Ֆուտբոլային հանճարը

13/07/2006

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը գտել է այն հարցի պատասխանը, որն արդեն 2 օր տանջում է ֆուտբոլասերներին. ի՞նչ ասաց Մատերացցին Զիդանին, որ վերջինս գլխով նոկդաունի ենթարկեց նրան։ Պարզվում է` Մատերացցին Զիդանին անվանել է «ահաբեկիչ» եւ հիշատակել նրա կաբիլական ծագման մասին։ Զիդանի հայրը պատկանում է կաբիլների ազգային փոքրամասնությանը, որոնք ապրում են Ալժիրում։ Բերբերական այս ժողովուրդն իր պատմության ընթացքում միշտ ենթարկվել է ճնշումների, հատկապես Ֆրանսիայի գերիշխանության ժամանակաշրջանում։ Սեփական իրավունքները պաշտպանելու փորձերը դաժանորեն ճնշվել են 70-80-ական թվերին։ Կաբիլներն իրենց հեռու են պահում արաբներից ինչպես Ալժիրում, այնպես էլ Ֆրանսիայում։ Ազգային հողի վրա վիրավորանքներին այս ժողովրդի մեջ շատ լուրջ են վերաբերվում եւ երբեք չեն ներում դրանք։ Այնպես որ, Զիդանի ռեակցիան լիովին հասկանալի է։ Ի դեպ, երեկ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ պաշտոնական ճաշկերույթի ժամանակ Զիդանին անվանել է «ֆուտբոլային հանճար»: «Ես ուզում եմ քեզ ասել, որ ամբողջ ազգը սիրում ու հարգում է քեզ, քո կողքին է կարիերայիդ ամենաբարդ պահին: Դու վիրտուոզ ես, ֆուտբոլային աշխարհի հանճար, բայց միեւնույն ժամանակ զգացմունքային եւ անկեղծ մարդ՝ իր սկզբունքներով: Դրա համար էլ Ֆրանսիան սիրում եւ հարգում է քեզ»,- հայտարարել է Շիրակը: