Ռուսական «Իզվեստիա» թերթը երեկ տպագրել է մի հոդված այն մասին, թե ինչով են զբաղվում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների երեխաները: Ըստ այդմ, Վիկտոր Յուշչենկոյի որդին վարում է Կիեւում միակ BMW M6-ը, որն արժե 130 հազար եվրո, եւ խոսում է 25 հազար դոլար արժողությամբ «Վերտու» բջջային հեռախոսով, իսկ ռեստորանում կարող է 1000 դոլարանոց շամպայն պատվիրել: Նախագահականում պնդում են, որ նա ծախսում է օրինական ճանապարհով վաստակածը՝ 20-ամյա Անդրեյն աշխատում է խորհրդատվական ընկերություններում, եւ նրան են պատկանում «նարնջագույն հեղափոխության» բոլոր խորհրդանիշերի (brand) հեղինակային իրավունքները: Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին հոր մոտ է աշխատում՝ որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական: ԱՊՀ երկրների ղեկավարների զավակներից ամենահարուստը Իսլամ Քարիմովի դուստրն է: Գյուլնարան Տաշքենդում ոսկերչական խանութների ցանց ունի: Իսկ Ղազախստանի ամենահարուստ կինը Նուրսուլթան Նազարբաեւի դուստր Դարիգան է: Նա գլխավորում է մի քանի լրատվամիջոց: Երեք տարի առաջ նա նաեւ երգել է Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում եւ երազում է «Լա Սկալա»-ի բեմի մասին: Իլհամ Ալիեւի դուստրը՝ գեղեցկուհի Լեյլան, մի քանի տարի առաջ Շվեյցարիայի լեռնադահուկային առողջարաններից մեկում ծանոթացավ մոսկվացի հայտնի բիզնեսմեն Արազ Աղալարովի որդու հետ, ապրիլին Լեյլան եւ Էմինն ամուսնացան եւ տեղափոխվեցին Մոսկվա: Ըստ «Իզվեստիա»-ի, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեք երեխաներն ավարտել են Երեւանի սովորական դպրոց, այնուհետեւ ընդունվել տեղի համալսարան: 25-ամյա Սեդրակն արդեն աշխատում է բանկում: Նա ամուսնացած է եւ վերջերս որդի է ունեցել, իսկ 22-ամյա Գայանեն եւ 20-ամյա Լեւոնը սովորում են համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: