Մեթյու Բրայզան հանդես է գալիս ոչ թե որպես համանախագահ, այլ որպես ԱՄՆ-ի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մ. Բրայզայի հայտնի հայտարարություններին՝ երեկ ՄԱԱ-ում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Վերջինս, խոսելով ամերիկացի համանախագահի այն հայտարարության մասին, թե ժողովրդավարության բնագավառում Ադրբեջանում «դրական միտումներ» կան եւ, որ իրենք կուզեին այդ միտումները տեսնել նաեւ Հայաստանում, այդ համեմատումն «անհասկանալի» որակեց եւ ապա հավելեց. «Ադրբեջանը չէ, որ պետք է լինի համեմատական երկիր, այլ Լիտվայի կամ Էստոնիայի հետ պետք է համեմատվենք»: Ս. Զոլյանի խոսքերով՝ այս երկակի ստանդարտների դրսեւորման պատճառն այն է, որ Բրայզան իրոք լուծում է ԱՄՆ-ի խնդիրը, որովհետեւ Բրայզան, ըստ բանախոսի, խնդիր ուներ բացատրելու, թե ինչո՞ւ է Բուշն ընդունում Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ չի ընդունում Հայաստանի նախագահ Քոչարյանին: Մի կողմ թողնենք, թե Մ. Բրայզան բացատրելու ինչ խնդիր ուներ, սակայն հասկանալի չէ, թե ի՞նչ զարմանալի բան կա նրանում, որ Մ. Բրայզան «լուծում է ԱՄՆ-ի խնդիրը»: Ամերիկացի պաշտոնյան «ԱՄՆ խնդիրը լուծելուց» զատ ուրիշ էլ ի՞նչ պետք է անի: Ի դեպ, Ս. Զոլյանը երեկ նաեւ անդրադարձավ ԵԱՀԿ համանախագահների եւ մասնավորապես Մ. Բրայզայի այն հայտարարությանը, թե որպես համանախագահներ, իրենք սպառել են իրենց երեւակայությունը՝ ներկայացված սկզբունքները ճանաչելու, ձեւակերպելու եւ վերջնական տեսք տալու համար, ու նրան առաջարկեց հրաժարական տալ եւ իր համար ավելի հարմար գործ գտնել: «Եթե դու սպառել ես քեզ երեւակայությունը, հրաժարական տուր ու քո համար ավելի հարմար գործ գտիր»,- Մ. Բրայզային առաջարկեց Ս. Զոլյանը: Պարոն Զոլյանը համանախագահող երկրների նախագահներին առաջարկում է ետ կանչել իրենց համանախագահներին ու նրանց փոխարեն նշանակել ավելի վառ երեւակայություն ունեցող անձանց: Քաղաքագետը երեկ նաեւ կարծիք հայտնեց, թե մենք պետք է հասկանանք, որ Ղարաբաղի շուրջ իրադարձությունները «մենք չենք վերահսկում, մենք ի վիճակի չենք»: «Մենք որոշակի ազդեցություն իհարկե կարող ենք ունենալ, բայց դա սկզբունքային չէ»,- ավելացրեց Ս. Զոլյանը՝ միաժամանակ նշելով, որ եթե մենք Ղարաբաղի ներսում վիճակը բարելավենք, փոխենք դեմոգրաֆիան եւ ավելացնենք բնակչությունը, ապա դա որոշիչ է դառնալու: Միեւնույն ժամանակ Ս. Զոլյանը գտնում է, որ ժողովրդավարության ամրապնդումը մեր երկրում կամրապնդի նաեւ մեր դիրքերը Լեռնային Ղարաբաղի հարցում: Իսկ ժողովրդավարության ամրապնդման հիմքեր, ըստ քաղաքագետի, կան, եւ եթե քաղաքական կամք էլ լինի, ապա, բանախոսի համոզմամբ՝ ամեն ինչ լավ կլինի: Ս. Զոլյանի կանխատեսմամբ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ձեւաչափը չի փոխվի, քանի որ այսօր որեւէ ատյան պատրաստ չէ վերցնել այդ պատասխանատվությունը, քանի դեռ տարածաշրջանում իրավիճակը հստակեցված չէ: Նրա կարծիքով՝ բանակցային փաթեթի բացահայտման նախաձեռնությունն ԱՄՆ-ինն էր եւ մի քանի նպատակ էր հետապնդում, որոնցից մեկն էլ այն է, որ ընտրություններից առաջ Ջորջ Բուշը փորձեց միջազգային հանրությանը բացատրել, թե այս ողջ ընթացքում ԱՄՆ-ը խնդրի կարգավորման համար արել է հնարավոր առավելագույնը, սակայն կողմերը ոչ մի կերպ իրենց օգուտը չեն հասկացել ու համաձայնության չեն եկել: «Հետաքրքիր է, որ համանախագահների հայտարարությունը հրապարակվել է ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ ԱՄՆ Պետդեպարտամենտի սայթում»,- նշեց նա: Սակայն Ս. Զոլյանի գնահատմամբ՝ փաթեթի բացահայտումը ոչ թե աշխուժացրեց խնդրի կարգավորման գործընթացը, այլ հակառակը՝ կանգնեցրեց՝ դժվարացնելով դրա հետագա շարունակությունը: Քաղաքագետին զարմացրել է այն հանգամանքը, որ Եվրամիությունը չարձագանքեց ԱՄՆ-ի հայտարարությանը: Անդրադառնալով «Մեծ ութնյակի» երկրների արտգործնախարարների՝ վերջերս արված ԼՂ-ին վերաբերող հայտարարությանը, որով «Մեծ ութնյակի» երկրների արտգործնախարարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ էին անում քաղաքական կամք ցուցաբերել եւ այս տարվա ընթացքում լուծել ԼՂ հակամարտությունը՝ իրենց երկրների հասարակություններին նախապատրաստելով խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, պարոն Զոլյանը նշեց, թե այդ հայտարարությունն իրավական որեւէ ուժ չունի, քանի որ «Մեծ ութնյակը» «ոչ պաշտոնական գագաթաժողով է»: Ըստ նրա, առաջիկայում ԼՂ հարցի կարգավորման գործընթացում կարեւոր զարգացումներ չեն լինի: Նրա խոսքերով՝ այսօր խնդրի կարգավորումը գտնվում է դադարի վիճակում, ինչի պատճառն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն են. Բաքու-Ջեյհան նավթամուղի գործարկում, «Մեծ ութնյակի» երկրների ղեկավարների հանդիպում եւ այլն: Ըստ նրա, այսօր բոլորը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը, թե՛ Ադրբեջանը, թե՛ միջնորդները եւ թե՛ այլ հարեւանները շահագրգռված են, որ ԼՂ հարցում այս վիճակը շարունակվի, որովհետեւ դա է կայունության պահպանման երաշխիքը, իսկ Բաքու-Ջեյհան նավթամուղն է՛լ ավելի բարձրացրեց այդ կայունության գինը: Ինչո՞վ կարող ենք մենք տնտեսապես հակակշռել Բաքու-Ջեյհանին: «Իհարկե, կան որոշակի ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս շրջանցել այն պրոբլեմները, որոնք կան կապված կոմունիկացիոն մեկուսացման հետ: Բայց դրա համար պետք է ունենալ բոլորովին այլ զարգացման մոդել: Այսինքն՝ հիմքը պետք է դրվի կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների վրա: Դրա համար պետք է բոլորովին այլ քաղաքական մշակույթ, եւ կառավարման համակարգը պետք է մի քանի մակարդակով ավելի բարձր լինի»,- գտնում է քաղաքագետ Ս. Զոլյանը: Վերջինս երեկ անդրադարձավ նաեւ նոր կուսակցությունների ստեղծմանն ու դրա առավելություններին: Նրա խոսքերով՝ հիմա ոչ թե կլաններ են ստեղծվում, այլ կուսակցություններ, եւ եթե կուսակցություն է ստեղծվում, ապա բնական է, որ այն պետք է ունենա ծրագիր, եւ պետք է լինեն ինչ-որ մարդիկ, ովքեր այդ ծրագիրը կգրեն: «Նրանք դահլիճում պետք է հավաքվեն, այդ մարդկանց մենք պետք է տեսնենք, ոչ թե ինչ-որ ռեստորանի կուպեում, այլ բաց դահլիճում: Ստիպված պետք է լրագրողների հարցերին պատասխանեն, ուրեմն պետք է մի քանի գիրք կարդան: Այս առումով ես դրական եմ համարում»,- նոր կուսակցությունների ի հայտ գալու դրական կողմերը թվարկեց Ս. Զոլյանը: