Սխալ ուղղության վրա ենք

16/07/2006

Հայաստանցիների մեծամասնության՝ 55%-ի համոզմամբ` Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում: 32%-ը հակառակ տեսակետն է պաշտպանում, իսկ 13%-ը դեռեւս չի կողմնորոշվել կամ հրաժարվել է հրապարակել իր կարծիքը: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական օժանդակությամբ Baltic Surveys/ International Republican Institute եւ Gallup կազմակերպությունները Հայաստանում անցկացրել են ծավալուն սոցիոլոգիական հետազոտություն՝ բնակչության ընդհանուր տրամադրությունը պարզելու համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ապրիլի վերջին-մայիսի սկզբին անցկացված հարցմանը մասնակցել է 1200 չափահաս հայաստանցի: Հարցվածների 42%-ը կարծում է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Հայաստանի տնտեսական իրավիճակը բարելավվել է, իսկ 23%-ի համոզմամբ՝ վատթարացել: Սակայն, այս ընդհանուր զարգացումն անմիջականորեն կապված չէ ընտանիքների ֆինանսական վիճակի փոփոխության հետ. դրական զարգացումներ արձանագրել է հարցվածների 23, բացասական՝ 28%-ը: Հարցվածների 58%-ին չի բավարարում երկրում ժողովրդավարության զարգացումը, իսկ 37%-ին բավարարում է: Հայաստանցիների գերակշիռ մեծամասնության՝ 79%-ի համոզմամբ՝ դեռ շատ ժամանակ կպահանջվի, մինչեւ առկա խնդիրները լուծվեն: Պատկերը գրեթե կրկնվում է, երբ խոսքը վերաբերում է հաջորդ ընտրություններին. 70%-ը կարծում է, որ դրանք չեն լինի ազատ ու արդար, 13%-ը հավատում է, որ կլինեն ժողովրդավարական ընտրություններ: Հայաստանցիներին առավելապես մտահոգող խնդիրներից է գործազրկությունը (43%), իսկ կարեւորությամբ վերջին տեղը զբաղեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ընդամենը 4%: «Ո՞վ է մեր ժամանակների հերոսը» հարցին հարցվածների 14%-ը պատասխանել է՝ Անդրանիկը: Հարցվածների 10%-ը նախապատվությունը տալիս է Գարեգին Նժդեհին, 9%-ը նշում է Վազգեն Սարգսյանի անունը, իսկ Տիգրան Մեծը եւ Կարեն Դեմիրճյանը հարցվածների 6%-ի հերոսներն են: