Ելույթ ունենալով «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնած «Եվրաինտեգրացիան որպես ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպաստող գործոն» միջազգային սեմինարի ժամանակ, Ա. Ալիեւը հայտարարել է, որ մինչեւ հիմա հակամարտության չկարգավորման գլխավոր պատճառը կողմերի` միմյանց նկատմամբ ունեցած անվստահությունն է: Եվ հակամարտության կարգավորված չլինելու ամեն մի օրն ավելի ու ավելի է մեծացնում երկու ազգերի միջեւ առանց այն էլ եղած ատելությունն ու թշնամանքը: Ա. Ալիեւը համոզված է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` փոխզիջումների միջոցով: Ընդ որում, Ալիեւի կարծիքով, Ադրբեջանի հասարակությունը պատերազմ չի ուզում: «Եթե հասարակությունը պատերազմ ուզեր, ապա իշխանություններից կպահանջեր ու իր ուզածին կհասներ»,- ասում է նա:
Լրագրողի ներկայացմամբ, փոխզիջումները պետք է կատարվեն փուլային այն տարբերակով, որ այսօր ներկայացրել են համանախագահները: Այսինքն` պետք է լուծել ղարաբաղյան հակամարտությանն առնչվող բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեն թողնել ապագային: Ընդ որում, այդ հանրաքվեին, ադրբեջանցի լրագրողի կարծիքով, պետք է մասնակցեն միայն այն հայերն ու ադրբեջանցիները, ովքեր ապրել եւ ապրում են Ղարաբաղում:
Սակայն հակամարտող կողմերի միջեւ մինչեւ հիմա կայացած բանակցությունները, Ա. Ալիեւի կարծիքով, որեւէ արդյունք չեն տվել: «Իսկ Ադրբեջանի իշխանությունների ռազմական հռետորությունն արդեն դարձել է բարի ավանդույթ: Հայկական կողմի հետ ամեն մի այդպիսի անարդյունք հանդիպումից հետո հայտարարում են, թե «հարկ եղած դեպքում մեր բանակը շատ կարճ ժամանակներում կարող է ազատել գրավյալ տարածքները»: Եվ իշխանություններն իրենք էլ են լավ հասկանում, որ «հարկ եղած դեպքում» հայտարարությունը հասարակության մոտ դարձել է ծիծաղի առարկա: Նավթային ծրագրերի հաջողությունները Ադրբեջանի մոտ անդրկովկասյան գերտերության պատրանք ստեղծեցին, ինչի արդյունքում կարծում էին, որ նավթի ու նավթադոլարների միջոցով կկարողանան ցանկալի պահանջներ թելադրել Հայաստանին, իրենց կողմը գրավել Արեւմուտքին` ստանալով նրանց աջակցությունը: Բայց իրականում դա այդպես չէ,- փաստում է լրագրողը եւ շարունակում,- հրադադարի պայմանավորվածությունից հետո անցած 12 տարիների ընթացքում կողմերն այդպես էլ չեն կարողացել կնքել թեկուզ մեկ պայմանագիր, որը մեզ կմոտեցներ կարգավորման հնարավորությանը: Միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններն արդյունք չեն տվել, իսկ այդ ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներն անփոփոխ են ու հակադիր: Ոչինչ չի արվում երկու երկրների ժողովուրդներին խաղաղության որեւէ համաձայնագրի նախապատրաստելու համար»: Իսկ երկխոսությանն ու հակամարտության լուծմանը պատրաստ անձանց, նրա բնութագրմամբ, պատերազմում պարտված ու ճնշված ադրբեջանցիներն ու պատերազմում հաղթած եւ ոգեւորության մեջ ընկած հայերը համարում են թշնամիներ: «Եթե չենք պատրաստվում պատերազմել, ուրեմն եկեք խոսենք: Խոսենք այն մարդկանց հետ, ովքեր հեղինակություն ունեն հասարակությունների մոտ եւ պարտավորություն չունեն Մոսկվայի, Փարիզի կամ Վաշինգթոնի առաջ»,- ասում է ադրբեջանցի լրագրողը: Ադրբեջանցի մեկ այլ լրագրող` Սեյմուր Բայջանը նկատում է, որ կարծես երկու ժողովուրդները վայրենիներ են եւ չեն կարող առանց ուրիշի օգնության հանդիպել ու քննարկել իրենց հուզող հարցերը: «Չկա վստահություն եւ ստիպված ենք հանդուրժել օտարների ներկայությունը բանակցություններում, ինչը, ժամանակը ցույց է տալիս, որ ոչինչ չի տալիս»,- ասում է Սեյմուր Բայջանը: Ադրբեջանցի լրագրողները երեկ առաջարկում էին արգելք դնել ատելության փոխադարձ քարոզչությանը եւ վստահության մթնոլորտ ստեղծել երկու երկրներում: Ընդ որում, ինչպես նկատում է Ա. Ալիեւը՝ «Հայաստանը, որպես հաղթող կողմ, հաճույքով գնում է դեպի խնդրի կարգավորում: Իսկ պատերազմում պարտվելու պատճառով իրեն ճնշված զգացող եւ թերարժեքության կոմպլեքսով տառապող Ադրբեջանը ՀՀ-ի հետ բանակցություններ վարողին դիտում է որպես թշնամու: Այնինչ, փոխզիջման կարելի է հասնել հենց այսօր` բանակցությունների միջոցով»:
Նկատենք, որ Ալեքպեր Ալիեւը բավական կառուցողական է տրամադրված ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Իսկ այսօր Ադրբեջանում եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը բավական ագրեսիվ են այս հարցում: Եվ այնտեղ որեւէ կարծիք, որն իր մեջ կպարունակի թեկուզ մի փոքր «հայանպաստ» դիրքորոշում, համարում են դավաճանություն: Ավելին, այն բանից հետո, երբ ադրբեջական «Օբոզրեւատել» թերթի լրագրողը համարձակվեց այցելել Ղարաբաղ, նրան անմիջապես հեռացրեցին աշխատանքից: Եվ երեկ Ալեքպեր Ալիեւից հետաքրքրվեցինք, թե ինքը չի՞ վախենում իր գործընկերոջ ճակատագրին արժանանալուց: Ալիեւի խոսքերով, ադրբեջանցիների մոտ Ղարաբաղ այցելելն ավելի ցավոտ է ընդունվում, քան Հայաստան գալը: Բացի այդ, լրագրողի փոխանցմամբ, «Օբոզրեւատելի» իր կոլեգան Ադրբեջանի Ժուռնալիստների միության քննադատությունից հետո վերականգնվել է աշխատանքում: Իսկ դրանից հետո, նրա խոսքերով, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարել է, թե «ցանկացած ոք կարող է գնալ Ղարաբաղ, դա մեր հողն է, եւ ցանկացած ղարաբաղցի կարող է գալ Բաքու, դա նրանց երկիրն է»:
Ի դեպ, այսօր հայ հասարակությունը բավական հանդուրժողաբար է տրամադրված ադրբեջանցիների հանդեպ: Եվ ի տարբերություն Բաքվի, Երեւանում հաճախ են կազմակերպվում սեմինարներ, որոնց մասնակցում են նաեւ ադրբեջանցիները: Բաքվում, սակայն, ադրբեջանական իշխանություններն անվտանգության երաշխիքներ չեն տալիս հայ հյուրերին: Մեկնաբանելով այս իրավիճակը, Ա. Ալիեւն ասաց, որ անցյալում նման սեմինարներ կազմակերպվում էին, սակայն նման իրավիճակ ստեղծվել է վերջին երկու տարիներին: «Ադրբեջանում ծայրահեղականները քիչ են, բայց անկանխատեսելի են»,- ասում է նա: Թեեւ Ալիեւն ավելացնում է. «Ադրբեջանը հակասությունների երկիր է. եթե իմանան, որ հայ ես, փողոցում կարող են եւ սպանել, եւ գրկել: Այժմ Ադրբեջանում ապրող հայերի 95 տոկոսը կանայք են: Կան երթուղային տաքսու վարորդներ, ուսուցչուհիներ: Բայց ոչ ոք նրանց բան չի ասում, թեեւ, նրանք էլ չեն կարող փողոցում ասել, որ հայ են»: