Խմբագրությունն, անկասկած, կիսում է այս նամակներում եւ բազմաթիվ ընթերցողների հեռախոսազանգերում արտահայտված մտահոգությունները։ Այո, համասեռամոլությունն արատ է, եւ հասարակությունը պիտի փորձի կանխել դրա տարածումը (ո՛չ քրեական հետապնդումների միջոցով, իհարկե)։ Ընդ որում, համասեռամոլությունը լուրջ պրոբլեմ է համարվում նաեւ արեւմտյան երկրներում։
Խնդիրն ընդամենը այն է, որ մենք չենք կարծում, թե այս վարակի տարածման դեմն առնելու լավագույն միջոցը լռությունն է։ Այո, մենք կարող ենք ձեւացնել, թե մեր հասարակությունը զերծ է այդ արատից, բայց դրանից ոչինչ չի փոխվի։ Խորհրդային Միությունում էլ պաշտոնապես «սեքս չկար», բայց ԽՍՀՄ-ը վեներական հիվանդությունների թվով աշխարհում առաջին տեղերից մեկն էր զբաղեցնում։
Մենք կարծում ենք, որ պրոբլեմը լռության մատնելու փոխարեն պետք է փորձել վերլուծել եւ բացահայտել պատճառները, այլապես վարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումները պարզապես արդյունավետ չեն լինի։
«168 Ժամ»
Տարիներ առաջ մեր երկրում քննարկվում էր բազմակնության հարցը: Երկար խոսեցին, գրեցին, քննարկեցին, ի վերջո լռեցին. մեր ժողովուրդը չընդունեց բազմակնությունը. այն խորթ է հայ մարդու, մասնավորապես` հայ կնոջ խառնվածքին, սկզբունքներին ու հավատին: Բազմակնությունը չընդունեց նաեւ հայ եկեղեցին, քանզի մեր կրոնը միակնություն է ընդունում: Այդ դեպքում ինչո՞ւ է այսօր հայ եկեղեցում օրհնվում միասեռ ամուսնությունը, երբ նման կապը, նման հարաբերությունը խորթ է մեր ազգին, անհարիր մեր ազգային խառնվածքին, հավատին ու բարքերին: Միասեռական կապը վաղուց ի վեր մերժվել է եւ՛ մեր ժողովրդի, եւ՛ մեր եկեղեցու կողմից: Հայ եկեղեցին դարեր շարունակ օրհնել է եւ շարունակում է օրհնել այր մարդու եւ կնոջ պսակը, մարդիկ մաղթել են նորապսակներին` մի բարձի ծերանալ, ծլել-ծաղկել, յոթ որդով սեղան նստել…
Այո՛, տղամարդու եւ կնոջ ամուսնությունից սերունդ էին ակնկալում, բազմացում, աճ ու զորացում: Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել միասեռ ամուսնությունից (եւ դեռ օրհնե՜լ…), բացի այլասերման վտանգից ու վարակիչ օրինակ ծառայելուց հայ երիտասարդների համար:
Նոյ նահապետն Աստծո հրամանով իր տապանի վրա վերցրեց կենդանիների տարասեռ զույգեր` հետագայում բազմացումը եւ աճն ապահովելու համար:
Մի՞թե սա մարդկանց չի վերաբերում… Միայն տարասեռ ամուսնությունն է ընդունակ սերունդ տալու, հետեւաբար` միայն այդպիսի ամուսնությունը կարող է նպաստել փոքր ժողովրդի համար այնքան կարեւոր աճի գործին, ազգապահպանման գործին:
Միասեռ կապն անբնական է, անոմալիա, այն հիվանդություն է, որ հնում եղել է, սակայն մեր օրերում տարածվում է, մեծ չափեր ընդունում, դառնում առավել վտանգավոր…
Հայ երիտասարդը մեր օրերում պիտի ապրի ոչ միայն իր համար, այլեւ հանուն ազգի ինքնության ու գոյատեւման զոհված հազարավոր հայ տղաների փոխարեն, հիշի, որ պարտք ունի նրանց հիշատակի առաջ, ազգի առաջ…
Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմություն» մատյանում հիշատակություն ունի այն մասին, որ Պապ թագավորը փակել էր տալիս մենաստաններն ու կուսանոցները, որ հայ տղաներն ու աղջիկներն ամուսնանան, զավակներ ունենան, ազգը բազմացնեն, ազգին զինվոր ու աշխատավոր տան:
Անդրանիկ զորավարը ֆիդայիներ էր ուղարկում, որ գտնեն ու գնեն հայ որբերի` յուրաքանչյուրի դիմաց վճարելով մեկ ոսկի: Մեկ որբուկը հետագայում կամուսնանար, զավակներ կունենար, եւ հայը կշարունակեր ապրել, գոյատեւել…
Միասեռականների ամուսնության մասին հոդվածը կարդացել էինք եւ քննարկում էինք հարազատներիս հետ. բոլորն էլ վրդովված էին, զարմացած ու զայրացած. այդ ի՞նչ սիրո ու հավատարմության մասին է խոսքը, ի՞նչ ազգային ավանդապահության մասին են խոսում «բախտավոր նորապսակները»` երջանիկ իրենց «օրհնված ամուսնությամբ»…
Ամո՛թ է…
Քույրս հիշեցրեց Շահան Շահնուրի վեպը` «Նահանջ առանց երգի», ուր ազգասեր գրողն ահազանգ է հնչեցնում ազգայինից հեռանալու, ազգային նկարագիրը կորցնելու համար, որը նահանջ է այն ամենից, ինչ մերն է` դարերով արմատացած ու օրինականացված:
Հայ աղջիկները հայ տղաների հետ պիտի ամուսնանան, իսկ եթե միասեռականությունը վարակի պես տարածվի՞…
Ամերիկայից եկած մի ազգականուհուս թոռնուհին հիացած էր հայ տղաների հագուկապով, կեցվածքով. «Իսկական տղամարդու տեսք ունեն»,- ասել էր:
Տա Աստված, որ այդ իսկական տղամարդ տղաները միասեռական չդառնան, տղամարդ մնան ոչ միայն արտաքինով…
Վեց աղջիկ թոռնիկ ունեմ` մեկը մյուսից հմայիչ, մեկը մյուսից խելացի. թող երջանիկ լինեն իսկական տղամարդ հայ տղայի հետ միայն:
Եթե միասեռ ամուսինները որեւէ կնոջից զավակ էլ ունենան, միեւնույն է, նրանք այդ երեխային ճշմարիտ, հայեցի դաստիարակություն տալ չեն կարող, կդարձնեն իրենց նման ոչ նորմալ, խորթ մեզ ու մեր հոգուն:
Մենք ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակներում: Շատ հայ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել, եւ երեխաները մնացել են մայրերի հետ` հեռու հայրական հսկողությունից, զուրկ հոր անձնական օրինակից: Իսկ պատանին, տղա երեխան հետաքրքրասեր է. լսում է, նայում, տեսնում ու մտածում: Մի օր էլ կընկնի միասեռականների միջավայրը, ու… մնաս բարո՜վ, տղամա՛րդ տղա…
Ի՞նչ է մտածել հոդվածի հեղինակը` պարոն Իշխանյանը, լուսաբանելով միասեռականներ Հարութի ու Միշայի ամուսնության փաստը, նրանց «զգացմունքներն» ու խոհերը, ներողամտորեն ու վատ թաքցրած համակրանքով խոսելով դրանց մասին:
«168 Ժամ» շաբաթաթերթը պատվով է դուրս եկել լրագրողական դժվարին ու բարդ փորձությունից. արժանացել ընթերցողի հարգանքին ու համակրանքին: Ի՞նչ իմաստ ունի նման հոդվածներ տպագրելը. դրանք կարող են գրգռել պատանիների ու երիտասարդների երեւակայությունը վտանգավորության աստիճանի` նրանց հրելով դեպի հենց այդ միասեռականները: Այդ բովանդակությամբ ու ոգով գրված հոդվածը, մեղմ ասած, վնաս է հասցնում շաբաթաթերթի հեղինակությանը, վարկաբեկում այն:
Վատիկանի սրբազան տիրակալը` Բենեդիկտ 16-րդ պապը վերջերս Իսպանիայում եղած ժամանակ կտրականապես մերժել է ու դատապարտել միասեռական կապը, նմանների ամուսնությունը:
Մերժելով միասեռականությունը` մենք ազգովին պիտի ստեղծենք անհանդուրժողականության մթնոլորտ այդ երեւույթի հանդեպ` չսպառնալով ֆիզիկական հաշվեհարդարով:
Գաղտնիք չէ, որ վերոհիշյալ չարաբաստիկ ախտը բավական տարածում ունի մեր հասարակության ամենատարբեր խավերում ու շերտերում, եւ անհանդուրժողականությունն ու արհամարհանքն այսօր հրամայական պահանջ են:
Յու. ՂԱԶԱՐՅԱՆ