Հայրս սոցիալիստ է, ես` լիբերալ

16/07/2006 Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ

– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ձեր հայրը` Ռազմիկ Դարբինյանը, օրերս հրապարակավ ցանկություն է հայտնել անդամակցել ՀՅԴ-ին:

– Ես այդ հանգամանքը բացատրում եմ Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտի այլասերվածության, աղճատվածության եւ քանդվածության ամենաբարձր աստիճանով: Եվ մեր հայրերի, ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր իրենց բնույթով, տեսակով հանդիսանում են սոցիալիստական եւ ազգայնական գաղափարախոսության կրողներ, նրանց համար այնքան էլ մեծ չէ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ընտրությունը: Թերեւս դա է պատճառը, որ հայրս, լինելով քաղաքականապես բավական ակտիվ ու պատասխանատու անձնավորություն, կատարել է այդ ընտրությունը:

– Իսկ ձեր ղեկավարած «Արժանապատիվ ապագա» կուսակցությունն ինչո՞վ ձեռք չէր տալիս ձեր հորը, որպեսզի նա անդամակցեր հենց դրան:

– Իմ ղեկավարած կուսակցությունը հանդիսանում է լիբերալ եւ ազատական գաղափարների ջատագով կուսակցություն: Հայրս եւ ընդհանրապես ավագ սերնդի ներկայացուցիչները չեն կարող դասվել լիբերալների շարքը: Նրանք, այդ թվում` եւ հայրս, լիբերալ չեն իրենց բնույթով: Ինչպե՞ս կարող են նրանք անդամակցել իմ կուսակցությանը, եթե լիբերալ չեն, այլ սոցիալիստ են: Դա է պատճառը:

– Քանի որ խոսք գնաց լիբերալ կուսակցությունների մասին, որքանո՞վ են ճիշտ լուրերը, թե «Արժանապատիվ ապագան», ՄԱԿ-ը եւ Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունն այս օրերին բավական ակտիվ շփումների մեջ են իրար հետ, եւ նպատակ ունեն առաջիկայում աջ-ազատական դաշինք կազմել:

– Մեր կուսակցությունը որեւէ ալյանսի մասնակցելու մտադրություն չունի: Կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին` հաղթելու ծրագրով:

– Սակայն, ի տարբերություն մյուս կուսակցությունների, «Արժանապատիվ ապագան» այսօր բավական պասիվ է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալող որեւէ կուսակցություն չկա: Եվ այսօր այդ իմաստով հարաբերական է եւ ակտիվությունը, եւ պասիվությունը: Էությունը կայանում է նրանում, որ ինչ-ինչ ճանապարհով, հիմնականում ոչ արդար եղանակով, ստացած գումարները ծախսվում են անհասկանալի նպատակներով: Ես նրանց ակտիվությունը չեմ հասկանում եւ չեմ կիսում: Բնականաբար, իմ ղեկավարած կուսակցությունը նման ակտիվությամբ չի առանձնանալու:

– Միանշանակ կարո՞ղ եք ասել, որ ընտրություններին «Արժանապատիվ ապագան» մասնակցելու է միայնակ:

– Մեր կարիքը գուցե շատ ու շատ ուժեր ունեն: Բայց մենք որեւէ ալյանսի կարիք չունենք: Մեզանով բավական ուժեղ ենք զգում գաղափարապես, եւ պրոֆեսիոնալ քաղաքական դաշտում մենք մեզ մրցակից չենք տեսնում:

– Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ձեր «գաղափարապես ուժեղ» կուսակցությունը ԱԺ նախորդ ընտրություններին չկարողացավ հաղթահարել պահանջվող 5 տոկոսի շեմը եւ մանդատներ չստացավ: Եվ ընդհանրապես, ի՞նչ երաշխիք, որ առաջիկա ընտրություններում էլ նույնը չի կրկնվի:

– Իհարկե, ոչ մի երաշխիք չկա: Երաշխիքն ընդամենը ժողովրդի արթուն կամ քնած լինելն է: Եթե ժողովուրդն արթուն եղավ, ապա դա կլինի մեր ամենամեծ երաշխիքը: Հակառակ պարագայում, ոչ մի կուսակցություն չի կարող խորհրդարան մտնել: Միեւնույն ժամանակ, համաձայն չեմ, որ մեր կուսակցությունը նախորդ ընտրություններին պարտվել է: Ընտրությունների ոչ արդար անցկացումն ու ընտրությունների արդյունքների կեղծումը բերեցին այն կեղծ արդյունքներին, որոնք հրապարակվել են: