոս կլինի: Հավատացեք, որ հարաբերակցության մեջ, այն, ինչ այսօր մենք կանք, մեր հարեւանների հետ համեմատած մենք վատ չենք, նույնիսկ կարող եմ ասել` լավ ենք: Ես կարծում եմ, որ այդ իրողությունն արտահայտվում է ոչ միայն թվերով, այլեւ վիզուալ: Մենք այսօր տարածաշրջանում առաջատար ենք, եւ դա եղել է ի գին մեծ զոհողությունների»: Վ. Օսկանյանը շատ է կարեւորում առաջիկայում երկիրը որակապես նոր մակարդակի վրա դնելը: «Մենք դրա համար պետք է կարողանանք հաջորդ ընտրություններով երկիրը դնել որակապես նոր մակարդակի: Բայց որպեսզի մենք կարողանանք ճիշտ կողմնորոշվել, այսօրվանից պետք է կարողանանք հարցերը ճիշտ դնել: Հարցերը պետք է որոշեն, թե այս երկիրն ովքե՞ր պետք է ղեկավարեն»,- հայտարարեց նա: Նախարարը հույս հայտնեց, որ մեր ժողովուրդը վճռական կլինի ու այս անգամ արդեն Հայաստանում նորմալ ընտրություններ անցկացնելու հնարավորություն կլինի:
Օսկանյանը հակասո՞ւմ է Քոչարյանին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների բացահայտումից հետո, կարելի է ասել, բանակցային գործընթացում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Սակայն երեկ Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե ինքը դրական է գնահատում համանախագահների կողմից ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների բացահայտումը: «Մեծ հաշվով, գիտեք, ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Նույնիսկ կարծում եմ, որ այս բոլորը լավ է, որպեսզի մենք կարողանանք նաեւ մեր հասարակության մեջ առողջ քննարկում ծավալել այդ հարցերի կապակցությամբ»,- նշեց Վարդան Օսկանյանը` ավելացնելով, որ այդ բացահայտումներն իրենց համար անակնկալ չէին: Վարդան Օսկանյանի համար բնական է, որ որոշ քաղաքական ուժեր միգուցե չընդունեն հակամարտության կարգավորման այս տարբերակը: Բայց ՀՀ արտաքին գործերի նախարարն ասում է, որ սա «համապարփակ, հավասարակշռված փաստաթուղթ է», որին համաձայն է պաշտոնական Երեւանը: «Գիտեք, այս պահի դրությամբ ես որեւէ փորձ չեմ անում, չեմ էլ անելու, որեւէ մեկին, առավել եւս մեր ժողովրդին համոզելու, որ այն դրույթները, որ այս փաստաթղթում կան, պետք է ընդունել: Որովհետեւ ադրբեջանական կողմը դեռեւս չի ընդունել: Եթե այդ փաստաթուղթը մեզ համար իդեալական փաստաթուղթ լիներ, իր ամեն ինչով, անկախ դրանից, թե Ադրբեջանն ընդունե՞լ է, թե՞ ոչ, ես կսկսեի համոզել, եւ եթե իդեալական է, արդեն համոզելու կարիք էլ չէր լինի: Բայց սա կոմպրոմիսային փաստաթուղթ է, եւ մենք հստակ ասել ենք, որ այդ դրույթները, գտնում ենք, որ համապարփակ են, հավասարակշռված են, ճիշտ, փոխադարձ զիջումների բանաձեւ է գտնված այնտեղ, եւ մեզ համար սա կարող է բանակցությունների հիմք լինել, բայց դա իդեալական չէ: Դրա համար, եթե ադրբեջանական կողմը դեռ իր համաձայնությունը չի տվել, ինչո՞ւ պետք է մենք մեր ժողովրդին հիմա համոզենք, որ այդ փաստաթուղթը լավն է, եկեք ընդունենք: Մենք դեռ այդ փուլում չենք: Մենք կմտնենք այդ փուլը, երբ արդեն երկու կողմերի, երեք կողմերի միջեւ կլինի համաձայնություն եւ կմտնենք ժողովրդին, քաղաքական ուժերին համոզելու շրջան: Մենք դեռեւս այդ փուլում չենք»,- հակամարտության կարգավորման այս սկզբունքներին իրենց համաձայնությունը վերահաստատեց Վարդան Օսկանյանը: Հիշեցմանը, թե ղարաբաղյան կողմն անհամաձայնություն է հայտնել այս տարբերակի վերաբերյալ, Վ. Օսկանյանն ասաց. «Յուրաքանչյուր քայլ, որ արվել է, նրանց տեղյակ է պահվել: Չեմ կարող ասել, որ նրանք ամեն քայլին ասել են` այո, համաձայն են, բայց ամեն քայլին, թե հայկական կողմը ինչ է անում բանակցություններում, տեղյակ եղել են: Ես կարծում եմ, մեծ հաշվով, այն սկզբունքները, որ այդ փաստաթղթում կան, հայկական կողմի համար ընդունելի են»,- հայտարարեց նախարարը:
Այս ամսվա վերջին սպասվում է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այցը տարածաշրջան: Վարդան Օսկանյանի խոսքերով, իրենք Բրայզայի մոտ վերահաստատելու են իրենց դիրքորոշումը, այն է` հայկական կողմը համաձայն է բանակցությունների սեղանին դրված այսօրվա սկզբունքների հետ: Բրայզայի տարածաշրջանային այցի ընթացքում նախարարը հույս ունի, որ որոշ ճշգրտումներ կմտցվեն Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետագա քայլերի առնչությամբ: Բայց թե որո՞նք են լինելու կարգավորման գործընթացի հաջորդ քայլերը, Օսկանյանը դժվարանում է ասել: «ԵԱՀԿ Մինսկի խումբն այս փուլում հանդիսանում է միակ առաքելությունը, որ հաջողությամբ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող գործունեությունը»,- ասաց նա: Վ. Օսկանյանի գնահատմամբ, Հայաստանը ողջունում է հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր նախաձեռնությունները դրանում հետաքրքրված յուրաքանչյուր երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Իրանից եւ Ռուսաստանից: Սակայն, ըստ նախարարի` ԵԱՀԿ առաքելությունն իրեն չի սպառել, եւ կարգավորման գործընթացում ինչ-որ երկրի գերակայության մասին խոսելը վաղաժամ է: Նշենք, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պյեր Լելուշը հայտարարել է, թե իրենց կողմից ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկություններ են նախապատրաստվել, ինչն առաջիկայում պատրաստվում են ներկայացնել երկու երկրների նախարարներին: Երեկ հարցրինք, թե ծանո՞թ են Օսկանյանին այդ առաջարկությունները, եւ ինչպե՞ս է ԱԳ նախարարը վերաբերվում այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ն իր ձեռքն է վերցնում ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը: «Եթե Լելուշն իր մտքերն է արտահայտում, մենք պատրաստ ենք քննարկել դրանք, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ ՆԱՏՕ ԽՎ-ն ցանկանում է իրենով փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը,- ասաց նա` հավելելով,- Մինսկի խմբի փոխարինման մասին խոսելն անիմաստ է»:
Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում հակասական հայտարարություններ են անում Մինսկի խմբի ամերիկացի եւ ռուս համանախագահները: Ի պատասխան շրջանակային համաձայնագրի առկայության մասին Մ. Բրայզայի պնդմանը, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել էր, որ շրջանակային համաձայնագիր բանակցային սեղանին չկա: Վարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով այդ իրարամերժ հայտարարությունները, հերթական անգամ այն բացատրում է տերմինները սխալ հասկանալով: «Մերզլյակովը թերեւս նկատի ունի, որ ամփոփված, համապարփակ համաձայնագիր, որ պատրաստ է վավերացվելու, դեռ գոյություն չունի, իսկ այն, որ կարգավորման հիմնական սկզբունքները ներառող փաստաթուղթ սեղանին առկա է, դա անհերքելի է»,- վստահեցրեց նա: