Ամերիկյան պաշտոնյան իր խանդավառությունն է արտահայտում ԲԹՋ-ի մեկնարկման առնչությամբ

16/07/2006 Էմինե ՔԱՐԹ, «Թըրքիշ դեյլի նյուս» (Թուրքիա)

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի պաշտոնական բացման արարողության առիթով իր զգացմունքները համեմատելով համալսարանն ավարտող երեխայի ծնողի ապրումների հետ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց նախագծի ողջ կարեւորությունը պաշտոնական Վաշինգտոնի աչքում:

Երեկ Անկարայում, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ ելույթ ունենալով, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխօգնական Մեթյու Բրայզան հիմնականում խոսում էր Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ համագործակցության էներգետիկ կազմի մասին, որն ամրագրվել էր արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի անցյալ շաբաթ Վաշինգտոնում ստորագրած համատեղ հայտարարությամբ: Վաղը Թուրքիայում տեղի կունենա պաշտոնական արարողություն, որը կնշանավորի նավթի մատակարարման սկիզբը՝ Ջեյհան թուրքական նավահանգիստ: Ջեյհանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի վերջին կետն է, որին ԱՄՆ-ը մեծ օժանդակություն է ցուցաբերել եւ որը հաճախ անվանում են «դարի նախագիծ»: «Մենք ուզում ենք, որպեսզի Թուրքիան կառուցողական, դրական դեր խաղա Կովկասյան տարածաշրջանում»,- ասաց Բրայզան, նշելով, որ ԲԹՋ նախագիծը կօգնի դրան:

«Մեր խնդիրն է մեծացնել եվրոպական էներգետիկ շուկայի արդյունավետությունը, որը ներկա պահին այնքան էլ լավ չի գործում: Անհրաժեշտ է կոմերցիոն մրցակցություն»,- ավելացրեց նա, հիշեցնելով այս գարնանը Թուրքիայի եւ Հունաստանի մայրաքաղաքներ կատարած այցերի ընթացքում Ռայսի արտահայտությունները:

Ապրիլին Ռայսը նախազգուշացրեց Աթենքին եւ Անկարային Ռուսաստանի կողմից եվրոպական էներգաշուկայի հնարավոր մենաշնորհայնացման մասին, անուղղակիորեն խրախուսելով ԲԹՋ նախագիծը, որը կթուլացնի եվրոպական շուկայում ռուսաստանյան զարկը:

«Մենք էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ առճակատում չենք ուզում, բայց ձգտում ենք մրցակցության, որից կշահեն երկու կողմերն էլ, անկախ այն բանից, թե ինչպիսին է իրադրությունն այսօր»,- հայտարարեց Բրայզան:

«Ակնհայտ է, որ անհանգստության աղբյուրներից մեկն էներգակիրների մատակարարման ռուսաստանյան մենաշնորհն է»,- Աթենքում լրագրողներին հայտարարեց Ռայսը: ԱՄՆ-ի պաշտոնական անձինք Եվրամիության ներկայացուցիչներին հասկացրեցին նաեւ, որ Ադրբեջանի հետ տնտեսական կապի օգտագործումը կօգնի լավացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Բացի այդ, նվազ կարեւոր չէ, որ նավթատարն անցնում է Վրաստանի միջով, որը ռուսաստանյան կառավարության դժգոհությունն է առաջացրել Կրեմլի ազդեցությանը հակառակվելով եւ կողմնորոշումը դեպի Արեւմուտք փոխելով:

www.mediadialogue.org