«Ցավոք, Հարավային Կովկասի ազգերի հիշողությունը շատ լավն է եւ այն մեզ խանգարում է կարգավորել հակամարտություններն այնպես, ինչպես Եվրոպայում: Նրանք պատերազմում են, հետո մոռանում: Բայց մեզ մոտ դա չի ստացվում»,- «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնած «Եվրաինտեգրացիան` որպես ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպաստող գործոն» միջազգային սեմինարի փակման ժամանակ հայտարարեց ադրբեջանցի լրագրող-հրապարակախոս Ալեքպեր Ալիեւը` հույս հայտնելով, որ Ադրբեջան վերադառնալով իրեն կհասկանան ու խստորեն չեն դատապարտի ՀՀ այցելելու համար: Վերջինս նաեւ ասել է, թե հանուն արյունահեղության բացառման, թշնամու կերպարի ոչնչացման եւ խաղաղության, ինքը պատրաստ է համագործակցել սատանայի հետ անգամ: «Ես հավատում եմ մեր նախարարների եւ օլիգարխների հայրենասիրությանը եւ համոզված եմ, որ եթե պատերազմը վերսկսվի, առաջինը ճակատ կգնան հենց նրանց որդիները: Այն օլիգարխների, որոնց շնորհիվ մենք աղքատ վիճակում ենք»,- հայտարարեց Ա. Ալիեւը: