Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի կողմից ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի փակումը Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ իր բանակցությունների «անմիջական պատասխանն» է: «Սահմանի փակումը տնտեսապես չի հարվածում Վրաստանին, քանի որ մենք այդ ուղղությամբ արտահանում չենք իրականացնում: Դա վնաս է բերում մարդկանց, ովքեր ուղեւորվում են ցամաքային սահմանով, ինչպես նաեւ հարվածում է Հայաստանի շահերին,- ըստ «Regnum»-ի` նախօրեին հայտարարել է Սահակաշվիլին՝ հավելելով,- դա հատկապես վատ է Հայաստանի համար: Չեմ հասկանում՝ Հայաստանի մեղքը ո՞րն է: Չէ՞ որ այնտեղով անցնում էին Հայաստանի քաղաքացիները եւ բեռները»: Սահակաշվիլին նաեւ ասել է, որ «աննպատակահարմար» եւ «ոչ լեգիտիմ» է համարում անկախության հանրաքվեի անցկացումը Աբխազիայում: Նրա խոսքերով՝ զինված հակամարտության ընթացքում Աբխազիան թողել է շուրջ 300 հազար մարդ՝ բնակչության շուրջ 65%-ը, այդ պատճառով էլ նախքան փախստականների վերադարձը հանրաքվեն կլինի «ոչ լեգիտիմ»: «Վրաստանը զինված ուժեր չի օգտագործի երկրի անկախությունը վերականգնելու համար: Վրաստանն ամեն ինչ անում է, որպեսզի նրան պատերազմ չպարտադրեն»,- ասել է Մ. Սահակաշվիլին: