Խորհրդային բանակում ծառայելիս ամենից շատ չէի սիրում պոստ գնալ` ոչ թե որ ցուրտ կամ խոնավ եղանակ էր, ոչ թե որ ձանձրալի էր մթության մեջ մենակ քայլելը, այլ որ պահակություն անելը ստեղծագործական ոչ մի տարր չէր պարունակում: Օրապահ լինել էլ չէի սիրում, բայց հերթապահության այդ ձեւը գերադասում էի զինյալ պահակությունից: Ծառայության այս տեսակն էլ առանձնապես աչքի չէր ընկնում ստեղծագործականությամբ, բայց ինչ-որ մի բան կար: Օրինակ` ուսումնասիրում էիր միջանցքի հատակի սալիկի փոսորակ գծիկների դասավորությունն ու հասկանում, թե խոզանակն ինչ ուղղությամբ պիտի հետ-առաջ անես, որ հատակը շուտ մաքրվի:
Պահակության ուղարկելուց առաջ մեզ ամեն անգամ մանրամասնորեն հրահանգավորում էին: Ուրեմն` պահակակետում չծխել, պատահական մարդկանց հետ չզրուցել, գիրք կամ թերթ չկարդալ, մոլախաղերով չզբաղվել: Մի անգամ ես լեյտենանտ հրահանգիչին հարցրի` ինչ մոլախաղերի մասին է խոսքը: Ասաց` շախմատ, շաշկի, քարտ:
«Իսկ նարդի կարելի՞ է խաղալ»: Բարկացած հրահանգիչը տեղս ցույց տվեց: Եվ ես պատկերացրի, թե պահակակետում ոնց կարելի է միայնակ նարդի խաղալ: Խաղում ես, տարվում, հետո ներվայնացած մի հատ ծխում ես, հետո մի հատ էլ ես խաղում ու, որ մի հատ էլ տարվում ես, կատաղությունից նարդին տալիս ես գլխիդ` արդյունքում վտանգելով քեզ վստահված օբյեկտի պահպանությունը:
Մեզ նաեւ բացատրում էին, որ պահակը պետք է կանգնի պահակակետում այնքան ժամանակ, քանի դեռ չեն եկել նրան փոխելու: «Իսկ եթե չգա՞ն», մի ուրիշ անգամ հարցրի ես: «Չգան, չեն փոխի»,- սառնասրտորեն ասաց հրահանգիչը: «Եվ ի՞նչ»,- կախ ընկա ես: «Ի՞նչը՝ ինչ,-բարկացավ նա:-Դու այստեղ եկել ես ծառայելու եւ ոչ թե հարցեր տալու, ռավնյաս, սմիռնո…» Ես այդպես էլ չհասկացա, թե ինչ էր լինելու, եթե չգային փոխելու, բայց հասկացա մի բան, որ զինվորական ծառայության մեջ տրամաբանություն փնտրելն առնվազն ապուշություն է, եւ այլեւս հարցեր չտվեցի` միշտ վախով սպասելով, թե երբ չեն գալու ինձ փոխելու:
Փառք Աստծո, ինձ չթողեցին պահակակետում, ժամանակին եկան-փոխեցին ու ամեն գալ-փոխելով ծառայությանս ժամկետը կրճատվեց-կրճատվեց ու պրծավ: Երեւան գալուցս երկու տարի անց սկսվեց ղարաբաղյան շարժումը: Եվս երկու տարի, ու Հայաստանն անկախացավ: Պատերազմ եղավ: Եկան ցուրտ ու մութ ժամանակներ, որոնց ես եւ ինձ նման հազարավոր մարդիկ համբերեցինք ու դիմացանք: Դիմանալու բան էր` գիտակցաբար կամ ենթագիտակցաբար: Վեց հարյուր տարի պետություն չէինք ունեցել, վեց հարյուր տարի ապրել էինք օտարի լծի տակ, եւ այդ մութ ու ցրտին, եթե անգամ տրտնջում էինք, հայհոյում, ինչ-որ ախմախների պոչը բռնած գնում դեպի «Ռուսաստան-Բելառուս» վիրտուալ դաշինք, միեւնույն է` գիտակցաբար կամ ենթագիտակցաբար սիրում էինք մեր ազատ ու անկախ Հայրենիքը:
Հետո առաջին նախագահը հրաժարական տվեց: Իշխանության եկան սարթ ազգայնական ուժեր. մի կողմից՝ հարյուրեւավելիամյա դաշնակցությունը` «Մահ կամ ազատություն» անփոփոխ կարգախոսով, մյուս կողմից՝ «Հանրապետական» ռազմահայրենասիրական կուսակցությունը` Սյունիք եւ Տարոն աշխարհների ահարկու թռչունների նույնքան ահարկու թեւաբախումով, եւ մի տղամարդ Ստեփանակերտ քաղաքից` Արցախյան հաղթանակների էյֆորիայով: Ընդհանուր ֆոնն ազգայնական դարձնելու համար պակասում էր համակարգված պայքարը հրեաների, մասոնների, արվամոլների եւ անիմանալի այլ բաների դեմ, որոնք մեզ փորձում են շեղել ազատություն-մահ կամ մահ-ազատություն սլացքից: Դա էլ եղավ:
Այս պայմաններում մեր նորանկախ երկիրը դարձավ զորանոցի պես մի բան, որտեղ պոստի գնալ ոչ ոք չի ուզում, նույնիսկ՝ ռազմահայրենասիրական ուժերի զավակները, բայց անցագրային կամ ավտոպարկի հսկիչ կետերում նստելու համար մարդիկ իրար գլուխ են ջարդում, իսկ ճաշարանի հերթապահ նշանակվելու համար պատրաստ են կտրել զարկերակը: Էլ չասեմ շտաբային գրագիր կամ կամանդիրի վարորդ դառնալու մասին: Կապտյորշչիկ (պահեստապետ) դառնալու համար մարդիկ պատրաստ են ամեն ստորության, իսկ ածիլված գլխով ման գալը ոչ թե պիտնո է, այլ բեսպրեդելի առհավատչյա:
Ուստավն այս զորանոցում խախտվում է օտ ի դօ: Իսկ ուստավի այն կետը, համաձայն որի՝ ամեն ոք ունի կյանքի իրավունք, հակասում է մեր երկրի ռազմահայրենասիրական դավանանքին: Ինչպե՞ս կարող է ամեն ոք կյանքի իրավունք ունենալ, եթե մեզ երրորդ ճակատը (առայժմ` երրորդ) բացելու համար ընդամենը 300.000 սվինավոր է պակասում: Եվ եթե այս 300.000 սվինավորը (կամա թե ակամա) զրկված են կյանքի իրավունքից, մյուսներն ինչո՞ւ պետք է այդ իրավունքն ունենան:
Այստեղ եւս մեզ բացատրում են, որ պահակը պետք է կանգնի պոստում այնքան ժամանակ, քանի դեռ չեն եկել նրան փոխելու: Մեկ քայլ հեռանալն անգամ դավաճանություն է: «Իսկ եթե չգան ու չփոխե՞ն» հարցին չեն էլ պատասխանում: Չեն պատասխանում նաեւ «հանուն ինչի՞» հարցին: Փոխարենը մեզ ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, որ «ադրբեջանցիների հետ մենք անհամատեղելի ենք», որ «թուրքը մնում է թուրք», որ «վրացիք թեեւ ավանդաբար թշնամի չեն, բայց շատ էլ բարեկամ չեն», ու նման բաներ: Մեզ բացատրում են նաեւ, որ մենք ռազմավարորեն դաշնակցում ենք ոչ սահմանակից բարեկամ Ռուսաստանի հետ, որը վերջին տարիներին միայն պարտություններ է կրում` Իչկերիայի լեռնաստանից՝ մինչեւ Բալկաններ ու մինչեւ Կարպատներ:
Այս զորանոցում մեզ հուզող հարցերի պատասխանն իմանում ենք լոկ այն ժամանակ, երբ օկրուգից (իմա` ոչ սահմանակից բարեկամ Ռուսաստանի մայրաքաղաքից) ասմոտրի նպատակով ինչ-որ բարձրաստիճան գեներալներ (իմա` տարբեր կարգի պաշտոնյաներ) են գալիս ու ձեռի հետ տանում մեր օրապահիկը` այդ կողոպուտը ձեւակերպելով «Գույք՝ պարտքի դիմաց» խիստ որոշակի արտահայտությամբ: «Գույք՝ պարտքի դիմաց», որը նույնն է, թե՝ պարտք՝ ի նշան հավատարմության, պարտք՝ ի փառս անհաշտության, պարտք՝ վասն կախյալության: Եվ այդ անկուշտ ասմոտրշչիկները` չբավարարվելով պարտքի դիմաց առգրաված գույքով, ձեռի հետ նվաստացնում են մեզ` բանակային վարքականոնի ողջ խստությամբ:
Եվ այդժամ մենք իմանում ենք, որ կանգնած ենք Ռուսական Կայսրության կովկասյան միակ ֆորպոստում ու գիշեր-ցերեկ արթուն հսկում ենք այդ անսահման երկրի հարավային սահմանները: Ու չգիտենք` գալո՞ւ են մեզ փոխելու, թե՞ այդպես էլ կանգնած մնալու ենք` պո ուստավու: