Այս օրերին Հայաստանում է գտնվում ԱՄՆ Հյուսթոն քաղաքի բժշկական կենտրոնի «Բեյլորի» բժշկական քոլեջի ավագ գիտաշխատող, մեր հայրենակից Կարինե Հարությունյանը: Շատ է խոսվում, որ լավագույն մասնագետները, արվեստագետները, գիտնականները մեկնում են Հայաստանից: Ճիշտ է, Կարինե Հարությունյանը Հյուսթոնում գիտական բնագավառում իր աշխատանքով Հայաստանի հեղինակությունն է նաեւ բարձրացնում, սակայն ցավալի է, որ այդպիսի մասնագետները հայրենիքում չեն գնահատվում:
«Ես պարզել էի մի քանի հիվանդ հայ ընտանիքների մուտացիաներ եւ 1999 թվականին որպես թեզիստ աշխատանքս ուղարկել էի «Մարդու գենետիկայի ամերիկյան ընկերության գիտահետազոտական» կոնֆերանսին: Այդպես դուրս եկա համաշխարհային գիտական ասպարեզ»,- պատմում է գիտնականը, ով 2000թ. ներկայացնելով հայկական հեմոֆիլիկների աշխատանքը, մասնակցել է Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցած հեմոֆիլիայի համաշխարհային կոնգրեսին: Նա վստահեցնում է, որ մեկնել է չափազանց հետաքրքիր մի երկիր, որտեղ ոտքի կանգնելը շատ դժվար է: «Նրանք շատ են գնահատում Սովետական Միության գիտնականներին, մանավանդ՝ հին դպրոցի գիտնականներին: Ամերիկյան գիտության մեջ մուտք գործող թարմ, նոր հունն ուշադրություն չի դարձնում շատ բաների վրա, որը, սակայն նախկին սովետմիության գիտնականների համար լուրջ բացահայտումների առիթ կարող է լինել: Ամերիկան մի երկիր է, որը թույլ է տալիս ինքնաարտահայտվել: Հասարակ գիտության վերաբերյալ Ամերիկայի ոճն ինձ շատ հոգեհարազատ է: Ես չեմ դասվում Ամերիկայի գիտնականների բարձր խավին, չեմ էլ ուզում, որովհետեւ չափազանց պատրաստված, բայց ծանր, ուժեղ ճնշումով մթնոլորտ է: Գիտական իմ պոտենցիալը գնահատվել է այդ երկրում, եւ ես գտել եմ իմ տեղը: Միակ բանը, որ կուզենայի՝ հաճախակի գալ Հայաստան: Հիմա միայն իմ գիտնական ընկերներին գրականությամբ եւ նյութերով եմ կարողանում օգնել»,- ասում է նա: Արդեն 6 տարի ԱՄՆ-ում ապրող գիտնականի կարծիքով՝ ամերիկացիները լավ կյանքից հոռացել են, չեն հասկանում՝ ինչ է նշանակում գնահատել այն, ինչ տալիս է իրենց երկիրը: Նրանք ընդունում են Ամերիկայի բարձր դեմոկրատիան, սակայն դա գնահատում են որպես Աստծո տված պարգեւ: Ամերիկան մի երկիր է, որտեղ տնային տնտեսուհին ընթրիք պատրաստելուց հրաժարվում է՝ պոպ-կորն ուտելով ֆիլմ նայելու համար: Իսկ հայերը ԱՄՆ-ում գտնում են մի բան, որը թերեւս մեր երկրից չեն կարողանում ստանալ, դա ինքնաարտահայտվելու հնարավորությունն է: Հայաստանում սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով գիտնականին գաղափարի ետեւից գնալու հնարավորություն չի տրվում, ավելին` նրանք գտնվում են խղճուկ վիճակում: Համարում է, որ հայ ինքնազոհ գիտնականները ներկա պայմաններում չունեն այն ներուժը, տնտեսական լծակները, որով կկարողանան հայտնագործություններ անել: «Ես այստեղ 8 տարի կարողացա զբաղվել գիտությամբ, որովհետեւ ամուսինս պահում էր ինձ, այլապես հնարավոր չէր գոյատեւել չնչին աշխատավարձով, որն ամիսներով ուշանում էր: Ինձ համար ցավալի էր, որ կորցնում եմ մասնագիտական փորձս, գիտելիքներս: Մենք ունենք համաշխարհային մակարդակի գիտնականներ, որոնք 15 տարի է` սոված են: Չէի ուզենա տպավորություն ստեղծվեր, թե թողել-փախել եմ Հայաստանից, դժվար է կարոտը հաղթահարել: Գիտնականներն էլ մարդավայել կյանքով ապրելու իրավունք ունեն, իսկ այստեղ ընկճվում ես, չես կարող սիրածդ գործով զբաղվել»,- ցավով նշում է գիտնականը, ով հավատացնում է, որ այլ երկրների պետական քաղաքականությունը գիտության ասպարեզում բարձր մակարդակ ունի: ԱՄՆ-ում գտնվող «Առողջության պետական ինստիտուտը» տարբեր աղբյուրներից ստացվող ֆինանսական հիմնադրամների միջոցով գիտնականներին հնարավորություն է տալիս գիտական թեմաներով նախագծեր կյանքի կոչել:
Հայերն ու հրեաները մաքուր ազգ են
Կարինե Հարությունյանն ապրում է ԱՄՆ-ում՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: «Ես տարիներ շարունակ գրանտներ էի գրում, գիտահետազոտական թեմաներով էի զբաղվում: Աշխատում էի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում: Կար երկու ճանապարհ՝ աշխատել, որպեսզի կարողանաս ապրել, եւ ապրել, որպեսզի կարողանաս աշխատել: Ես պատկանում էի երկրորդ կատեգորիային: 8 տարի աշխատում էի ինստիտուտում, եւ ինձ, ինչպես եւ մյուս բոլորին վճարում էին նույն կերպ, որով հնարավոր չէր գոյատեւել»,- պատմում է Կարինեն, ով ավարտելով ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետը, հետագայում Մոսկվայի Զարգացման կենսաբանության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական իր դիսերտացիան, որը նվիրված է եղել աչքի տեսողության սպիտակուցներին. բացահայտել է նորմալ տեսողություն ապահովող գեները: Երկար տարիներ զբաղվել է ժառանգական հիվանդություններ ունեցող մարդկանց ԴՆԹ-ները հետազոտելով: «Չէի կարող թեորետիկ գիտությամբ զբաղվել: 1991-ին Մոսկվայի իմ ղեկավարության օգնությամբ սովորել եմ մի հետաքրքիր մեթոդ, որը կոչվում է պոլիմերային շղթայական ռեակցիա, որը մարդու ԴՆԹ-ի ցանկացած մասը կարող է միլիոն անգամ ավելացնել եւ թույլ տալ հետազոտել: Իմ ունակությունները փորձեցի կիրառել պրակտիկ գիտության բնագավառում, օգնել մարդկանց ժառանգական հիվանդությունները բացահայտել եւ կատարել պրենատալ (մինչծննդյան) դիագնոստիկա, որպեսզի մարդիկ առողջ երեխաներ ունենան»,- վստահեցնում է Կարինեն, ով շատ կարճ ժամանակում Հյուսթոնում ճանաչում է ձեռք բերել: Աշխատելով ժառանգական հիվանդությամբ տառապող մարդկանց հետ՝ նա ստացել է հայկական պոպուլյացիայի ԴՆԹ-ի մի ամբողջ շարան: «Բոլոր մաքուր ազգերն ունեն յուրօրինակ ԴՆԹ-ի շղթաներ: Դա վաղուց ապացուցված է նաեւ հրեաների օրինակի վրա, որոնք շատ մաքուր ազգ են եւ ամուսնանում են իրար հետ: Հայերը համարվում են 96% մաքուր ազգ, ուրիշ ազգերի հետ խաչասերվում են ավելի քիչ եւ պոպուլյացիան 96% կազմված է հայերից, դա համարվում է հոմոգեն պոպուլյացիա: Այլ ազգերի մեջ խառնուրդը շատ է, ինչը դժվարացնում է պոպուլյացիայի հետազոտությունը: Բացի այդ, ազգերի նոր սերունդը բերում է երկու գործոնով ԴՆԹ՝ գենետիկական մեծ բազմազանություն եւ նոր մարկյոր(նշիչ), որի պարագայում տոհմածառ կառուցելը դժվար է: Հայերը, հրեաները եւ էլի մի քանի ազգեր, որոնք քիչ խաչասերվող են ուրիշ ազգերի հետ, թույլ են տալիս ժառանգական հիվանդությունների բացահայտման պայմաններում պարզել մարդկային գենետիկայի շատ խնդիրներ»,- վստահեցնում է Կ. Հարությունյանը:
Ի՞նչ են ասում գիտական նոր քամիները
Ծնողներից ժառանգվող բոլոր հիվանդությունները համարվում են գենետիկական հիվանդություններ: «Հարբուխը կամ լեղապարկի բորբոքումը, որով հիվանդանում եք, ժառանգական հիվանդություններ չեն, բայց, ցավոք, հիմա նոր գիտական քամիներ կան, ըստ որոնց՝ բոլոր հիվանդությունները ժառանգական են: Նրանք հիմնավորում են, թե մարդու օրգանիզմի դիմադրողականությունը ժառանգական դիմադրողականություն է: Գոյություն ունի օրգանիզմի նախատրամադրվածություն, օրինակ՝ վիրուսը ծանր կամ թեթեւ տանելու օրգանիզմի իմունալ նախատրամադրվածությունը: Դա գիտության նոր ճյուղ է»,- վստահեցնում է Կ. Հարությունյանն՝ ասելով, որ ինքն ուսումնասիրել է ժառանգական յոթ հիվանդություններ, որոնցից ամենապարադոքսալը Երեւանյան հիվանդությունն է: Դա պերիոդիկ հիվանդություն է, որը բնորոշ է Միջերկրական ծովի ավազանի ներկայացուցիչներին՝ հրեաներին, հայերին, թուրքերին, հույներին: Մեզանում կոչել են Երեւանյան հիվանդություն, իսկ գիտականորեն ասում են՝ ընտանեկան միջերկրական տենդ»: Հայաստանում տարածված այս հիվանդությունն անբուժելի է, սակայն պրենատալ դիագնոստիկայի միջոցով հնարավոր է կանխել ժառանգական հիվանդությամբ ծնվող երեխայի ծնունդը: Ընդ որում, Երեւանյան հիվանդությամբ տառապող որոշ հիվանդներ երկիրը փոխելով՝ այլ կլիմայական պայմաններում իրենց լավ են զգում: Այս երեւույթի պատճառներն ու ակունքները դեռեւս գիտականորեն ուսումնասիրված չեն: Ըստ գիտնականի, ԱՄՆ-ում այսօր շատ ժառանգական հիվանդություններ են կանխվում: Կ. Հարությունյանն ասում է, որ աշխարհում ամենատարածված ժառանգական հիվանդություններն են` հեմոֆիլիան, շաքարախտը եւ հիպերխոլեստերենեմիան: Շաքարախտի 2 տեսակներից առաջինը ամենատարածված ժառանգական հիվանդություններից է, որը բավականին ծանր դրսեւորումներով ի հայտ է գալիս երիտասարդների շրջանում: Երկրորդ տեսակի շաքարախտի դեպքում օրգանիզմի նախատրամադրվածություն կա, որն արտահայտվում է 50-60 տարեկանից հետո: Իսկ հիպերխոլեստերենեմիա հիվանդությունը բերում է սրտի անբավարարության:
«Հիվանդ սերնդի բուժումն ավելի դժվար է, քան հիվանդ սերունդ ունենալու կանխարգելումը: Գիտակից, զարգացած ընտանիքը խելամտորեն է մոտենում հարցին եւ տրամաբանում է, որ ավելի լավ է ունենալ 2 առողջ երեխա, քան 6-ը, որից 4-ը կարող են տառապել ժառանգական հիվանդությամբ: Ժառանգական հիվանդությամբ տառապող ընտանիքները պետք է գիտակցեն, թե ինչ դժվարության առաջ են կանգնելու հետագայում»,- ասում է տիկին Հարությունյանը: Նա ասում է, որ շատ հաճախ նման ընտանիքներն իմանալով, թե ապագայում ինչ հիվանդությամբ կարող է տառապել իրենց երեխան` նախապես գնում են պրենատալ դիագնոստիկայի: ԱՄՆ-ում այսօր շատ տարածված երեւույթ է, երբ հղիության վաղ շրջանում՝ իմանալով, որ երեխան ժառանգել է ինչ-որ մի հիվանդություն՝ ոչնչացնում են պտուղը, որպեսզի հետագայում ունենան առողջ երեխաներ: Խելամիտ ընտանիքների 72%-ը պրենատալ դիագնոստիկայի միջոցով կանխում են հիվանդությունների գենետիկական տարածումը: ԱՄՆ-ում պրենատալ դիագնոստիկան ընդգրկված է բժշկական ապահովագրության ծառայությունների մեջ: «Դա բնածին երեւույթ է, ծնողը երբեք չի ուզենա հիվանդ երեխա ունենալ եւ հնարավորության դեպքում անպայման կանխում է»,- ասում է Կ. Հարությունյանը:
ԱՄՆ-ում գեր մարդիկ շատ են
Կ. Հարությունյանի կարծիքով` ամերիկացիներն առողջ չեն, որովհետեւ մեծամասամբ ընտրում են ամեն ինչի հեշտն ու արագը: «Օրինակ, նրանք սիրում են մակդոնալս, ինչը բերում է ճարպակալումների ու շատ հիվանդությունների, եւ առաջին հերթին՝ սրտային հիվանդությունների»,- վստահեցնում է նա՝ հավելելով, որ Ամերիկան առաջինն է սրտի կաթվածի մահացության ցուցանիշով: Ամերիկացիներն իրենց սննդին առանձնապես չեն հետեւում, ավելի շատ հույսեր են կապում բժշկության հետ՝ իրենք իրենց համար ոչինչ չանելով: Նրանք երբեք ինքնաքննադատությամբ չեն զբաղվում եւ իրենք իրենց նկատողություն չեն անում. «Ամերիկայի ամենամեծ պրոբլեմը դա ֆաստ-ֆուտն է՝ արագ կերակուրը, որն առողջ չէ: Ամերիկան այն երկրներից է, որտեղ գեր մարդիկ շատ են»: Վեց տարի ԱՄՆ-ում ապրած գիտնականն այսօր Հայաստանն այլ կերպ է տեսնում: Կարծում է, որ Երեւանը չափազանց գեղեցկացել է, սակայն իր տեղեկություններով՝ երեւանցիների միայն 30%-ն է մարդավարի կյանքով ապրում: «Շատ կցանկանայի, որ Հայաստանում երկքաղաքացիությունն ընդունվեր, որը կբերեր ահռելի մի հոսքի, ոչ միայն հարուստ, այլեւ գիտակից մարդկանց հոսքի: Համապատասխան օրինական պաշտպանվածության պայմաններում մարդիկ կգան եւ իրենց կուտակումները կդնեն հենց գիտության, տնտեսության բնագավառում»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ հայ մարդն այսօր շատ թույլ է դարձել: Սովետական Միության փլուզումից հետո հայ մարդու հոգեկան առողջությունը վտանգվել է: «Եթե հայ մարդուն ոչ թե հույս տան, այլ նա՝ ինքը գտնի այդ հույսը, ապա անհատի տկարությունը կվերականգնվի: Հայ ժողովուրդն իսկապես չհուսահատվող է, բայց այդ հոգեբանությունը կոտրվել է: Մարդիկ հուսահատված են, բայց շատ կուզենայի, որ հայ ազգը նորից դառնար ստեղծարար, ոչ թե մուրացկան»,- ասում է Կ. Հարությունյանը՝ վստահեցնելով, որ իր ազգասիրությունն ամերիկացիներին «հայացնում» է, եւ նրանք սկսում են հետաքրքրվել հայ ազգով, հայ մշակույթով: Հիշում է մութ ու ցուրտ տարիները, երբ մարդկանց մաշկի գույնը մոխրագույն էր դարձել: Ասում է՝ «Այդ տարիներին մարդիկ բաժանվեցին երեք խմբի: Մի մասը նիհարեց, դարձավ առողջ, որովհետեւ սնունդը գերնպատակ չէր, սնվում էին, որովհետեւ շատ սոված էին: Երկրորդ խումբը սթրեսային հոգեվիճակից դարձել էր մոխրագույն, իսկ երրորդը հիվանդացավ, որովհետեւ առհասարակ ուտելու բան չուներ: Այդ երեք խմբերից մի մասն առողջ մնաց, իսկ մյուս երկու խմբերի սթրեսային գեները միացան ու դարձան հիվանդ: Ես հղի վիճակում մի օր ուշաթափվեցի, իսկ հարեւանս ասում էր՝ ի՞նչ ա, էն ժամանակ լա՞վ էր, որ բտվում էինք-բտվում էինք: Բոլորը նպաստի հույսին էին»: Նրա կարծիքով՝ այդ տարիների հետեւանքը որպես կանոն նաեւ հոգեկան հիվանդությունների կտրուկ աճն է: Մեր հասարակության զգալի մասը դեպրեսիա ապրեց, որից այդպես էլ դուրս չեկավ եւ հնարավոր էլ չէ այլեւս դուրս գալ: Նման դեպքերում մարդիկ դեգրադացիայի են ենթարկվում, որոնք ոչ պիտանի, իրենք իրենցից միշտ դժգոհ մարդիկ են դառնում. «Դա պատմություն է, ոչ ոք ոչինչ չի կարող անել, բայց պատմականորեն ապացուցված է, որ հայերը կենսունակ ազգ են»: Այդուհանդերձ, Կ. Հարությունյանի կարծիքով՝ ճգնաժամային տարիներից հետո ստեղծարար սերունդն ընկավ հոգեկան անհարմարավետության մեջ, որի պտուղները դեռեւս մենք զգալու ենք, որն, ի դեպ, նրա համոզմամբ՝ ոչ ոքի չի հետաքրքրում: Ավելին, հետպատերազմյան տարիներին ծնված սերունդը թույլ սերունդ է լինելու, քանի որ պայքարելու լծակներ, ունակություններ չունի:
Ամերիկացիների հետաքրքրությունը հայերի հանդեպ Կ. Հարությունյանը մեծ ոգեւորությամբ է նկարագրում: Անգամ Տեխաս նահանգում հայ արվեստի փառատոներ են կազմակերպվում: Հյուսթոնի հայ համայնքը, որը 200 ընտանիքից է բաղկացած, ակտիվորեն փորձում է Տեխասի ամերիկացիներին ներկայացնել հայկական մշակույթը: Ի դեպ, այդ փառատոնն առիթ է հանդիսացել, որ շատ ամերիկացիներ Հայաստան ճամփորդեն: «Տեխասում հայերին շատ են հարգում: Հատկապես, երբ հասկացել են, որ Շերն ու Շառլ Ազնավուրը հայեր են… Այդ վերաբերմունքից անգամ իմ հրեա ծանոթներն ասում են, իբր Շառլի 1/6 մասը հայ է…»,- ասում է Կ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ Հայաստանից վերադարձած ամերիկացի տուրիստները թեեւ հիացմունքով են խոսում Հայաստանի մասին, սակայն դժգոհում են հայաստանյան հյուրանոցների սպասարկումից: