Լեհ հայտնի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Անցանկալի անձ» («Persona non grata») ժապավենը տեղ է գտել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում: Զանուսիի եւ Նիկիտա Միխալկովի 2005թ. այս նախագիծը դժվար թե հնարավոր լինի դասել լեհական կինոյի «ոսկե» գործերի շարքին:
Նախ, անորոշ է մնում ֆիլմի ժանրը` հոգեբանական դրամա՞ է, մելոդրամա՞, թե՞ քաղաքական ժապավեն է այն: Ռեժիսորը հոգեկան ծանր դրության մեջ հայտնված դեսպանի տվայտանքներից ոչ սահուն կերպով անցում է կատարել Լեհաստան-Ռուսաստան-Իտալիա քաղաքական հարաբերություններին` ֆիլմի վերջում կրկին վերադառնալով հոգեբանությանը եւ ամբողջովին ջնջելով քաղաքական ենթատեքստը: Ժապավենը սկսվում է ամենեւին էլ ոչ երիտասարդ, բայց հմայիչ մի կնոջ լուսանկարների ցուցադրմամբ: Սա ամենեւին էլ պատահականություն չէ, քանզի Իտալիայում Լեհաստանի դեսպան Վիկտորի հանգուցյալ կինը ֆիլմի գլխավոր հերոսն է: Սափորի մեջ լցված նրա աճյունափոշին էլ, ըստ էության, ուղղորդում է դեսպանի հետագա բոլոր գործողությունները: Ֆիլմի ողջ ընթացքում հանդիսատեսը սպասում էր, թե երբ պետք է, ի վերջո, Լեհաստանի արտգործնախարարը Վիկտորին «Persona non grata» հայտարարեր, սակայն զարմանալիորեն դա տեղի չունեցավ: Վիկտորն «անցանկալի մարդ» էր հենց կյանքի համար: Նրա կերպարն ամբողջովին աղավաղվեց՝ հանդիսատեսի աչքին հետզհետե կարծես դառնալով վեհանձն դեսպան, կասկածամիտ դիվանագետ, սխալական մարդ, խելագարված ծերուկ: Միգուցե հենց սա էլ ցանկացե՞լ է արտահայտել հռչակավոր Զանուսին: Մոտ 2 ժամ տեւողությամբ այս ժապավենի ընթացքում միակ պահը, որ հիրավի հրճվանք է պատճառում դեսպանին, այն է, որ նրա կողմից մի քանի կիսատ շիշ ալկոհոլ ստանալուց հետո իտալացի մուրացկանը ցնծությամբ գոռում է. «Կեցցե՛ Լեհաստանը»: Ֆիլմում, սակայն, քաղաքական առումով չկար որեւէ դրվագ, որը թեկուզ անուղղակիորեն արտահայտեր այդ գաղափարական թելը: Դեռ ավելին, Միխալկովի հերոս ռուս դիվանագետը Վիկտորի հետ մի քանի րոպեանոց զրույցում «հողին հավասարեցրեց» ոչ միայն դեսպանի անձն, այլեւ լեհ ժողովրդի ազգային բնավորության որոշ գծեր: Զանուսիի ֆիլմը, որն ընդհանուր առմամբ դիտարժան է իր խճճված սյուժեի եւ ռեժիսորի կողմից կյանքի պատահականություններին ապավինելու շնորհիվ, աչքի է ընկնում դերասանական փայլուն խաղով: Ե՛վ լեհ դեսպանին մարմնավորած Զբիգնեւ Զապաշեւիչը, եւ՛ Նիկիտա Միխալկովը դերասանական բարձր պատվանդանի վրա են: