Դատարկ արժեքներ

13/07/2006

Ադրբեջանցի լրագրող Ալեքպեր Ալիեւը երեկ Երեւանում հայտարարել է, որ 90-ականների սկզբին Ադրբեջանում հայկական լոբբիի մասին կային տարբեր միֆեր: Ադրբեջանցիներն ավելի շատ պատճառներ էին հորինում իրենց պարտությունը արդարացնելու համար, քան պատերազմում էին: «Հայկական լոբբին պատկերանում էր հարուստ եւ մեծ քթով Վարդան, ով կարող էր ցանկացած պահի հանդիպել Բուշին կամ Գորբաչովին, կամ նրանց հրավիրել Երեւան, կարող էր Ղարաբաղ տեղափոխել ամերիկյան բանակը, երկրաշարժ կազմակերպել Ադրբեջանում եւ նույնիսկ հետ շուռ տալ ժամանակի ընթացքը»,- ասում էր լրագրողը: «Հիմա Վարդանին քիչ-քիչ մոռանում են, սակայն Անդրեն դարձել է մեզ համար հերթական մղձավանջ»: Ալեքպեր Ալիեւի ասելով, «Եվրատեսիլին» մասնակցող Հայաստանի ներկայացուցիչ Անդրեի` ԼՂՀ-ում ծնված լինելու հարցը դարձավ համազգային հարց: Եվ մրցույթի կայքում Անդրեի կենսագրական տվյալների` ադրբեջանցիների ակնկալած փոփոխությունը «ներկայացվեց որպես պատմական հաղթանակ»: «Համակերպվել ենք մեր տարածքի 1/6-րդի կորստյան հետ, սակայն պատրաստ ենք տոլմայի հեղինակային իրավունքի համար իրար սպանել… Ֆուտբոլում մեր հաղթանակը հայերի նկատմամբ ներկայացվեց որպես 1945 թվականին Բեռլինի գրավմանը հավասար հաղթանակ»,- հեգնեց Ա. Ալիեւը: