Արցախյան ազատամարտի նախկին մասնակիցների մեծամասնությունն այսօր ցավով է ընդունում Ղարաբաղյան հիմնախնդիրը փոխզիջումներով կարգավորելու մասին ցանկացած խոսակցություն: Սա` հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու առաջարկին, քանի որ ազատամարտիկներից շատերի կարծիքով, դա դավաճանություն է:
Երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ նմանատիպ կարծիք հայտնեց նաեւ «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կազմակերպության ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Վերջինիս խոսքերով, Ղարաբաղի հարցն իր լուծումը ստացել է դեռ 1990-ական թվականներին: Եվ հիմա ԼՂ կարգավիճակի համար նոր հանրաքվե անցկացնելուն համաձայնելը նշանակում է «հայրենիքի դավաճանություն»: Ժ. Սեֆիլյանը դեմ է նաեւ Ղարաբաղում առանձին որեւէ ընտրություն անցկացնելուն: «Առհասարակ դեմ եմ, որ մենք` հայերս, Ղարաբաղը նայենք որպես առանձին միավոր, առանձին պետություն: Դա ինքնախաբկանք է: Ղարաբաղը ֆրոնտ է: Ֆրոնտում ընտրություն անել չի կարելի, ընտրությունը պառակտիչ երեւույթ է»,- գտնում է Ժ. Սեֆիլյանը: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ապա Սեֆիլյանի կարծիքով, «Մեր ժողովրդի մեծամասնության կարծիքը մեկն է, մենք տերն ենք մեր հողին, մեր հայրենիքին: Սա է գերիշխող կարծիքը: Իսկ այն ժամանակ, երբ այս, այսպես ասած, խղճուկ ղեկավարությունը համարձակվի խոսքից մի օր անցնել գործի, կլինի համապատասխան արձագանք: Բոլորդ ականատես կլինեք, թե ինչպիսի արձագանք կլինի: Դա ես ուղղակի համոզված եմ ասում, եւ այդ գործում ես նախաձեռնողներից եմ լինելու»: Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն առաջիկայում պատրաստվում են ամեն կերպ պայքարել, որպեսզի Հայաստանում իշխանությունների վերարտադրություն տեղի չունենա: Քանի որ, Ժ. Սեֆիլյանի հիմնավորմամբ, դա երկիրը կտանի կործանման: Եվ այսօրվանից այդ նպատակով համախմբումը պարոն Սեֆիլյանը համարում է երկրի համար առաջնային խնդիր:
«Մեկ օր առաջ պետք է կազմակերպվենք ու չենք թողնելու սրանց վերարտադրվել: Չպետք է թողնենք, որ կեղծիքներ լինեն ընտրություններին: Իսկ դրանից հետո, ով ուզում է թող լինի, բայց այս հայտնի զույգը պետք է հեռանա: Սա միանշանակ է»,- ասաց Ժ. Սեֆիլյանը: Նախկին ազատամարտիկը հայտարարում է, որ դեռ չեն մոռացել 2004թ. ապրիլի լույս 13-ի իրադարձությունները: Եվ առաջիկայում թույլ չեն տալու, որպեսզի իշխանությունները ժողովրդի վրա ձեռք բարձրացնեն` անկախ նրանից, թե այդ մարդկանց որ քաղաքական գործիչն է հավաքել Օպերայի հրապարակում կամ Բաղրամյան փողոցում: Ժ. Սեֆիլյանի հավաստիացումներով, սրանից հետո իրենք միշտ կանգնելու են ժողովրդի եւ մահակավորների միջեւ ու հարվածն ընդունելու են իրենց վրա:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին շաբաթներում ստեղծված իրավիճակին, ապա Սեֆիլյանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնի հայտարարություններն ամենեւին էլ միտված չեն ԼՂ հակամարտության կարգավորման գործին, այլ կապված են ռեգիոնալ զարգացումների ու Իրանի խնդրի հետ: Սեֆիլյանի հիմնավորմամբ, ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցն օգտագործում է Հայաստանի իշխանության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Հայաստանին կտրի Ռուսաստանից եւ նրան դուրս մղի տարածաշրջանից: Իսկ այն, որ Հայաստանը միակողմանի կողմնորոշված է դեպի Ռուսաստան, Ժիրայր Սեֆիլյանը գնահատում է վատ: «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության ղեկավարը զարմացած է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կողմ է արտահայտվում տարածքները զիջելու վերաբերյալ դրույթներին եւ վերջերս նույնիսկ բավական հաճախ հայտարարում է այդ մասին: «Վարդան Օսկանյանի այդ հայտարարությունների ակտիվության մեջ գլխավորապես երկու նպատակ եմ տեսնում: Մեկն այն է, որ Քոչարյանի պատվերով ինքն ուզում է ամերիկացիներին ասել, որ պատրաստ է ամեն ինչի: Երկրորդը, Օսկանյանն ինքն իր տերերի հանձնարարությամբ սկսել է մեր ժողովրդին, իրենց խելքով, մշակել»,- հայտարարեց Սեֆիլյանը: Հայաստանյան իշխանություններին մի լավ քննադատելուց հետո Ժիրայր Սեֆիլյանը բավական ուշագրավ մի հայտարարություն արեց: Նրա խոսքերով, այսօր ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ընդդիմությունը վճռական պահերին երկնչել է: Եվ Ժ. Սեֆիլյանն այսօր անհրաժեշտ է համարում քաղաքական դաշտում վճռական գործչի առկայությունը: Իսկ այդ վճռական գործիչը, Ժ. Սեֆիլյանի ասելով` «Դաշինք» կուսակցության նախագահ, ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն է, ում ներկայությունը Ժ. Սեֆիլյանը քաղաքական դաշտի համար օգտակար է համարում:
Հ.Գ. Ի դեպ, Ղարաբաղյան ազատամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար մի քանի անգամ դիմել է Ռոբերտ Քոչարյանին: Սակայն ամեն անգամ մերժում է ստացել: «Ես համոզված եմ, որ այս մարդու ձեռքը չի գնա ստորագրելու մի փաստաթղթի տակ, որն ինձ քաղաքացիություն է շնորհելու կամ ճանաչելու է այն,- այդ կապակցությամբ հայտարարեց Ժ. Սեֆիլյանը: Եվ այդ առիթով իր տարակուսանքը հայտնեց,- ես պատերազմի ավարտին եւ խաղաղ պայմաններում, երբ զորամասեր եմ ղեկավարել, իմ ստորագրությամբ հարյուրավոր Հայաստանի քաղաքացի զինակոչիկներ եմ զորացրել: Դա ուղղակի անհեթեթություն է, այսինքն ո՞նց են ինձ թույլ տալիս, որ զորացրեմ, եթե ես քաղաքացի չեմ, ո՞նց են ինձ կոչում տալիս, եթե ես քաղաքացի չեմ, ո՞նց են ինձ զորամաս վստահում` թե պատերազմի, թե խաղաղ պայմաններում»: