Ղարաբաղում են գտնվում ամերիկահայ բարերար, Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Հակոբ Բաղդասարյանը (Կալիֆոռնիա, ԱՄՆ) եւ ՀԿՀ Երեւանյան գրասենյակի գործադիր տնօրեն Ստեփան Նալբանդյանը, որոնց օրերս ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Հանդիպման ընթացքում հյուրերը նախագահին տեղեկացրել են կազմակերպության ընթացիկ գործունեության եւ խնդիրների մասին: Նրանք Արցախ էին եկել Մարտունի քաղաքում հիմնարկության միջոցներով վերանորոգված ուսումնարանի շենքի բացման արարողությանը մասնակցելու համար:
Դեռեւս 1999 թվականից այս կազմակերպության ջանքերով Արցախում կառուցվել եւ հիմնանորոգվել է 50 կրթօջախ, եւս երեք կրթօջախներում շարունակվում են վերանորոգման աշխատանքները: Հակոբ Բաղդասարյանի հավաստմամբ, ԼՂՀ վեց շրջանների 16 դպրոցների համար նախատեսում են դպրոցական գույք գնել: Հայտնի է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին աշխատանքներ են տարվել դպրոցների վերանորոգման, նոր դպրոցների կառուցման ու կահավորման ուղղությամբ, սակայն հանրապետության դպրոցների վիճակը, ընդհանուր առմամբ, դեռեւս գոհացուցիչ չէ: Աշխատանքներն արվել են ոչ միայն պետական միջոցներով, այլեւ` տարբեր բարերարների միջոցներով: Նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաեւ Մարտակերտի շրջանում` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում: Կրթօջախներ են կառուցվել ու կահավորվել շրջանի Վաղուհաս եւ Դրմբոն գյուղերում` հիմնադրամի Արգենտինայի եւ Ֆրանսիայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ: Ֆրանսիայի տեղական մարմինը ֆինանսավորել է նաեւ Մարտակերտի թիվ 1, թիվ 2 դպրոցների եւ Հաթերք գյուղի դպրոցի կահավորման ծրագրերը:
2005 թվականից շրջանի Մադաղիս գյուղում ընթանում են դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք ֆինանսավորում է հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը։ Այժմ հիմնադրամը մրցույթ է հայտարարել Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի դպրոցի կառուցման ծրագրի համար։ Այն իրականացվելու է Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Ի դեպ, Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ դպրոց է կառուցվելու նաեւ շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում։
Բացի դպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներից, Ղարաբաղի դպրոցներում իրականացվում են մի շարք այլ ծրագրեր: Օրինակ, ամերիկահայ հայտնի գործարարներ Վարդգես եւ Ալիս Անիվյան ամուսինները, որոնք տարիներ առաջ սեփականաշնորհել են Ստեփանակերտի կաթի գործարանը, զբաղվում են նաեւ բարեգործությամբ: Նրանց միջոցներով լույս է տեսել «Առողջություն» դասագիրքը եւ դասեր են կազմակերպվում հանրակրթական դպրոցներում: Յուրօրինակ ծրագիր է իրականացվում մայրաքաղաքի դպրոցականների համար. արդեն երկրորդ տարին է «Միջազգային դիվանագիտական միություն` Արցախում» նախագծով Ղարաբաղում է գտնվում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի 20-ամյա հայազգի ուսանող Սիփան Բարսեղյանը, որը շահել է իր նախագիծը Ղարաբաղում իրականացնելու դրամաշնորհը (10.000 դոլար)։ Ըստ ծրագրի, երիտասարդը դիվանագիտական դասեր է կազմակերպում Ստեփանակերտի դպրոցների 9-րդ եւ 10-րդ դասարանցիների համար: Դպրոցների վերանորոգմանն ու կառուցմանը զուգահեռ ոլորտում առանց լուծման են մնում մի շարք հարցեր, որոնցից ամենացավոտը թերեւս շրջաններում մանկավարժների պակասն է: Հանրապետության շրջաններում օտար լեզվի ուսուցչի խիստ կարիք կա, ինչպես նաեւ՝ տարբեր մասնագետների: Հայտնի է, որ հավաստագրով սովորողներից շատերն այլեւս չեն վերադառնում աշխատելու գյուղում, ինչի արդյունքում էլ ծագում են նման խնդիրներ: