Բոլորի ուշադրության կենտրոնում Շուշին է

16/07/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Շուշիի վերականգնման շուրջ բավականին ակտիվ քայլեր են սկսել ձեռնարկել: Ասել է թե` բոլորը ձեռնամուխ են եղել նախկին կրթամշակութային կենտրոն-քաղաքի շուտափույթ վերականգնմանը:

Արցախյան պատերազմից հետո քաղաքի վերակառուցման համար տարբեր հիմնադրամներ են ստեղծվել, տարբեր ծրագրեր են մշակվել, սակայն մինչ օրս համարյա ոչինչ չի արվել: Ավելին` կառուցած մի քանի շինությունների պահպանման խնդիրը երկար տարիներ մտահոգում էր քաղաքի ղեկավարությանը: Շուշիի վերականգնման կարեւորության մասին նշեց նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, բայց «զարգացման ծրագրերը սկսել են մյուս շրջաններից՝ կապված բնակչության թվաքանակի հետ»։ Նախագահի խոսքերով, չի բացառվում, որ Շուշի կտեղափոխվեն, ասենք, Արցախի պետական համալսարանը, գուցեեւ Ազգային ժողովը:

Վերջերս Ղարաբաղ են այցելում տարբեր պաշտոնյաներ, որոնց հետ պարտաճանաչորեն քննարկվում է Շուշիի վերականգնմանն աջակցություն ցուցաբերելու հարցը: Օրերս Արցախ է ժամանել Հայ Կաթողիկե եկեղեցու պատվիրակությունը` Տեր Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոս պատրիարքի գլխավորությամբ: Պատվիրակությունը նպատակ ուներ տեղում ծանոթանալ պայմաններին եւ ԼՂՀ իշխանությունների հետ կնքել պայմանագրեր` Շուշիի մշակույթի հետագա հետազոտության վերաբերյալ: Այցի շրջանակներում Շուշիում հիմնադրվեց «Ժան Պողոսյան եւ որդիք» թանգարան-հետազոտական կենտրոնը, որը պետք է նաեւ իրականացնի մշակութային հետազոտություններ: Նախատեսվում է նաեւ զբոսաշրջության ծրագրերի իրականացում:

Հայտնի է նաեւ, որ 2006թ. ապրիլից Հայաստանում, Ղարաբաղում եւ Սփյուռքում սկսվել է դարերի խորքից եկող Շուշի բերդաքաղաքը համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք դարձնելու հանրաքվեն: Որպես մասնակցություն, յուրաքանչյուրը կարող է ՀՀ կամ ԼՂՀ փոստային մասնաճյուղերում մուծել նվազագույնը 500 դրամ (1EUR, $1) խորհրդանշական գումարը: Նրանց տվյալները կհրապարակվեն «Շուշի» հիմնադրամի www.shoushi.am կայքում: «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Բակուր Կարապետյանի խոսքերով, ակցիային արդեն մասնակցություն են ցուցաբերել շուրջ 5000 հոգի:

Վերջերս Երեւանում ստեղծվել է «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը, որի ներկայացուցիչները` նախագահ, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ այցելել են Ղարաբաղ: Հիմնադրամի առաջին գործը լինելու է Շուշիի ենթակառուցվածքների վերականգնումը:

Իսկ oրերս Արկադի Ղուկասյանը հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանի բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանի հետ, որտեղ նախագահը հյուրերին առաջարկել է ուսումնասիրել Շուշիի առողջարանային ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու հնարավորությունը: Մեր տվյալներով, մոտ օրերս Ղարաբաղ կայցելի նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարը, իսկ թե ինչ կքննարկեն նրա հետ՝ դեռ հայտնի չէ:

Շուշիի վերականգնման շուրջ ակտիվությունը հանրապետությունում տարբեր կերպ են մեկնաբանում` որոշ շրջանակներում այն կապելով 2007-ի նախագահական ընտրությունների հետ: Ուրիշները կարծում են, որ դա եւս մեկ քայլ է հասարակությանն առավել կարեւոր հարցերից շեղելու համար, մյուսներն էլ հավատում են, որ Շուշիի մասին մտածող կա: Իսկ մի մասն էլ պարզապես պատճառներ չի փնտրում` ասելով, թե պատճառը կարեւոր չէ, կարեւորը` քաղաքը վերականգնում են, ինչից շահում են առաջին հերթին բնակիչները:

Իսկ Ղարաբաղի շրջանների եւ մայրաքաղաքի երեխաները, որոնց ամենեւին էլ չեն հետաքրքրում «մեծ հարցերը», հանգստանում են նույն Շուշի քաղաքում, որի մասին վերջին շրջանում սկսել են ավելի հաճախակի խոսել: Մանուկների հանգիստը կազմակերպվում է Հայ Ավետարանչական ընկերակցության Պետրոսյանների անվան ճամբարում` նույն կազմակերպության եւ Պետրոսյանների հովանավորությամբ: