Մանուկ Խուդանյանը ծնվել է 1911թ., հունվարի 16-ին Վանում, Տիգրան եւ Փայլուն Խուդանյանների ընտանիքում: Ծնողները հալածանքներից փախան Վանից այն ժամանակ, երբ Մանուկ Խուդանյանը 2,5 տարեկան էր: Քրդերը Խուդանյանների ընտանիքին օգնեցին եւ հասցրեցին Եգիպտոս: Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո Խուդանյանները որոշում են մեկնել Հաբեշստան, որտեղ արդեն իսկ հաստատվել էին Մանուկ Խուդանյանի քեռին եւ մորաքույրը:
Բարեկեցիկ ընտանիք էին, գոհ իրենց կյանքից, քանի որ այլեւս չկային նախկին հալածանքները: Այդ ժամանակ Եթովպիայում կային եւս մի քանի հայ ընտանիքներ, որոնք փախել էին ջարդերից: Տեղի հայ համայնքը փոքր էր, սակայն հարգված էր եթովպացիների կողմից: Մանուկ Խուդանյանն իր ուսումը ստացավ այդ ժամանակի հայկական վարժարանում: Մ. Խուդանյանը դեռ փոքր տարիքից ձգտումներ ուներ դեպի վաճառականությունը. նա դպրոցական ընկերներից դրամ էր հավաքում եւ գնդակներ էր պատվիրում իր դպրոցական ընկերների համար, այնուհետեւ անհամբեր սպասում էր, թե երբ են իր պատվիրած գնդակները հասնելու իրեն: Մանուկ Խուդանյանի հայրը ռեւմատիզմով էր տառապում եւ այդ պատճառով իրենց անձնական տունը նրանք վարձով են տալիս եւ մեկնում ավելի տաք կլիմա ունեցող վայր` Ջիբուտի, որը Կարմիր ծովի ափին գտնվող ֆրանսիական փոքրիկ գաղութ էր:
Մանուկ Խուդանյանը պատանի հասակից արդեն չնչին վարձատրությամբ սկսում է զբաղվել վաճառականությամբ: Որոշ ժամանակ անց նա ընկղմվում է վաճառականության մեջ եւ շատ կարճ ժամանակում համապատասխան հմտություններ է ձեռք բերում: Նա շատ լավ էր տիրապետում թվաբանությանը եւ հանդուգն բնավորություն ուներ: «Այդ շրջանում, ինչպես ինքն էր պատմում, հեծանիվ ուներ, եւ լսում է, որ այդ օրերին մրցում պետք է տեղի ունենա: Առանց որեւէ մեկին ասելու նա մասնակցում է այդ մրցմանը եւ հաղթում, չնայած այն բանին, որ իր ունեցած հեծանիվը մրցույթի հեծանիվ չէր»,- պատմում է Մանուկ Խուդանյանի կինը՝ Ալիսա Խուդանյանը: Այդ շրջանում Ջիբուտիում ընդամենը մի քանի հայկական ընտանիքներ կային: Մ. Խուդանյանը հաճախ դուրս էր գալիս քաղաք եւ հետաքրքրվում հայկական ընտանիքներով: «Իմ մորը, երկու քույրերիս եւ ինձ նա եկավ, առաջնորդեց իրենց տուն: Շատ լավ հյուրասիրեցին, մանավանդ, երբ իմացան, որ մեր ընտանիքն էլ էր Վանից: Ես այդ ժամանակ ութ տարեկան էի, եւ հետագայում դարձա նրա կինը»,- հիշում է Ալիսա Խուդանյանը: Երեք տարի անց, երբ վերադառնում են Ջիբուտիից, նա վաճառելու նպատակով փոքր քանակությամբ էլեկտրական սարքեր է իր հետ տանում Ադիս Աբեբա: Հայրն ատաղձագործ էր, սակայն իր հիվանդության պատճառով այլ գործով էր զբաղվում, իսկ երիտասարդ Մանուկն օգնում էր հորը: Իրենց խանութի ցուցափեղկերից մեկում Մանուկն իր հետ բերած էլեկտրական սարքերն է հանում վաճառքի: Այդ ժամանակ այդտեղի տներում էլեկտրականություն չկար: Մի օր մի մարդ է այցելում իրենց խանութ եւ պատանի Մանուկից էլեկտրական սարքեր է գնում: Քաջալերված իր վաստակած գումարով` Մանուկը նորից է սարքեր պատվիրում, որոնք 2-3 շաբաթում էին հասնում իրեն: Երեք տարի ապրելով Ջիբուտիում` նա սովորեց ֆրանսերեն լեզուն, որն այն ժամանակ համաշխարհային տարածում ուներ, ինչպես որ անգլերենը մեր օրերում: Քիչ ժամանակ անց Մանուկը եւ իր հայրը կարողացան իրենց տանը հարակից տարածքում եւս երկու նոր խանութներ բացել եւ տեղափոխվել այնտեղ: Նրանք տեղափոխվեցին նոր հարմարավետ եւ ավելի մեծ խանութի տարածք, որտեղ վաճառքի հանեցին էլեկտրական սարքեր, ձեռքի լույս եւ լուսավորության այլ պարագաներ, իսկ իրենց մյուս խանութը վարձով հանձնեցին: Այդ ժամանակ արդեն քաղաքի տներում եւ փողոցներում սկսել էին էլեկտրական լուսավորություն տեղադրել, որի շնորհիվ Խուդանյանների գործը սկսեց ծաղկել: Այդ ժամանակ Մանուկ Խուդանյանը երիտասարդ էր, եւ ծնողները ցանկանում էին ամուսնացնել իրենց միակ զավակին: «Ճակատագիրը կամ բախտը ես եմ եղել, Ալիսա Ավետիսյանս` Միհրան Ավետիսյանի եւ Վարդանուշ Գալոյանի դուստրը: Իմ ծնողներն էլ էին Վանից գաղթել Եգիպտոս, այնտեղ հանդիպել էին միմյանց եւ ամուսնացել: Մենք ամուսնացանք 1935թ., ես 16 տարեկան էի, իսկ Մանուկը` 24: Երջանիկ էինք: Մանուկի ծնողներից շատ բան էի սովորում: Այդ ժամանակ երկրորդ պատերազմն արդեն սկսված էր: Թագավորը մեկնել էր Շվեյցարիա` ազգերի ժողովից օգնություն խնդրելու, սակայն ժողովուրդը շփոթության մեջ էր»,- հիշում է Մանուկ Խուդանյանի կինը: Մ. Խուդանյանն իր ընտանիքի հետ պատսպարվում է Ֆրանսիայի հյուպատոսարանի շենքում, որտեղ այլ մարդիկ էլ կային: Հյուպատոսարանն իր զինվորներն ուներ, սակայն մյուսներին էլ զինեց, որպեսզի հարկ եղած դեպքում պաշտպանվեն: Այդ ժամանակները անցնում են, Իտալացիները գրավում են քաղաքը: «Երբ վերադարձանք, ամեն ինչ ավերված էր, սակայն մեր տունը կրակից փրկել էին եթովպացի մեր հարեւանները, որոնց Մանուկի ծնողները միշտ օգնում էին: Մանուկի երկու քեռիներից մեկը մահացավ մեր ամուսնությունից մեկ շաբաթ անց, եւ Մանուկի ընտանիքը ձեռնամուխ եղավ այդ ընտանիքի խնամակալությանը, որն ուներ 5 երեխա: Նրանք շատ գեղեցիկ տուն ունեին, բայց իտալացիների հարձակումից հետո երբ վերադարձան, իրենց տունն ավերվել եւ կրակի էր մատնվել: Մանուկը եւ իր հայրը այդ նույն տարածքում փայտե փոքրիկ տնակ պատրաստեցին, որպեսզի նրանք ապաստանեն, այլապես, եթե այդպես թողնեին, այդ տարածքն իտալացիները կբռնագրավեին»,- պատմում է Ալիսա Խուդանյանը: Իտալացիների կողմից գրավումը Մանուկ Խուդանյանի գործին նոր շունչ է հաղորդում, նա սկսում է աշխատել իտալական գործարանների հետ, որոնք ամեն ինչ անում էին երկրի զարգացման համար: Այդ շրջանում քաղաքը կոչում էին «Փոքրիկ Իտալիա», որովհետեւ իտալացիները ջանք չէին խնայում դրա զարգացման եւ բարելավման համար: 1939թ. Մանուկ եւ Ալիսա Խուդանյանները երեխա են ունենում եւ կոչում են Աիդա-Արմենուհի անունով:
«Մի անգամ հայր Վահան Հովհաննիսյանը Վենետիկից եկել էր Ադիս Աբեբա: Շատ ընտանիքներ պատրաստվում էին իրենց երեխաներին ուղարկել Վենետիկի Մուրադ Ռաֆայելյանի անվան Վարժարանում ուսուցանելու: Մանուկը Զարեհ Բաղդասարյանին եւ եղբորս` վարուժան Ավետիսյանին հայր Վահանի հետ ուղարկեց Վենետիկ ուսուցանելու: Նրանք չորս տարուց պետք է վերադառնային, սակայն Մանուկն իր հովանավորության տակ առավ եւս մեկ աշակերտի, ում հովանավորը մահացել էր»,- վկայում է Ալիսա Խուդանյանը: Մանուկ Խուդանյանն այսպիսով սկսում է իր բարեգործական գործունեությունը եւ կարճ ժամանակ անց սպորտային խումբ է ստեղծում: Թեեւ ինքը չէր խաղում այդ թիմում, սակայն աջակցում, հովանավորում է նրանց: Այդ շրջանում ստեղծվում է նաեւ Մուրադյան երգչախումբը, որի հիմնադիրներից մեկն էր Մանուկ Խուդանյանը: «Նա շատ էր սիրում երգել, հատկապես եկեղեցական եւ հին երգեր: Այդ շրջանում իր ծնողների հիսունամյակի կապակցությամբ շատ շքեղ տոնախմբություն կազմակերպեց, հրավիրեց երկու երգչախումբ, բարեկամներ եւ հարազատներ, այդ օրը նա նաեւ մեծ նվիրատվություն արեց Կարմիր խաչին»,- հիշում է Մ. Խուդանյանի կինը: Մ. Խուդանյանն իր կյանքի ողջ ընթացքում աջակցություն է ցուցաբերել տեղի հայկական գաղութին: 1940թ. առաջին անգամ ընտրվել է յոթ հոգանոց գաղութային խորհրդի կազմում, որոնցից ամենաերիտասարդը Մանուկ Խուդանյանն էր: Նա աջակցել է թվով 5-6 շրջանների, քառասունից ավելի հայերի պսակադրության եւ կնունքի արարողություններ է հովանավորել: Կարեկից էր նաեւ իր աշխատողների հանդեպ, որոնցից մեկին ուղարկեց Շվեյցարիա եւ հոգաց նրա աչքի վիրահատության բոլոր ծախսերը: Հովանավորել է Եթովպիայի առաջադեմ աշակերտների ուսուցումը համալսարաններում: Երկար տարիներ եղել է «Ֆիլիպս» ընկերության ներկայացուցիչը Եթովպիայում: Երբ այդ շրջանում տեղատվությունը ոչնչացրեց իրենց ջանքերով ավելացված հոլանդական հողերը, Մանուկ Խուդանյանն այդ վնասը վերականգնելու համար ֆինանսական մեծ նվիրատվություն կատարեց հոլանդական կառավարությանը, որի համար նա շնորհակալագիր ստացավ: Այդ շրջանում Մ. Խուդանյանը գործնական կապեր ուներ նաեւ Անգլիայի հետ: Երբ 1947թ. Մ. Խուդանյանը մեկնում է Լոնդոն եւ ականատես է լինում պատերազմի թողած ավերիչ հետեւանքներին, ֆինանսական մեծ նվիրատվություն է կատարում Անգլիայի վերակառուցման ֆոնդին, որի համար էլ Անգլիայի կառավարության կողմից է շնորհակալագիր ստանում: Անգլիայում եղած ժամանակ «Քիմբերլենդ» հյուրանոցում հանդիպում է Անգլիայի կառավարության ղեկավար Անթոնի Իդոնի հետ, ով Մ. Խուդանյանի հետ իր ողջույններն է հղում Եթովպական կայսրին: «Մանուկը ոչինչ չէր խնայում իր ընտանիքի համար, իր դուստրն իր համար ամեն ինչից վեր էր, միշտ ճանապարհորդում էր ընտանիքով: 1944թ. ի վեր Մանուկն աջակցում էր Եգիպտոսի, Սուդանի եւ Եթովպիայի Հայկական Եկեղեցու առաջնորդ Տեր Մամբրե Արքեպիսկոպոս Սիրունյանին, որը շատ համեստ բնավորության տեր անձնավորություն էր: Մանուկն անխոնջ ու գործի անձնավորություն էր, նա նվիրատվություններ էր անում եկեղեցուն, կանթեղներ եւ խաչ էր պատվիրում Եկեղեցու համար»,- վկայում է Մ. Խուդանյանի կինը: 1963թ. Մեծն Տան Կիլիկիո Խորեն Առաջին կաթողիկոսը Մ. Խուդանյանին ազգանվեր գործունեության համար թագ է շնորհում: «Այդ թագը մինչ օրս իր պատվավոր տեղն ունի մեր տանը»,- նշում է Ալիսա Խուդանյանը:
Այդ ժամանակ Եթովպիայում շատ դժվար էր հողի սեփականություն ձեռք բերելը եւ դրա հետ կապված հարցերի կարգավորումը: Մ. Խուդանյանն իր ծախսերով եւ իր կապերն օգտագործելով հողատարածք է սեփականաշնորհում, որտեղ երեք հարկանի կառույց է հիմնում եւ աշխատեցնում, իսկ այդ կառույցի ամբողջ հասույթն ուղղում է հայկական համայնքի եւ Հայ Եկեղեցու բարօրությանը, ինչպես նաեւ այդ գումարից կրթական ծախսեր է հատկացնում: 1958թ. Մանուկ Խուդանյանի դուստրը՝ Աիդան ամուսնանում է Կարո Շահբազի հետ, որն ավարտել էր Կիպրոսի Ամերիկյան ակադեմիան: 1971թ. Աիդան իր ընտանիքով մեկնում են ապրելու Ավստրալիայի Մելբուռն քաղաքում: Մ. Խուդանյանի դստեր ընտանիքը շուտով հաստատվում է Ավստրալիայում եւ այնտեղ սեփական տուն է գնում: 1973թ. Մ. Խուդանյանն իր տիկնոջ հետ որոշում է մեկնել Ավստրալիա` Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը դստեր ընտանիքի հետ անցկացնելու: «Տոներին հրավիրված էին հարազատներ, մենք շատ երջանիկ էինք: Տոներից հետո մեր ճամփորդությունը շարունակեցինք դեպի Հոնկոնգ, այնուհետեւ՝ Հնդկաստանի Դելի քաղաքը: Այնտեղից մեկնեցինք Բոմբեյ, որտեղից պետք է Եթովպական ավիաուղիներով մեկնեինք Եթովպիա: Այնտեղ հանդիպեցինք եթովպացիների, որոնք մեզ ասացին, որ այդ ընթացքում հեղաշրջում էր տեղի ունեցել եւ նոր կառավարությունն իր ձեռքն էր վերցրել երկրի իշխանությունը: Երբ օդանավից իջանք Ադիս Աբեբա, ամենուրեք հալածանք էր տիրում, Մանուկը մտածում էր տները վարձով տալ եւ մեկնել, սակայն հալածանքներն ունեւորների հանդեպ շարունակվում էին, եւ շուտով Մանուկը, տեսնելով, որ իր հիսուն տարվա հսկայական աշխատանքը խլում են իրենից, սրտի կաթված ստացավ: Ցանկանում էինք մեկնել երկրից, սակայն ամենուրեք մեզ խոչընդոտում էին: Շուտով կարողացանք երկիրը լքել մի կարեւոր անձնավորության օգնությամբ: 1979թ. նոյեմբերին հասանք Քենիա, Նայրոբի, որտեղ Մանուկը բժշկական հսկողության տակ մնաց մեկ ամիս: Այնտեղ կենաց-մահու պայքարի մեջ էր, սակայն բժիշկների ջանքերով ապաքինվեց»,- վերհիշում է Ալիսա Խուդանյանը: Այնուհետեւ, 1980թ. Մանուկ Խուդանյանը կնոջ հետ մեկնում է Ավստրալիա: «Իր թոռներին տեսնելիս այնպիսի ուրախություն էր ապրում, որ անհավատալի էր թվում, թե այդքան փորձությունների միջով էր անցել»,- պատմում է Ալիս Խուդանյանը: Սակայն, 1981թ. հունվարի 29-ին Մանուկ Խուդանյանի կյանքին վերջ է դնում սրտի երկրորդ կաթվածը:
Նյութը պատրաստված է Մանուկ Խուդանյանի կնոջ` Ալիսա Խուդանյանի հուշերի հիման վրա: