Ռուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետի փակումը Հայաստանում շատերն ընկալեցին որպես անձնական վիրավորանք: Բայց վիրավորվելու կարիք չկար. ամենայն հավանականությամբ, ռուսները պարզապես մոռացել էին Հայաստանի մասին: Այո, Ռուսաստանում Վրաստանն ընկալում են որպես թշնամական երկիր եւ համապատասխան քայլերի են դիմում, իսկ Հայաստանն ընդհանրապես ոչ թշնամական են համարում, ոչ բարեկամական: Պարզ ասած, ոչ մի բան էլ չեն համարում: Դրա համար էլ մոռանում են մեզ նախապես զգուշացնել, որ սահմանը որոշ ժամանակով փակվելու է:
Ընդհանրապես, Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի նկատմամբ վարվում են առանց ավելորդ ձեւականությունների` համարելով, որ դրա կարիքը չկա: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը կարելի է ձեւակերպել մի նախադասությամբ` «ա կուդա՞ անի նա՛ ֆիգ ձենուտցա»: Ընդ որում, սա ոչ թե ընդամենը իրավիճակի արձանագրում է, այլ երկարատեւ եւ հետեւողական քաղաքականության արդյունք: Ռուսաստանը տասնամյակներ շարունակ արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իսկապես «փախչելու տեղ չունենա», եւ հիմա էլ շարունակում է նույն քաղաքականությունը: Իսկ մեզ մնում է միայն արձանագրել, որ քանի դեռ Գյումրի-Կարս երկաթուղին փակ է, իսկ հայ-իրանական գազամուղի տրամաչափը ռուսներն են որոշում, հայկական ծիրանը շարունակելու է փչանալ Կազբեգիի ոլորաններում, եւ ռուսները հարկ չեն համարելու մեզ նախօրոք զգուշացնել, որ որոշել են մի թեթեւ նորոգել սահմանային անցակետը կամ գազամուղը:
Այո, հայկական քաղաքական միտքն ավանդաբար ձեւավորվել է Ռուսաստանում կամ Ռուսաստանի անմիջական վերահսկողության տակ, եւ ընդհանուր առմամբ մոտ երկու դար շարունակվող այս պրոցեսի «մեխը» եղել է այն, որ հայերի համար արեգակը ծագում է հյուսիսից, իսկ Արեւմուտքը («Նենգ Եվրոպը») միայն մի նպատակ ունի` բարոյազրկել, ապականել եւ ի վերջո կործանել Հայաստանը: Այս քարոզը շարունակվում է նաեւ այսօր եւ իրականացվում է մեծ հմտությամբ: Օրինակ, հետեւողական քարոզչության արդյունքում բանը հասել է այնտեղ, որ «Եվրախորհուրդ» բառն առաջին հերթին ասոցիացվում է արվամոլության եւ աղանդների հետ: Բայց սա միայն առաջին` արեւմտյան արժեքների նկատմամբ զգայական մակարդակով համակրանք առաջացնելու փուլն էր: Հաջորդ փուլն ավելի լավ էր մտածված: Այն է` «Արեւմուտքը մեզ միաժամանակ առաջարկում է եւ՛ Ադրբեջանին վերադարձնել գրավյալ տարածքները, եւ՛ Հայաստանում ժողովրդավարություն հաստատել: Ադրբեջանին հենց այնպես տարածքներ վերադարձնելն անընդունելի է, հետեւաբար` անընդունելի է նաեւ ժողովրդավարության հաստատումը: Ինքներդ տեսեք` ժողովրդավարություն քարոզողներն այն նույն սրիկաներն են, ովքեր մեզանից պահանջում են տարածքներ վերադարձնել»: Այս քարոզչական հնարքը բավականին արդյունավետ է գործում: Այնքան արդյունավետ, որ իշխանական լրատվամիջոցները սրերով են ընդունում Հայաստանում ազատ-արդար-թափանցիկ ընտրություններ անցկացնելու ցանկացած պահանջ:
Ի՞նչ են պահանջում միջազգային կազմակերպությունները: Չեն պահանջում ոտնահարել մեր ազգային ավանդույթները, չեն պահանջում պղծել ազգային արժեքները… Ընդամենը պահանջում են իրականացնել այն, ինչ գրված է մեր իսկ Սահմանադրության մեջ (որն, ի դեպ, ամենեւին էլ իրենք չեն թելադրել մեզ): Պահանջում են, որ իշխանությունները ձեւավորվեն արդար ընտրությունների միջոցով, որ ընտրակեղծիքներ չլինեն, որ թվեր չնկարվեն, եւ այլն: Վա՞տ բան են պահանջում: Մի՞թե հասկանալի չէ, որ հասարակությանը պարզապես խաբում են` քարոզելով, թե ժողովրդավարություն հաստատել` անպայման նշանակում է նաեւ կատարել Արեւմուտքի մյուս պահանջը եւ վերադարձնել ազատագրված տարածքները:
Գոյություն ունի եւս մի շատ տարածված քարոզչական հնարք: Այն հնչում է մոտավորապես այսպես. «Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, մենք փաստացի պատերազմի մեջ ենք, մեզ ուժեղ ավտորիտար ռեժիմ է պետք»: Սա նույնպես լավ մտածված սուտ է: Թուրքմենստանն, օրինակ, ոչ մի երկրի հետ ոչ մի տարածքային վեճ չունի, բայց բռնապետական երկիր է, իսկ Իսրայելն, արդեն 60 տարի է, գտնվում է փաստացի պատերազմական վիճակում, բայց ժողովրդավարական երկիր է: Ավելին` հենց ժողովրդավարության շնորհիվ է, որ 60 տարի շարունակ հաղթում է: Այսինքն, հենց նրա համար, որ մենք փաստացի պատերազմական վիճակում ենք, մեզ ժողովրդավարություն է պետք: Թե ինչպես կհաստատվի այդ ժողովրդավարությունը` այլ հարց է: Ուրիշ բան, որ քանի դեռ Հայաստանում ժողովրդավարություն չի հաստատվել, ռուսները միշտ իրավունք կունենան ասել` «ա կուդա՞ անի նա՛ ֆիգ ձենուտցա»: