1. Վերջերս երկու իրադարձություն ցնցեց գրեթե քնատ քաղաքական Երեւանը:
ա) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը (2006, հուլիսի 3), բ) «Միջազգային ճգնաժամային խմբի» («Crisis Group») կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությունը (2006, հուլիսի 7):
Եվ այս ամենը, բնականաբար, ղարաբաղյան հարցի շուրջ էր: Այս հայտարարությունների էությունը բանակցությունների փակուղին է, անկանխատեսելի ապագան…
Հասկանալու համար ողջ իրավիճակը` հարկավոր է ձեւակերպել մի քանի հարցեր, որպեսզի բացատրենք քաղաքական գործիչների եւ հասարակ քաղաքացիների այսօրվա իրարանցումը ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ այստեղ` Երեւանում, կամ այնտեղ` Բաքվում: Արդյոք այդ հարգարժան կազմակերպությունների եւ մասնագետների կասկածները (ինչպես նրանք են գրում, «սպառված է մեր երեւակայությունը` հասկանալու համար կարգավորման հիմքերը, ձեւակերպելու դրանք եւ վերջնական տեսքի բերելու») որեւէ հիմք ունե՞ն, եւ եթե այո, ապա ինչպիսի՞: Նաեւ, թե ի՞նչ իրական փաստերից են դրանք կազմված, ո՞րն է վերլուծությունների տրամաբանությունը եւ որքանո՞վ են դրանց արդյունքներն իրականությանը մոտ:
2. Սրանք հենց այնպես տրված հարցեր չեն, սրանք վերաբերում են բոլոր հայերին ոչ միայն Հայաստանում եւ Ղարաբաղում, այլեւ ամբողջ աշխարհում: Սա վերաբերում է մեր բզկտված հայրենիքին եւ կապված է ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ հետ, որը վերջնականապես ավերվեց ու կոտրվեց Առաջին համաշխարհայինի տարիներին ու դրանից հետո, ինչն իրականացրին երկու վերստեղծված պետություններ` քեմալական Թուրքիան եւ ԽՍՀՄ-ը:
Ազգային երկրի վերականգնումը կօգնի յուրաքանչյուր հայի, որտեղ էլ որ նա ապրելիս լինի, զգալ ներքին արժանապատվություն, վերականգնել ներքին ազատությունը… Եվ ստալինյան Մոսկվայի կողմից Մայր հայրենիքից խլված ու տասնյակ տարիներ շահագործված եւ ստորացված Լեռնային Ղարաբաղը մտնում է հարցերի այս համակարգի մեջ, որ ԽՍՀՄ-ի փլուզման պահին հայ ժողովուրդը հասցրեց տրամաբանական ավարտին, այսինքն` վերամիավորմանը: Տասնամյակները չէին կարողացել կոտրել Ղարաբաղի հայերի կամքն ու ոգին, եւ հենց որ նրանք զգացին ԽՍՀՄ-ում դեպի ժողովրդավարացում տանող փոփոխությունները, ժողովուրդը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում եւ` իրավական ակտերով, ամրակայեց իր կամքը սեփական հողում: Խորհրդային Հայաստանն արեց հնարավոր ամեն ինչ, որ հայոց աշխարհը սկսի վերականգնվել, քանի որ դա բխում է հայ ժողովրդի մտածելակերպից: Իսկ Ադրբեջանի ակնհայտ սադրիչ ագրեսիան Ղարաբաղը հետ մղեց արժանապատվորեն ու աներկբա: ԽՍՀՄ-ի փլուզման հետ մեկտեղ վերացան եւ՛ Խորհրդային Ադրբեջանն ու Խորհրդային Հայաստանը, եւ՛ Խորհրդային Ղարաբաղը, մնաց Ղարաբաղի` մեր կենդանի հայրենիքի, մեր կենդանի պատմության կարեւորագույն հատվածի անջատման փաստի օրինականությունը, հատված, որ մեզանից խլել ու բզկտել էին: Իսկ մեր պետական սահմաններն իրենց ուզածի պես վերաձեւվել էին եւ՛ անգլիացիների, եւ՛ բոլշեւիկների կողմից: Ժողովուրդն ասաց. «Բավակա՛ն է»: Եվ ոչ ոք, անգամ` բոլշեւիկները, չկարողացան ոչնչացնել ոգին ու ազատասիրությունը, քանզի Ղարաբաղի հայերը չէին ուզում հանձնվել թշնամու ողորմածությանը: Իսկ այն, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը միշտ էլ թշնամաբար է վերաբերվել իր ինքնավար մարզերի հայերին՝ փաստ է:
3. Կարող եմ ավելի որոշակի արտահայտվել. համաշխարհային պատմության շատ էջեր, իրադարձություններ նորից են գրվելու: Հայաստանը, ինչպես ցանկացած հնագույն երկիր` հարուստ կարեւոր նշանակություն ունեցող պատմական իրադարձություններով (չէ՞ որ մի ժամանակ Հայաստանը եղել է հզորագույն պետություն, կարեւոր դեր է խաղացել հին դարերի միջազգային կյանքում)` պատրաստ կլինի հարստացնելու համաշխարհային պատմագրությունը եւ պաշտպանելու իր շահերը:
4. Եղավ Սաբինա Ֆրեյզերի հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների այսօրվա վիճակը շատ ավելի հեռու է խաղաղությունից ու կարգավորումից, քան 2005-ին էր` Ռամբույեի հանդիպումից առաջ: Իսկ Մինսկի խումբը խոսում է բանակցությունների արդյունքների մասին` իբրեւ ֆիկցիայի կամ փակուղու: Նրանք նոր միջնորդնե՞ր են առաջարկում: Այդ մասին ես գրել եմ դեռ 1997-ին:
Այժմ կուզենայի հարցնել. այդ ի՞նչ նախադրյալներից ելնելով է հնարավոր իրադարձությունների զարգացման վտանգավոր սցենարը: Ի՞նչ արտասովոր, արտակարգ բան է կատարվել (որ մեզ հայտնի չէ), որ ոչ անհայտ միջազգային կազմակերպության լուրջ վերլուծաբանն այդպիսի եզրակացություններ է անում: Միգուցե հայտնվել է մի նոր գաղտնի ուժեղ վեկտոր` ի օգնություն մեր ընդդիմախոսների՞: Թե՞ վերջերս շահագործման հանձնված նավթամուղի անվտանգությունը կարեւոր չէ: Եվ Ադրբեջանի ռազմական գործողությունները նավթամուղի անմիջական հարեւանությամբ ձեռնտու են նրա նավթային գործընկերներին: Թե՞ այդ նախագծի տնտեսական ու քաղաքական օգուտները ոչ մի դեր չունեն ոչ Ադրբեջանի, ոչ Վրաստանի, ոչ Թուրքիայի համար, էլ չենք խոսում միջազգային կոնսորցիումի եւ նավթի համաշխարհային շուկայի մասին: Իսկ միգուցե Ադրբեջանի բանակն այնքան է հզորացել, որ հարցը կլուծվի մի քանի շաբաթվա ընթացքում, եւ ոչ մի հնարավորություն չկա ազատվելու «բլից կրիգ»-ից: Իսկ գուցե հայկական կողմը, ունենալով ավելի ուժեղ ու հզոր բանակ, որոշել է «նիզա՞կ ճոճել», թե՞ բանակցային խաղի կանոններն այնպես են փոփոխվում, որ մենք չենք կարողանում հասկանալ ու ըմբռնել փաստարկների ու վարքագծի նոր տրամաբանությունը: Միգուցե Մինսկի խումբը ժամանակային ռեսուրս չունի՞, կամ էլ բանակցողները նո՞ր են հասկացել, որ նախագահների միջեւ բանակցությունները զուտ իմիտացիոն բնույթ են կրում: Միգուցե միջնորդները չգիտե՞ն, որ այդքան նուրբ, այդքան բազմաշերտ եւ միաժամանակ ակնհայտ ու պարզ հարցը չի կարող այդպես արագ լուծվել (հայերն իրենց Վերածննդի շրջադարձային պահին շատ դարեր են սպասել եւ դրա համար չափազանց թանկ են վճարել): Թե՞ աշխարհի բոլոր հարցերը լուծված են, ու մնացել է միայն այս հարցը, ու այն պետք է անհապաղ փակել: Հարցերը կարելի է շարունակել…
5. Այս հակամարտության ամենակարեւոր հարցերից մեկն այն է, որ հայկական կողմի համար հայոց աշխարհի վերականգնումը մտնում է մի մեծ համակարգի մեջ` կապված ցեղասպանության եւ Ղարաբաղի հետ մասնավորապես: Թեեւ ինձ թվում է` բանակցային գործընթացը դա չի ներառում: Սակայն իզուր չէ դրանք ներառում այն փաստարկների համակարգի մեջ, որոնք կազմում են բանակցությունների փաթեթը: Թեեւ հիմա էլ ուշ չէ Ղարաբաղի խնդիրը դիտարկել Հայոց ցեղասպանություն կոչված հրեշավոր գործընթացի նկատմամբ վերաբերմունքի մեծ կամ ընդլայնված համակարգի մեջ: Եվ այստեղ էլ հենց հնարավոր դինամիկա կա հայոց աշխարհի վերականգնման եւ Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ: Նույն այդ երկրները, այդ թվում` եւ եվրոպական, բանակցությունների այս տարիների ընթացքում ճանաչել են Ցեղասպանությունը, եւ դա ոչ մի կերպ չի անդրադառնում բանակցային գործընթացի, ղարաբաղյան կարեւորագույն խնդրի վրա, որը տոտալիտար երկրի ներսում Հայաստանից մի ողջ շրջանի անդամահատման ուղղակի զոհն է դարձել: Ղարաբաղի ժողովուրդն իր մեջ ուժ եւ կամք գտավ կրկին վերամիավորվելու Հայաստանի հետ: Սա այն վերջնական արդյունքն է, որ տեսնում է հայ ժողովուրդը, եւ չեն տեսնում շատ վերլուծաբաններ ու մասնագետներ, քանի որ տնտեսական կողմը մի ժողովրդի համար, որ գտնվել է ոչնչացման եզրին, ընդամենը մի բաղադրիչն է, ոչ ավելին: Եվ որքան էլ վատ լինի Հայաստանում, ինչպիսին էլ որ լինեն իշխանությունները, ինքնագիտակցության այս կարեւորագույն հարցն իրական ուժ է եւ կամք` 10 մլն-անոց ազգի համար, որտեղ էլ որ նա ապրելիս լինի, քանի որ նա լավ կազմակերպված է իբրեւ սփյուռք:
6. 1988-ից մինչեւ օրս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ շատ դրույթների, փաստարկների, մեկնաբանությունների եւ փաստերի բավականին էական փոխակերպում է տեղի ունեցել: Դրանք, ինչպես երեւում է, հետագայում էլ պետք է էվոլյուցիա ապրեն: Մասնավորապես, ինչպե՞ս կարելի էր փաստարկներից դուրս թողնել Ցեղասպանության փաստն ու հայոց աշխարհի վերականգնումը: Սակայն հուսով եմ, որ բանակցային գործընթացը կենդանի է եւ անաչառ:
7. Հայաստանի համար` իբրեւ պետության, ցեղասպանության հարցն ու հայոց աշխարհի վերականգնումը ՄԻԱՍՆԱԿԱՆ, կարեւորագույն հարցեր են, եւ դրանց կոնցեպտուալ ընկալումն ու ԱԳՆ-ի մակարդակով միջազգային ասպարեզ դուրս բերելը Հայաստանի համար, իբրեւ պետության, պետք է լինի կարեւորագույններից մեկը, մի բան, որ այսօր չի նկատվում: Հսկայական հոգեւոր, բարոյական, կամային, ինտելեկտուալ, ֆիզիկական եւ ֆինանսական ռեսուրսները, որ ծախսվել են դրա ձեւավորման եւ առաջքաշման վրա, պետք է ճիշտ ընկալվեն այսօրվա իշխանությունների կողմից եւ սահուն կերպով ներգրավվեն բանակցային գործընթացի մեխանիզմի ու բովանդակության մեջ: Այդ արվեստը մենք դեռ պետք է սովորենք, թեեւ ժամանակը սուղ է: