«ՀՅԴ-ն քաղաքական «սեւ հաց» է»

16/07/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայաստանում ժողովուրդը «պատրանքաթափ» է եղել, զորավոր ընդդիմություն չկա, ՀՅԴ-ն «խստաշունչ» կուսակցություն է, իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի մոտ էլ «մրցակցության գրգիռը չի ծնվում»: Երեկ այս մասին «Փաստարկ» ակումբում հայտարարեց Ալվարդ Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ հասարակությունը հիասթափված է, եւ դրանում ՀՅԴ-ն ունի մեղքի իր բաժինը:

Նախկին ընդդիմադիր Ա. Պետրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, թե 1990-ականներին ակտիվ էր ոչ միայն այսօրվա հիասթափված ժողովուրդը, այլեւ ընդդիմությունը՝ իր գաղափարախոսությամբ: Սակայն այսօր, ըստ բանախոսի, գաղափարների ճահճացում կա, իսկ գործողությունների ճահճացում չկա: Դաշնակցական պատգամավորը բանավեճերի կողմնակից է, եւ ափսոսում է, որ այսօր` որպես ընդդիմադիր ուժ, բանավեճի սեղանի շուրջ չէ իշխող նախկին կուսակցությունը՝ ՀՀՇ-ն: «Նրանց հետ առողջ քաղաքական բանավեճ կստացվեր»,- համոզված է տիկին Պետրոսյանը: Սակայն միեւնույն ժամանակ Ա. Պետրոսյանը ՀՀՇ-ի վերադարձն ակտիվ քաղաքականություն «մեղանչելով է պատկերացնում», ասել կուզի՝ տիկին Պետրոսյանն այն կարծիքին է, որ ՀՀՇ-ն ակտիվ քաղաքական ասպարեզ վերադառնալու համար պետք է «մեղանչի գործած մեղքերի համար»: Չնայած սրան, ՀՅԴ ներկայացուցիչը բարձր է գնահատում ՀՀՇ անդամների կրթական եւ ինտելեկտուալ մակարդակը: Եվ եթե նախկին իշխանության ներկայացուցիչներին հաջողվի «համոզել ժողովրդին» եւ տեղ գտնել ապագա ԱԺ-ում, Ա. Պետրոսյանը դա կողջունի: Միեւնույն ժամանակ պատգամավորը շատ հարցերում մեղադրում է նաեւ ժողովրդին, որ քաղաքական կուսակցությունների առջեւ պահանջներ չի դնում: «Դուք չեք դնում, մենք էլ չենք անում»,- դիմելով քաղաքացիներին հակադարձեց ՀՅԴ ներկայացուցիչը: Վերջինս նաեւ կարծիք հայտնեց, թե նախորդ ընտրությունների համեմատ ժողովուրդն այսօր փոխվել է, իսկ քաղաքական դեմքերը նույնն են մնացել: Բացի այդ, պարզվում է, որ ՀՅԴ-ն այսօր համահայկական պահանջարկ ունի: Համենայն դեպս, Ա. Պետրոսյանն այդ կարծիքին էր եւ հարցերին պատասխանելիս չէր մոռանում նշել, թե ՀՅԴ-ն քանի երեխայի է հովանավորել, քանի գյուղ է վերականգնում՝ դպրոցով, հիվանդանոցով եւ այլն: Ու թեեւ այս տեղեկատվությունից հետո տիկին Պետրոսյանն անմիջապես հավելում էր, թե իրենք այսքան լավ-լավ բաներ են անում եւ ոչ մի անգամ դա չեն օգտագործել ընտրությունների քարոզարշավի ժամանակ, սակայն երեկ նա մի քանի հարցերի պատասխանելիս շեղվում էր ու հերթական անգամ անդրադառնում ՀՅԴ վերոնշյալ գործունեությանը:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշնակցությունը, ըստ Ա. Պետրոսյանի, մասնակցելու է ոչ թե նրա համար, որ «մենք թռչող հրեշտակների կուսակցություն ենք, այլ նրա համար, որ մեր հանդեպ կա համահայկական պահանջարկ»: Հետաքրքիր է, իսկ ՀՅԴ-ական պատգամավորին չի՞ մտահոգում այն, որ իր կուսակցությունը նույնպես երկրում կատարվող անօրինականությունների մասնակից է, եւ որ բազմաթիվ մեծ ու հայտնի «օբյեկտների» տերեր են համարվում հենց դաշնակցականները: Ի պատասխան այս հարցի, Ա. Պետրոսյանը մի դեպք պատմեց: Ըստ այդմ, ԱԺ-ում մի կարեւոր հարցի քննարկման ժամանակ Ա. Պետրոսյանն իր ընկերոջը՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանին հարցրել է. «Մենք աղտոտված չե՞նք», ինչին ի պատասխան` Ա. Ռուստամյանն ասել է. «Հանգիստ եղիր: Մենք մաքուր ենք»: «Ես իմ ընկերներին հավատում եմ»,- հավելեց Ա. Պետրոսյանը: Պատգամավորի խոսքերով՝ հիմա «բոյբոյների ժամանակն է»: «Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ ամեն ինչ լավ չի լինի»,- անդրադառնալով 2007-ին սպասվող ԱԺ ընտրություններին՝ կարծիք հայտնեց Ա. Պետրոսյանը: Այս իրավիճակում նա իր կուսակցությունը համարում է քաղաքական «սեւ հաց»: «Երբ ոչինչ չի մնում ուտելու, այդ սեւ հացը կա ու կա»,- ավելացրեց նա: Վերջինս երեկ անդրադարձավ նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում վերջերս օրը ցերեկով տեղի ունեցած սպանությանը եւ մասնավորապես միջադեպի զոհ դարձած պատահական անցորդ Կարինե Սարգսյանին: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն փաստին, որ զոհվել է դեպքի հետ որեւէ առնչություն չունեցող մի քաղաքացի, եւ ինչո՞ւ մտավորականները որեւէ կերպ չբողոքեցին տեղի ունեցածի կապակցությամբ՝ գրող Ա. Պետրոսյանը նախ հիշեցրեց մեկ այլ դաշնակցականի՝ Հրանտ Մարգարյանի արած այն հայտարարությունը, թե «վայ այն երկրին, որի դատախազը քաղաքականությամբ է զբաղվում», հետո էլ հավելեց, թե ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Իսկ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՀՅԴ դիրքորոշմանը՝ պատգամավորը հայտարարեց. «Մենք արդեն մեծ զիջողություն ենք անում, որ չենք գնում նոր տարածքներ գրավելու»:

Դաշնակցական պատգամավորը երեկ անդրադարձավ նաեւ «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալմանը: Ըստ Ա. Պետրոսյանի, մի քանի օր առաջ իրեն է մոտեցել «Ժամանակ-Երեւանի» լրագրողներից մեկը եւ խնդրել, որպեսզի Ա. Պետրոսյանը ստորագրի Ա. Բաբաջանյանի ազատությունը պահանջող թղթի տակ: Պատգամավորի խոսքերով՝ ինքը նախ իրեն դիմողից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Ա. Բաբաջանյանն իրոք ինչ-ինչ փաստաթղթեր է կեղծել, ինչում մեղադրում են նրան, եւ ստանալով դրական պատասխան՝ հրաժարվել է կատարել իրեն դիմած լրագրողի խնդրանքը: «Խմբագիր լինելը պատճառ չէ, որ ես այդ հանցագործին պաշտպանեմ»,- հայտարարեց Ա. Պետրոսյանը: