Ռուսաստանը հիմա՞ ինչ է ուզում Հայաստանից

16/07/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արդեն 8-րդ օրն է, ինչ փակ է Վերին Լարսի անցակետը: Այնտեղ կուտակված մեքենաները ճանապարհից շրջվել ու ետ են վերադարձել՝ ռուսական կողմի մեքենաները՝ դեպի Նովոռոսիյսկ, վրացականը՝ Փոթի նավահանգիստ, որպեսզի գոնե լաստանավով կարողանան Հայաստան կամ Ռուսաստան հասնել:

Բայց արի ու տես, որ ռուսական կողմն այդ մեքենաների համար նույն խնդիրն է ստեղծել նաեւ Նովոռոսիյսկում: Ետ վերադարձող հայկական 15 մեքենաներն այնտեղ չեն կարողացել նավ բարձրանալ՝ տեղի մաքսակետը թույլ չի տվել: Այդ մեքենաների մեջ է եղել նաեւ գյուղատնտեսական մթերք վերամշակող մեր գործարաններից մեկի մետաղյա կափարիչների բեռը: Հիշեցնենք, որ գործարանի տնօրենը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ բեռը երկու շաբաթ ուշացնելու դեպքում իրեն այլեւս պետք չի գա: Հիմա, փաստորեն, այդ բեռը Նովոռոսիյսկում սպասում է լաստանավի հաջորդ ժամանմանը, ինչը տեղի կունենա երեքշաբթի օրը, որից մեկ շաբաթ անց նոր կհասնի Փոթի, իսկ 1-2 օրից էլ՝ Երեւան: Հիմա դժվար չէ պատկերացնել, թե ինչ վնասներ է ունենալու կոմպոտ, մուրաբա եւ հյութ արտադրող գործարանը, որը երկու շաբաթ առաջ արդեն պահեստավորել է իր ծիրանն ու կեռասը:

Ինչեւէ, այդ բեռների մաքսային ձեւակերպումների մեջ նշված է եղել, որ մեքենաները պետք է անցնեին Վերին Լարսի մաքսակետով: Այս հանգամանքը պատճառ է եղել, որպեսզի Նովոռոսիյսկում թույլ չտան, որ հայկական մեքենաները նավ բարձրանան այն դեպքում, երբ լաստանավի վրա ազատ տարածք իսկապես եղել է: Նույնիսկ պատմում են, որ լաստանավի ղեկավարը դիմել է տեղի մաքսակետի պատասխանատուներին, թե իրենք կիսադատարկ են շարժվում, թույլ տան մեքենաները բարձրանան, մանավանդ, որ հաջորդ շրջապտույտների ժամանակ հնարավոր է՝ մեծ կուտակումներ լինեն, ու շատ բեռների համար տեղ չգտնվի: Սակայն ռուսական կողմը տեղի չի տվել այդ խնդրանքին եւ հայկական բեռնափոխադրողներից պահանջել է մաքսային փաստաթղթերի վերահասցեագրում կատարել, այսինքն՝ Վերին Լարսի անցակետը փոխարինել Նովոռոսիյսկով: Այստեղից արդեն հասկանալի է դառնում, որ Ռուսաստանի իշխանությունները Լարսի անցակետը փակել են ոչ թե Վրաստանին պատժելու, կամ էլ վերանորոգումների պատճառով, այլ Հայաստանին ինչ-որ բան հասկացնելու համար: Սա ռուսների կողմից բազմիցս փորձված տարբերակ է: Հիշո՞ւմ եք, երբ Հայաստանը 2004թ. աշնանը որոշեց Իրաք զորախումբ ուղարկել, Ռուսաստանը նորից փակեց Վերին Լարսը: Այն ժամանակ էլ այնտեղ հարյուրավոր մեքենաների կուտակումներ առաջացան, որովհետեւ պարզ չէր, թե երբ կբացվի: Այս անգամ, սակայն, քանի որ ռուսական կողմը հայտարարեց, թե իրենց վերանորոգման աշխատանքները կտեւեն մոտ մեկ ամիս, բեռնափոխադրողներն անցակետի բացմանն այլեւս չսպասեցին:

Բեռնափոխադրողներն ասում են, թե նման պարագայում մաքսային ձեւակերպումների վերահասցեագրումն այդքան էլ էական չէ, մանավանդ, որ Լարսը փակվել է ոչ թե Վրաստանի, այլ հենց իրենց՝ ռուսների կողմից: Մեր բեռնափոխադրողները կարծում են, թե նման դեպքում ռուսներն իրենք պետք է ձեւակերպումների հարցերը լուծեին եւ ոչ թե փոխադրողից պահանջեին: Ճիշտ կլիներ, որ Լարսի մաքսակետի աշխատողներն իրենք Նովոռոսիյսկի գործընկերների հետ այդ հարցերը լուծեին: Իհարկե, դա հենց այդպես էլ կլիներ, եթե մեքենաները ոչ թե իրենց ֆորպոստ Հայաստանինը լինեին, այլ, ասենք, գործընկեր Իրանինը կամ մեկ այլ տերության: Կամ էլ ազնիվ կլիներ, եթե Ռուսաստանը նախապես մի քանի օր առաջ զգուշացներ, հետո նոր սահմանը փակեր: Իսկ կուտակված մեքենաներին էլ, որպես վերջին խմբաքանակ, բաց թողներ: Դժվար թե դա իրենց «ռեմոնտին» խանգարեր: Բայց քանի որ ՌԴ իշխանությունները դա արել են Հայաստանին նորից պատժելու համար, պարզ է, որ նման նախազգուշական քայլերի մասին մտածելն արդեն ավելորդ է: Իսկ օրերս Հայաստանում գտնվող Ռուսաստանի Տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինն առանց ձեւականությունների հստակ ասաց, որ մինչեւ սեպտեմբեր այդ անցակետը չի բացվելու, այսինքն՝ իրենց ճանապարհաշինարարական աշխատանքներն այդքան երկար են տեւելու:

Այս պահին այնքան էլ դժվար չէ գուշակել, թե ո՞րն է ռուսների հերթական փորացավը: Դրա համար պետք է ընդամենը հիշել, թե ինչ թեմաների են անդրադարձել երեք օր առաջ Իգոր Լեւիտինն ու Սերժ Սարգսյանը: Հիմնական թեմաները երկուսն էին՝ «Արմավիայի» A-320 ինքնաթիռի վթարի պատճառները եւ Իրան-Հայաստան գազամուղը: Սպասվում էր, որ այցի նպատակը լինելու է A-320-ի վթարի պատճառների մասին եզրակացության հրապարակումը, հաշվի առնելով այն, որ վաղուց ավարտվել է ինքնաթիռի երկու սեւ արկղերի վերծանումը, եւ Ի. Լեւիտինի հետ Հայաստան էր ժամանել նաեւ Միջազգային Ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) նախագահ Տատյանա Անոդինան: Սակայն մեր սպասելիքները չարդարացան, որովհետեւ պարզվում է՝ դեռ չճշտված հարցեր կան: Այս հանգամանքը մեզ ենթադրել է տալիս, որ չճշտված հարցերը ոչ թե վթարի պատճառներին են վերաբերում, այլ պատճառների համար եռակողմ համաձայնությանը: Այսինքն՝ մեր երկու հյուրերը եզրակացությունն իրար հետ համաձայնեցրած եկել են Հայաստան, որ մերոնք էլ իրենց համաձայնությունը տան, ինչը հավանաբար տեղի չի ունեցել, որովհետեւ ավիավթարի պատճառների հրապարակումը հետաձգել են մինչեւ հուլիսի վերջը: Ռուսաստանի պես ռազմավարական հարեւան ունենալու դեպքում չի բացառվում, որ Վերին Լարսի անցակետը փակելով եւ Հայաստանի համար ծանր պայմաններ ստեղծելով՝ հայկական կողմին կփորձեն ստիպել ստորագրել իրենց ուզած եզրակացության տակ: Տարբերակներից մյուսն էլ այն է, որ սահմանը փակելով կփորձեն ստիպել «Գազպրոմին» վաճառել Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածը: Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը փակվեց Ռոբերտ Քոչարյանի՝ Իրան կատարած այցից անմիջապես հետո: Հայտնի է, որ «Գազպրոմը» ցանկություն է հայտնել գնել գազամուղի այդ հատվածը, եւ հայտնի է, որ Իրանի իշխանություններին դա դուր չի գալիս: Ռ. Քոչարյանի այցի հիմնական նպատակն էլ այդ հարցի քննարկումն էր: Որքան էլ որ հայկական կողմը ժխտի, թե ռուսներից դեռ գազամուղը գնելու առաջարկ չենք ստացել, դեռ այդ հարցը չի քննարկվել, պարզ է, որ այս անգամ հայ-ռուսական կռիվը հենց Իրան-Հայաստան գազամուղի համար է: Թե ինչպես են մեր իշխանությունները դիմակայելու ռուսներին, առայժմ դժվար է ասել: Բայց անցյալի դառը փորձը ցույց է տալիս, որ մի երկու ամիս հետո ռուսներն իրենց ուզածը անում են: Ճիշտն ասած, կռիվ էլ չկա, ուղղակի ռուսներն ուզում են, իսկ մեր իշխանությունները տալիս են: Կովկասյան ամոթխած հարսի նման այդ մասին կհայտարարեն այն ժամանակ, երբ հարսանիքը կատարեն-վերջացնեն: Նույնն էլ վերաբերում է A-320 ինքնաթիռի վթարի պատճառների մասին եզրակացության համաձայնությանը: Պարզապես այդ ընթացքում ռուսները չեն զլանում իրենց հմայքը մեկ անգամ եւս ցուցադրել՝ փակելով Վերին Լարսի անցակետը: Մինչեւ սեպտեմբեր բանակցելու ժամանակ կա: