Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «168 Ժամի» լուսանկարիչը, ով հավատարմագրված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լուսաբանման գործընթացին, ականատես է եղել տարօրինակ միջադեպի: Ֆիլմերից մեկի ցուցադրումից առաջ դահլիճի մուտքի մոտ կանգնած հսկիչը մի քանի երիտասարդների, որոնց կրծքներին փակցված են եղել կինոփառատոնի անձնակազմի «բեյջերը», պարզապես թույլ չի տվել մասնակցել ֆիլմի դիտմանը: Հսկիչը մատնացույց է արել «ադմինիստրատորին»` ասելով դիմեք նրան: Երիտասարդներն ադմինիստրատորի մոտ արտահայտել են իրենց զարմանքը. չէ՞ որ փառատոնի կազմակերպչական եւ տեխնիկական աշխատանքներն իրենք են կատարում եւ իրավունք ունեն անվճար դիտել փառատոնի ֆիլմերը: Ադմինիստրատորը պարզապես ցույց է տվել դրամարկղը` նշելով, որ երիտասարդներն այնտեղից կարող են զեղչով տոմս ձեռք բերել: «168 Ժամի» լուսանկարիչն ադմինիստրատորին ներկայացրել է իր «բեյջը» եւ հարցրել, թե ինքն է՞լ չի կարող դահլիճ մտնել: «Գնացեք եւ պաշտպանեք ձեր իրավունքները»,- ասել է կինոթատրոնի աշխատակիցը: