Տնտեսական խճանկար

16/07/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ներկայումս հայաստանցիների ուշադրության կենտրոնում գտնվող իրադարձություններից մեկն էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է։ Չնայած կազմակերպչական բնույթի որոշ թերություններին, փառատոնն արդեն կարելի է կայացած երեւույթ համարել։ Ի դեպ, ծիրանի մասին վերջերս շատ խոսվեց։ Սկզբում այն համեմատվեց դոլարի հետ, հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց այն պատճառով, որ ծիրանի այգիների վրա որոշ պաշտոնյաներ վերահսկողություն էին սահմանել եւ նախապես գնել բերքը՝ դեռ հասունանալուց առաջ։ Ասում են՝ անգամ պահակներ են նշանակել, որ գյուղացին իր բերքը իրենցից բացի այլ մարդկանց ուրիշ գնով չվաճառի։ Ու սրա հետ կապված ստիպված ենք խոստովանել, որ իրոք, դոլարի փոխարժեքն ու ծիրանի գինը ձեւավորվում են նույնպիսի «ազատ, շուկայական» սկզբունքներով։

Հետո մեր ազգային հպարտություն հանդիսացող միրգը հայտնվեց ռուս-վրացական սահմանի «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի փակման համատեքստում։ Ի թիվս այլ ապրանքների, որոնց արտահանումը խոչընդոտվել է մեր բարեկամ Ռուսաստանի կողմից, իրենց հերթին էին սպասում նաեւ ծիրանով բեռնված մեքենաները։ Դեռ լավ է, վրացիները բացառության կարգով որոշեցին թույլատրել Հարավային Օսեթիայի տարածքով հայկական բեռների տարանցումը դեպի Ռուսաստան։

Այս առիթով մեր Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն անգամ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ նշելով. «Մենք շարունակում ենք աշխատել ռուսների հետ, եւ հույս ունենք, որ ճանապարհը շուտով կբացվի»։ Հետաքրքիր է՝ «աշխատել» ասելով՝ ի՞նչ ի նկատի ուներ նախարարը։ Բացատրել մեր ռազմավարական գործընկերոջը, որ այդ քայլն անուղղակիորեն ավելի շատ վնասում է Հայաստանի՞ն, թե՞ աշխատանքային խմբեր ուղարկել վերին Լարս՝ անցակետի վերակառուցման աշխատանքներն արագացնելու համար, որի պատրվակով էլ այն փակվել է։

Ու մինչ մեր դիմադիր եւ ընդդիմադիր ուժերը Ռուսաստանի բոլոր այս տեսակ քայլերին փորձում են արդարացում գտնել՝ վախենալով մեծ եղբոր «թարս աչքից», մեծ եղբայրն արդեն հայտարարում է, որ քննարկում է Իրան-Հայաստան գազամուղը գնելու հարցը։

Ի դեպ, այս օրերին մամուլում մի հետաքրքիր բան նկատեցի։ Ինչպես գիտեք, չորսօրյա այցով Իրան է մեկնել ԱԺ պատգամավորական մի խումբ, որի կազմում է նաեւ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը։ Երբ պրն Նիկոյանին հարցրել են՝ Ռուսաստանն իրո՞ք ցանկություն ունի գնել Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածը, նա պատասխանել է, որ այդ հարցն իրեն էլ է հետաքրքրում։ «Եթե իրանական կողմը նպատակահարմար համարի իր դիրքորոշումն արտահայտել այդ հարցի առնչությամբ եւ կիսվի իր ունեցած ինֆորմացիայով հայ խորհրդարանականների հետ, ես անպայման կհրապարակեմ այդ ինֆորմացիան»,- ասել է Ս. Նիկոյանը։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ խոսքը գնում է գազամուղի այն հատվածի մասին, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Իսկ խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության պատգամավորն այդ մասին ոչինչ չգիտի, եւ հույս ունի տեղեկություններ իմանալ Իրանից։ Այնպիսի տպավորություն է, որ ռուսներն այդ հարցը քննարկում են իրար մեջ՝ առանց մեզնից կարծիք հարցնելու։ Վերջում, իհարկե, կհամաձայնեցնեն Իրանի հետ։ Իսկ հայե՞րը… Հայերը ռուսների հետ նախօրոք համաձայն են ամեն ինչում, դեռ «ռուսի օրհնված ոտը մեր հողին դնելու» օրվանից։

Իսկ մենք ռուսներին արդարացնում ենք անգամ այն դեպքում, երբ Ռուսաստանում բոլորի աչքի առաջ հայերի սպանությունները դարձել են սովորական երեւույթ։ Իսկ նույն Վրաստանին, որի տարածքով այսօր հայկական բեռները հասնում են նշանակման վայր, մեղադրում ենք Ջավախքի հետ կապված խնդիրներով։

Թեեւ, դատելով Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարություններից, վրացիները մեզնից չեն նեղանում։ «Մենք հայերին շատ սպասում ենք, մեզ դուր է գալիս, երբ նրանք գալիս են»,- անցյալ տարի Երեւանում հայտարարել էր Վրաստանի նախագահը։ Ընդգծենք, որ նա նկատի ուներ հայ զբոսաշրջիկներին, որոնք մեկնում են Բաթումի եւ Քաբուլետի։ Հայերն էլ, լսելով այս բարի խոսքերը, երկար սպասեցնել չտվեցին եւ այս տարի Վրաստան մեկնող հանգստացողների թիվը մի քանի անգամ մեծացել է։ Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կիսամյակում Վրաստան է այցելել 25 հազար 479 հայաստանցի զբոսաշրջիկ։ Արտագնա զբոսաշրջության ծավալները պատկերացնելու համար բավական է նշել, որ գնացքի տոմսը հարկավոր է պատվիրել մեկնելուց 15 օր առաջ, այլապես տոմս գնել հնարավոր չի լինի։ Չգիտենք՝ Սահակաշվիլիի տրամադրությունների մեջ 1 տարվա ընթացքում փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ, սակայն մի բան հաստատ փոխվել է։ Այժմ Քաբուլետիում եւ Բաթումում հայերին սպասում են ոչ թե վրացիները, այլ… հայերը։ Ռուսական ասացվածք կա. «Կտո ռանո վսայոտ, տոմու Բոգ դայոտ»։ Եվ այն հայերը, որոնք «վաղ են արթնացել», այսինքն՝ Քաբուլեթի են մեկնել դեռ մինչեւ հանգստյան սեզոնի բացվելը, հասցրել են էժան գնով վարձակալել վրացիների տները։ Եվ հիմա ավելի թանկ գնով վարձակալության են տալիս իրենց հայրենակիցներին։ Արդյունքում, մեկ օրվա վարձը նախորդ տարվա համեմատ թանկացել է 3-4 անգամ։

Դե, այս հանգամանքը մերոնց այնքան էլ չի վախեցնում։ Գնալու հետ կապված պրոբլեմներն էլ լուծելի են։ Կամ կարելի է ծանոթի միջոցով տոմս գտնել, կամ կաշառքով, իսկ ծայրահեղ դեպքում՝ կարելի է մեկնել միկրոավտոբուսով կամ սեփական մեքենայով։ Ետ գալիս էլ կարելի է Վրաստանից մեքենա գնել եւ դրանով վերադառնալ Հայաստան։ Արտասահմանյան մեքենաները Վրաստանում զգալիորեն էժան են Հայաստանի համեմատ։ «Մեդիամաքսի» հաղորդմամբ, 2006թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 11 հազար 230 ավտոմեքենա, որը 2866-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ընդ որում, ներմուծված մեքենաների գերակշիռ մասը՝ 7190-ը, արտասահմանյան արտադրության են։ Աճում է ներկրվող մեքենաների քանակը, հետեւաբար աճում են նաեւ պետությանը վճարվող գումարները՝ ավելացված արժեքի հարկի եւ մաքսային տուրքերի տեսքով։ Եվ ոչ միայն մեքենաների ներկրումն է մեծացել, այլ ընդհանրապես, բոլոր ապրանքների։ Ու հենց դրանով էլ բացատրվում է, որ մաքսայինը գերակատարում է պլանները։ 2006թ. առաջին կիսամյակում ներմուծման ծավալը կազմել է 423 մլրդ 786 մլն դրամ, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 371 միլիարդ 820 միլիոն։ Մաքսային մուտքերն էլ առաջին 6 ամսվա կտրվածքով կազմել են 68 միլիարդ 847 մլն դրամ, որը 12.3%-ով գերազանցում է ծրագրային ցուցանիշները։

Այս ամենը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից։ Ընդդիմադիրները նշում են, որ ներկրման աճին զուգահեռ նվազում են արտահանման ծավալները, եւ մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը մեծանում է։ Առանց մասնագիտական տերմիններ օգտագործելու, նշենք, որ սա նշանակում է մի բան՝ Հայաստանն ավելի շատ սպառում է, քան արտադրում, եւ սպառման ու արտադրության տարբերությունը գնալով մեծանում է։

Մյուս կողմից, ներմուծման ծավալների ավելացումը խոսում է այն մասին, որ բնակչության կենսամակարդակը բարձրացել է, եկամուտներն ավելացել, ինչի շնորհիվ էլ, օրինակ, այս տարի 2800-ով ավելի շատ մեքենա ենք ներկրել, քան անցյալ տարի։

Բնակչության վիճակի բարելավման մասին է վկայում նաեւ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ այս կառույցի, հունիս ամսին գներն իջել են 1.2%-ով (մայիսի համեմատ)։ Այդ թվում, ամենից շատ անկում են ապրել պարենային ապրանքների գները՝ 2.4%։ Այսուհանդերձ, 2005թ. համեմատ ինֆլյացիան կազմում է 4.4%։ Կենտրոնական բանկի կանխատեսած 3% ինֆլյացիա ապահովելու համար գները դեռ պետք է իջնեն 1.4%-ով։ Դա, երեւի, տեղի կունենա հաջորդ ամիս, կամ աստիճանաբար։ Ընդ որում, ըստ ԿԲ-ի, գնանկումը պետք է որ ավելի ցածր լիներ։ «Իրական հատվածում հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է արդյունաբերության ոլորտի արտադրության ծավալների անկում՝ 1.9%-ով, եւ գյուղատնտեսության ոլորտի սպասվածից ավելի ցածր աճ՝ 2%՝ պայմանավորված բուսաբուծության կանխատեսվածից ցածր աճով, որի հետեւանքով սեզոնային գնանկումը որոշակիորեն մեղմվել է»,- ասվում է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ: Ինչեւէ, ԿԲ-ն հավաստիացնում է, որ 2006թ. վերջին գնաճը կլինի 3%-ի շրջանակներում։

Սակայն վերջին օրերի զարգացումների արդյունքում ԿԲ-ն հավանաբար կվերանայի իր կանխատեսումները։ «Ենթադրվում է նաեւ, որ նավթի միջազգային գները կպահպանվեն արդեն ձեւավորված մակարդակի վրա, եւ ներկա իրավիճակում նավթի գների լրացուցիչ աճի ռիսկեր չեն ակնկալվում: Իսկ 2007թ. երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ կանխատեսվում է նավթի միջազգային գների որոշակի ճշգրտում՝ նվազման ուղղությամբ»,- ասվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ, որը կազմվել է հուլիսի 4-ի նիստի արդյունքում: Մինչդեռ Իսրայել-Լիբանան ռազմական գործողությունների արդյունքում նավթի գները ժամ առ ժամ նորանոր ռեկորդներ են գրանցում։ 1 օրվա ընթացքում նավթի գինն աճել է 2.5 դոլարով, եւ մեկ բարելը Լոնդոնյան շուկայում երեկ արդեն հատել էր 78 դոլարի սահմանագիծը։

Դժվար է ասել, թե այս լարված իրավիճակը Մերձավոր Արեւելքում որքան կշարունակվի եւ որքան կբարձրանա նավթի գինը։ Մասնագետների կարծիքով, մոտ օրերս այն կգերազանցի 80 դոլարը։ Անկասկած, դա իր ազդեցությունը կունենա նաեւ մեր տնտեսության վրա։ Այնպես որ ԿԲ-ի համար բավական անելիք կա, քանի որ նավթամթերքի թանկացումն անմիջականորեն ազդում է գրեթե բոլոր ապրանքների գների վրա։