Ռուսաստանի կողմից Վերին Լարսի անցակետի փակումը կարծես առիթ էր, որ մեր գործարար շրջանակներում նորից քննարկվեն հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հեռանկարները: Իհարկե, մեր արեւմտյան սահմանի բացումը միանշանակ չի գնահատվում հայ գործարարների կողմից: Ավելին, այդ հարցի հետ կապված կան իրարամերժ երկու կարծիքներ:
Մի կողմը գտնում է, որ Թուրքիայի սահմանի բացումը մեզ կտա արտաքին աշխարհի հետ կապող երրորդ ճանապարհը՝ Վրաստանից ու Իրանից հետո, որը Հայաստանի համար նոր շուկաներ գտնելու լայն հեռանկարներ կբացի: Իսկ մյուս կողմը գտնում է, որ այդ սահմանի բացումից հետո թուրքական ապրանքները կգրավեն Հայաստանի շուկան, որի հետեւանքով էականորեն կտուժի հայրենական արտադրությունը: Սակայն բոլորը միասին այն կարծիքին են, որ 21-րդ դարում հարեւանների հետ փակ սահման չպետք է ունենալ:
Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը փակել է 1993 թվականից: Նույն թվականին էլ արգելք է դրել հայկական ապրանքների ներմուծման վրա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2003թ. Հայաստանից Թուրքիա է արտահանվել մոտ 1,1 մլն դոլարի ապրանք, ներմուծվել է 36,7 մլն դոլարի ապրանք: Ներմուծման-արտահանման այս ահռելի տարբերությունը եղել է նաեւ 2003թ. առաջ, պահպանվում է նաեւ հիմա: 2006թ. հունվար-մայիս ամիսներին ներմուծվել է 28,5 մլն դոլարի ապրանք, Թուրքիա է արտահանվել մոտ 800.000 դոլարի ապրանք: Թեեւ այս երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց առեւտրային հարաբերությունները գնալով աճում են, թեկուզ փոքր չափերով: Տնտեսական շահը բերում է նրան, որ հայերը գնում են Թուրքիա, ապրանք են բերում եւ վաճառում: Նախ՝ թուրքական ապրանքը համեմատաբար էժան է, եւ հետո՝ որակի առումով հայաստանցի սպառողի համար ավելի նախընտրելի է, քան Իրանից կամ Չինաստանից ներմուծած անորակ ապրանքը: Վերը նշված թվերը միայն պաշտոնական տվյալներ են: Մինչդեռ կարծիք կա, որ այդ տվյալները 4-5 անգամ փոքր են իրականից: Բացի այդ, այսօր մեր հայրենակիցներից շատերը նախընտրում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Թուրքիայում: Գործում են Երեւան-Ստամբուլ, Երեւան-Անթալիա օդային ճանապարհները, ավտոմեքենաներով Թուրքիա գնում են Վրաստանի տարածքով: Եվ ստացվում է, որ ամբողջ կռիվը երկաթգծի բացման համար է: Հենց Գյումրի-Ղարս երկաթգիծը պետք է Հայաստանի համար Թուրքիայի տարածքով լայն շուկաներ բացեր:
Այնուամենայնիվ, ի՞նչ կպատահի, եթե բացվի հայ-թուրքական սահմանը:
«Եթե սահմանը փակ է, ու այսքան ապրանք է ներմուծվում, պատկերացնո՞ւմ եք` ինչ տեղի կունենա, երբ սահմանը բացվի,- ասում է Հայ ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: -Մենք պետք է մեր արտադրողին պաշտպանենք թուրքական հեղեղից: Եվ հետո` մեր ապրանքաշրջանառության մեծ մասը տեղի է ունենում ԱՊՀ երկրների հետ: Ի՞նչ ենք արտահանում, հիմնականում ալկոհոլային խմիչք, այն էլ` ԱՊՀ երկրներ: Մենք պետք է շահագրգիռ լինենք, որ բացվի Աբխազիայի երկաթգիծը: Դա մեր արտադրողի համար փրկություն կլինի»:
«Թուրքական ապրանքը վաղուց հայկական շուկայում առկա է, մրցակցում է այլ երկրների եւ տեղական արտադրանքների հետ, ունի իր որոշակի նիշան, եւ նրան բնավ էլ չհաջողվեց ամբողջովին զավթել հայկական շուկան,- ասում է Արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: -Դեռ ավելին՝ վերջին 4-5 տարիների ընթացքում թուրքական ապրանքը դուրս մղվեց առաջին հերթին տեղական արտադրության, հատկապես` սննդամթերքի վերամշակման արտադրության եւ եվրոպական արտադրության հաշվին: Այն վախը, որ եթե սահմանները բացենք` թուրքական ապրանքը կհեղեղի Հայաստանը, անհիմն է, որովհետեւ այդ հեղեղման վտանգն 90-ականների սկզբին հաղթահարվել է: Մեր գործարարներն արդեն կայացել են եւ սովորել են ներմուծել ոչ միայն հարեւան, այլ ավելի հեռավոր երկրներից: Թուրքական ապրանքի ներկրման իմաստով Հայաստանը երբեք պրոբլեմ չի ունեցել: Սահմանների բացման հետեւանքով մենք կունենանք ոչ թե թուրքական ապրանքների, թուրքական տնտեսության կողմից Հայաստանի զավթում, այլ` բնական հարեւանի հետ մրցակցություն»:
Եթե կհիշեք՝ մի երկու տարի առաջ AEPLAK կենտրոնի տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ինչ-որ ուսումնասիրություններ էր կատարել եւ եկել եզրահանգման, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար իրականում տնտեսական էական նշանակություն չի կարող ունենալ: Նրա տվյալներով` 1 տարվա կտրվածքով Հայաստանի ՀՆԱ-ն կաճի ընդամենը 0,67 %, արտահանումը՝ 5,23 %, իսկ հինգ տարվա կտրվածքով՝ համապատասխանաբար` 2,7 % եւ 17,7 %: Այս ուսումնասիրությունը կարծես թե մեզ տրամադրում է այն մտքին, որ պետք չէ շատ ոգեւորվել Թուրքիայի սահմանի բացվելով, դա այնքան էլ մեծ օգուտներ չի տա, մանավանդ, որ այսուհետ 100 տարի էլ կարող ենք զարգանալ շրջափակման պայմաններում, իսկ մեր գործարարները շատ են վախենում թուրքական ապրանքից:
«Սահմանները բացելուց հետո այդ ապրանքը կշատանա, եւ մեզ մոտ մրցակցություն կստեղծվի,- ասում է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: -Ուղղակի դա մեր օլիգարխներին ձեռք չի տա: Եվ իզուր չէ, որ որոշ հաշվարկներ կան, թե Թուրքիայի սահմանի բացումը կարող է բերել չնչին բարելավման: Իմ կարծիքով` դա արված է իրենց պատվերով: Թուրքական ապրանքի մրցակցության դեպքում օլիգարխները կզրկվեն իրենց արտադրության ու ներմուծման մենաշնորհից: Իսկ դրա հետեւանքն էլ այն կլինի, որ շահելու է առաջին հերթին ժողովուրդը, գները կիջնեն: Եթե մենք թուրքական ապրանքներից ենք վախենում, ապա զարգացած երկրների ապրանքի հետ ինչպե՞ս ենք մրցելու: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան այնքան էլ զարգացած երկիր չէ, բա այսօր-վաղը մենք ուզում ենք մտնել Եվրամիության շուկաները, բա ո՞նց ենք մտնելու: Ես համոզված եմ, որ այդպիսի պրոտեկցիոնիզմը կատարվում է օլիգարխների թելադրանքով, որպեսզի իրենք ունենան գերշահույթներ»:
Բացի այն, որ թուրքական ապրանքը կմտնի Հայաստան ու մրցակցություն կստեղծի, կամ մեր արտադրանքը կսպառվի Թուրքիայի շուկայում, սահմանի բացումն անուղղակի շատ այլ տնտեսական էֆեկտներ էլ կբերի՝ ճանապարհ կբացի դեպի Մերձավոր Արեւելքի երկրներ: Հայաստանի համար Թուրքիայի շուկա մտնելուց առավել կարեւոր է արաբական երկրների շուկան: Փորձագետները հավատացնում են, որ խորհրդային կարգերի ժամանակ Հայաստանի հաստոցաշինական, սարքաշինական եւ էլեկտրաշինական արտադրանքի 70 տոկոսը սպառվում էր Մերձավոր Արեւելքի երկրներում:
«Մինչեւ հիմա Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում ու արաբական այլ երկրներում հիշում են եւ գիտեն Հայաստանի կաբելը, հաստոցները, պոմպերը, էլեկտրաշարժիչները,- ասում է Է.Աղաջանովը: -Թուրքիայի հետ ճանապարհը որ բացվի, մեր տասնյակ գործարաններ կարող են վերագործարկվել: Բացի այդ, դուրս ենք գալու աշխարհի խոշորագույն շուկաներ՝ Պակիստան, Հունաստան, Հնդկաստան: Մենք մոռանում ենք դա: Մենք մտնելու ենք այնպիսի շուկաներ, որ բարձր մրցակցություն չի պահանջելու: Այդ երկրների շուկան Գերմանիայի շուկան չէ, որ մեր արտադրողը չկարողանա մրցել: Այնտեղ մեր պոմպերը եւ էլեկտրատեխնիկան մեծ հաճույքով կգնեն: Ինչո՞ւ միայն խմիչք ու սննդամթերք արտադրելու մասին մտածենք, չէ՞ որ մենք ունեցել ենք արտադրության այլ ճյուղեր, որոնք ավելի եկամտաբեր են»:
Գյումրի-Կարս երկաթգիծը Հայաստանը կդարձնի տարանցիկ երկիր: Ռուսաստանի, Վրաստանի, նաեւ Ադրբեջանի ու ԱՊՀ երկրների բեռնաշրջանառությունը կարող է Հայաստանի տարածքով անցնել: Իսկ աբխազական երկաթուղին դժվար թե մեր երկրին այդչափ օգուտներ բերի, որովհետեւ այդ ճանապարհով Հայաստանը տարանցիկ երկիր չի դառնա:
«Գնացքը գալու է դեմ առնի Գյումրիի դեպոյին, դեպի առաջ ճանապարհ չկա,- ասում է Է. Աղաջանովը: -Աբխազիայի երկաթգիծը հակակշիռ չի կարող լինել Գյումրի-Կարս երկաթգծին: Եվ հետո՝ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 20-21 տոկոս: Հայաստանի ապրանքաշրջանառության 40 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին: Մեր ապրանքաշրջանառության ծավալներն աճել են նաեւ Միացյալ Նահանգների հետ, պաշտոնական վիճակագրությունն է դա ասում»:
Մենք Թուրքիայից կամ Թուրքիայի ճանապարհներով կարող ենք շաքարավազ, նավթամթերք ու այլ ապրանքներ ներմուծել, մրցակցություն ստեղծել եւ տնտեսություն զարգացնել: Բայց երբ հիշում ենք, թե այդ ապրանքների ներմուծման մենաշնորհն ում է պատկանում, եւ դրանից առաջացած շահույթի հետ ինչ կապ ունեն մեր իշխանությունները, արդեն հասկանում ենք, թե մերոնք ինչու շահագրգիռ չեն Թուրքիայի սահմանի բացմամբ: Այստեղ քաղաքական խնդիրը հետին պլան է մղվում, եւ առաջ է գալիս միայն սեփական շահը:
Սակայն, ինչպես կասեր Արսեն Ղազարյանը, որը նաեւ հայ-թուրքական տնտեսական զարգացման հանձնաժողովի համանախագահն է, թուրքական սահմանը կբացվի այսօր կամ երբեք: Մեր երկու երկրների, առավելեւս` Թուրքիայի ղեկավարությունն ու հասարակությունը պատրաստ չեն հարաբերություններ զարգացնել: Սակայն, վաղ թե ուշ, մենք կանգնելու ենք այդ իրականության առաջ, ինչքան էլ որ դա մեր որոշ արտադրողներին ու ներկրողներին, նաեւ հարեւաններին դուր չգա: