Հայերն անտեղյա՞կ են աշխարհից

16/07/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Այս լուրը, բնականաբար, հուլիսի 13-ին ինտերնետային բոլոր կայքերի, տեղական եւ արտասահմանյան բոլոր լրատվամիջոցների ամենահրատապ լուրն էր։ Սակայն այդ մասին Հայաստանում նույն օրը կեսօրին տեղյակ չէին այն մարդիկ, ովքեր գոնե պետք է ի պաշտոնե կամ գործի բերումով ամենաառաջինն իմանային։ Զանգահարեցինք օդանավակայանի «187» տեղեկատվական ծառայություն՝ պարզելու, թե ի՞նչ են լինելու դեպի Բեյրութ թռիչքները։ Հեռախոսավարուհին (որն, իհարկե, գաղափար չուներ Բեյրութի օդանավակայանի իրավիճակի մասին) շատ համոզված ձայնով պնդում էր, որ իրենք 13.07.06-ին դեպի Բեյրութ չվերթ են իրականացնելու։ «Բայց օդանավակայանը փակ է»,- հեռախոսավարուհու անտեղյակությունից զարմացած հարցում ենք նրան: Հեռախոսավարուհու երկրորդ պատասխանը նախորդից ցնցող էր՝ «Մեզ դա չի հետաքրքրում, ասում ենք` իրականացնելու ենք, ուրեմն իրականացնելու ենք»։

Հեռախոսն անջատվեց։ Քաղաքացիական ավիացիայում եւս կեսօրին, ժամը 14:00-ի սահմաններում այդ մասին դեռ ոչինչ չգիտեին։ «Փորձեք «Արմավիայից» ճշտել, թռիչքներն իրենք են իրականացնում, մենք կապ չունենք»,- ասացին Քաղավիացիայից։ «Արմավիայում» էլ նույն օրը պատասխանի չարժանացանք, սակայն՝ խոստացան ճշտել, հետո ասել։

Երեկ «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում խոսվելու էր այն մասին, որ 30 միլիոն դոլարի վարկ է տրամադրվելու «Զվարթնոց» օդանավակայանին։ Հույս ունեինք, որ գոնե այնտեղ կհանդիպենք մեկին, ով տեղյակ կլինի, թե աշխարհում ինչ է տեղի ունենում։ Այդ մեկը հենց Քաղավիացիայի պետ Արտյոմ Մովսիսյանն էր։ Նա նախ` զարմացավ, երբ իմացավ, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանը չվերթ է կատարելու դեպի Բեյրութ (ինչպես հավաստել էր օդանավակայանի «187»-ի հեռախոսավարուհին): Պրն Մովսիսյանն իմ ներկայությամբ զանգահարեց ինչ-որ մեկին՝ ճշտելու, թե ի՞նչ են լինելու դեպի Բեյրութ մեկնող թռիչքները։ «13.07.06-ի ժամը 23:00-ի թռիչքը հետաձգվելու է։ Այս պահի դրությամբ այն տեղափոխվում է 14.07.06-ը՝ ժամը 15:00-ին։ Սակայն չի բացառվում, որ այդ թռիչքն էլ չիրականացվի»,- ասաց Ա. Մովսիսյանը։ Թռիչքը, բնականաբար, չիրականացվեց։

«Արմավիայից» երեկ տեղեկացանք, որ անորոշ ժամանակով հետաձգվել են դեպի Բեյրութ բոլոր թռիչքները («Արմավիան» շաբաթական երկու չվերթ է կատարում դեպի Բեյրութ)։ «Սպասում ենք Բեյրութի նոր հաղորդագրությանը,- ասացին «Արմավիայից»: -Եթե առաջիկա օրերին այս հարցը չլուծվի, Բեյրութի չվերթը կիրականացվի այլ կերպ՝ Հալեպի եւ Դամասկոսի միջոցով»։ Բայց հարց է ծագում՝ ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները մուտք գործելու մի երկրի սահման` առանց մուտքի իրավունքի։ «Այդ հարցին դեռ չենք կարող պատասխանել։ Նախ` պետք է իրականացվեն այդ չվերթները։ Եթե ՀՀ քաղաքացիները խնդրի հանդիպեն, նոր կխոսենք այդ մասին։ Հիմա այդ մասին խոսելու կարիքը չենք տեսնում»,- պատասխանեցին «Արմավիայից»։

«Արմավիայի» քաղաքացիական գրասենյակը պատրաստ է ետ ընդունել Բեյրութի տոմսերը։ Գրասենյակից մեզ տեղեկացրին, որ մի քանի տոմս արդեն վերադարձվել է։

Թերեւս կարիք չէր լինի գրել այս ամենի մասին, եթե չլիներ մեկ «բայց»։ Պարզվում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած այս դարում մենք դեռեւս իրազեկության խնդիր ունենք. մարդիկ չեն իմանում՝ ի՞նչ է կատարվում աշխարհում։ Իրականում պարտադիր էլ չէ իմանալ, թե ինչ հարաբերությունների մեջ է, ասենք, Լիբանանը Իսրայելի հետ, կամ ԱՄՆ-ը` Իրաքի հետ։ Սակայն պարտավոր ենք տեղյակ լինել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին գոնե այն դեպքում, երբ խնդիրն անմիջապես մեզ է վերաբերում։ Այսօր Բեյրութի օդանավակայանն է փակ, վաղը մեկ ուրիշ օդանավակայան կփակվի կամ կբացվի, էականը սա չէ, այլ անպատասխանատվությունը սեփական գործի նկատմամբ։ Օրինակ, օծանելիքի խանութում աշխատող աղջիկը, իհարկե, իր գործի բնույթից ելնելով պարտավոր չէ իմանալ, թե ո՞ր օդանավակայանն է բաց, ո՞րը փակ, կամ ո՞ր թռիչքը՝ ո՞ր ժամին պետք է տեղի ունենա, թռիչքը հետաձգվո՞ւմ է, թե՞ ոչ… Սակայն օդանավակայանում աշխատողը պարտավոր է իմանալ եւ պետք է պատասխանատվություն կրի իր տված տեղեկատվության համար։ Քանզի փորձը ցույց է տալիս, որ մարդկային դժբախտությունների մեծ մասը շատ հաճախ անտեղյակ, անտարբեր, անհոգատար վերաբերմունքի հետեւանք են։ Օրինակներն աչքներիս առջեւ են։

Հիմա մեզ կասեք՝ փոքր բան է, մեծ բաները չեք տեսնում…

Նման փոքր բաներից է ամեն ինչ սկսվում: Վերջերս մեկը, որ «Արմավիայի» չվերթով Մոսկվա էր մեկնել, տոմսի մեջ նշված ժամի համաձայն` օդանավակայան է գնում՝ Երեւան վերադառնալու համար: Օդանավակայանում ասում են, որ թռիչքը մոտ 6 ժամ եւ ավելի ուշանալու է: «Արմավիայի» ներկայացուցիչը, սակայն, ուղեւորներին չի էլ բարեհաճում տեղյակ պահել: Օդանավակայանում այդքան ժամանակ պարապ չմնալու համար ուղեւորը դուրս է գալիս քաղաք՝ ժամանակը «սպանելու»: Թռիչքի ժամերը լրանում են, ուղեւորը որոշում է, այնուամենայնիվ, տեղեկատու հեռախոսով ճշտել՝ թռիչքն ուշանալո՞ւ է, թե՞ ճիշտ ժամանակին է լինելու: Տեղեկատուի հեռախոսավարուհին ասում է՝ «Արմավիայի» Երեւան-Մոսկվա-Երեւան թռիչք այսօր չի լինելու»: Ի՞նչ պատահեց: Որի՞ ասածին հավատալ: Գնա՞լ օդանավակայան, թե՞… Տեղի հայերից մեկը գտնում է «Արմավիայի» ներկայացուցիչ ոմն Կարենի հեռախոսահամարը: Զանգահարում-հարցնում են, եւ Կարենն ասում է՝ «Շուտ արեք, ռեգիստրացիան վաղուց սկսվել է..»: Պատկերացնո՞ւմ եք, եթե Կարենի հեռախոսը չգտնեին: