Ինչո՞ւ են հայերը խուճապի մատնվում

16/07/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Կարելի է ասել, որ հայերը «պանիկյոր» ժողովուրդ են: Հերիք է` աշխարհում մեկը մի բան ասի, կամ, Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչ-որ բան պատահի, որ դա ընդունելով հիմք, հայերը սկսեն տարբեր վերլուծություններ անել: Մի քանի ամիս առաջ, երբ սկսվեց «թռչնագրիպի շուխուռի դարաշրջանը», հայերն ազգովի որոշեցին, որ հավը ոչ թե թռչուն է, որից կարելի է բազմազան համեղ ուտեստներ պատրաստել, այլ բիոլոգիական զենք:

Իրականում, այդ «շուխուռին» նպաստեց նաեւ մեր սիրելի քարոզչամեքենան, որը փոխարենը բացատրեր, որ աշխարհում սովորական գրիպից տարեկան մահանում է հազար անգամ ավելի մարդ, քան այդ չարաբաստիկ թռչնագրիպից, թութակի պես միայն կրկնում էին, որ Հայաստանում առայժմ թռչնագրիպ չկա: Նման «բացատրական աշխատանքը» հանգեցրեց նրան, որ մարդիկ ամեն րոպե մտածում էին, թե առայժմ չկա, բայց շուտով կլինի: Երբ Զիդանը գլխով հարվածում է Մատերացցիին, մենք ազգովի խուճապահար ենք լինում եւ սկսում քննարկել այդ խնդիրը, կարծես մեր բոլոր խնդիրները արդեն վաղուց լուծված են, մնացել է ֆրանս-իտալական ֆուտբոլային «ռազբոռկեն»: Նման դեպքերում մեր նախնիները կասեին. «Սաղ պարերը պարել էինք, մնացել էր սարի տրնգին»: Երբ դոլարի կուրսն «ազատ անկման արագացումով» ընկնում է, ոչ ոք չի մտածում լուրջ վերլուծություններ անել, եւ կոնկրետ անձանց պատասխանատվության ենթարկել: Բոլորը խուճապի են մատնվում, եւ սկսում են «խուրդել» եղած դոլարը, իսկ արտերկրում գտնվող բարեկամներին խնդրում են, որ այսուհետ լավություն անեն «եվրոյով», առանց հասկանալու, որ եթե ինչ-որ մեկին պետք լինի, նույն հաջողությամբ եվրոյի կուրսը կսկսի իջնել («խի տե՞նց բաներ ենք իջացրել»): Իսկ հայրենի քաղաքական դաշտը, որի կայունության մասին այդքան շատ սիրում են խոսել դաշնակները, ընդհանրապես հիմնված է «բլդուխի» սկզբունքի վրա: Հերիք է մեկը մի քայլ կատարի (անկախ նրանից` դա ստանդա՞րտ քայլ է, թե՞ ստանդարտից դուրս), բոլորը խուճապի են մատնվում: Օրինակ, երբ մեկը հայտարարում է, որ նոր կուսակցություն է բացվում, հայերի ընտրող հատվածն անհամբեր սկսում է սպասել, թե երբ են սկսելու փող բաժանել, իսկ ընտրվող հատվածը սկսում է մտածել, թե որ հայտնի քաղաքական գործիչը կամ մտավորականը երբ է հայտարարելու այդ կուսակցությանն անդամակցելու մասին: Իսկ վերջին 10-15 օրերը խուճապի մատնեցին անգամ մանկապարտեզի երեխաներին: Չգիտես ինչու Սերժ Սարգսյանի՝ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու լուրը դարձել է գլոբալ քննարկման առարկա: Օրինակ, Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ «Սա ֆորս-մաժորային տարբերակն է: Այդ ֆորս-մաժորային տարբերակի մասին ես ասում էի, որ Սերժ Սարգսյանը կղեկավարի մի ցուցակ` Հանրապետական կուսակցության ցուցակը, որը կդառնա գերկուսակցություն եւ իր շուրջ կհամախմբի բոլոր մյուս իշխանական ուժերին, եւ կստեղծվի, այսպես ասած, մի հարվածային ուժ, որը կներառի իշխանության ամբողջական ռեսուրսները»: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Հմայակ Հովհաննիսյանը կամ վերջին երեք տարիներին բացակայել է հանրապետությունից, որովհետեւ դեռ 2003-ին պաշտպանության նախարարը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն էր, եւ չեմ կարծում, որ այն ժամանակ դա ֆորս-մաժորային տարբերակ էր, կամ պարոն Հովհաննիսյանը բավականին հետաքրքիր PR է անում Սերժ Սարգսյան- Հանրապետական տանդեմին` խուճապի մատնելով մնացած ուժերին: Դժվար թե նա ցանկանա խուճապի մատնել ընդդիմությանը (ոչ այն պատճառով, որ չի ուզում, այլ այն պատճառով, որ ընդդիմությունն այնքան վաղուց է խուճապի մեջ, որ ավելի մեծ էֆեկտի դժվար է հասնել), ապա կարելի է ենթադրել, որ պարոն Հովհաննիսյանի մեսիջն ուղղված է իշխանամետ, բայց ոչ հանրապետականամետ հատվածին: Հենց նմանատիպ մեսիջների հետեւանքով ոչ վաղ անցյալում «Օրինաց Երկրում» սկսվեց խուճապահար առնետավազքը: Չէ՞ որ նրանց էլ էր երկար ժամանակ Հմայակ Հովհաննիսյանը փորձում ինչ-որ բաներ հասկացնել: Հո պարոն Հովհաննիսյանը մեղավոր չէ՞, որ նրանք այդպես էլ չհասկացան: Իսկ ընդհանրապես ես լավատես եմ, եւ գտնում եմ, որ ամեն մարդ ազատ է իր ընտրության մեջ, անկախ նրանից, թե որքանով է հայտնի հասարակությանը: Եվ դա չպետք է խուճապի առիթ դառնա որեւէ մեկի համար: Ավելի ճիշտ կլինի, որ մենք ոչ թե խուճապի մատնվենք համակարգչային վիրուսներից կամ թռչնագրիպից, ոչ թե քաղաքական դաշտի բնական տեղաշարժերից, այլ ավելի մեծ ուշադրություն դարձնենք, ասենք, մեր էկոլոգիական խնդիրներին, որի հետեւանքով Երեւանը դառնում է անապատ, եւ տներում արդեն օձեր եւ կարիճներ են հայտնվում: Ուշադրություն դարձնենք մեր երեխաների կրթական խնդիրներին, որովհետեւ տասնավարտ երեխաների մեծ մասը չի կարողանում գոնե մեկ հոդաբաշխ նախադասություն նորմալ արտասանել: Ես հասկանում եմ, որ մենք «ջիգյարով» ժողովուրդ ենք, բայց կան պահեր, որ «սառը» մտածելակերպը շատ ավելի լավ արդյունքի է բերում, քան խուճապը: