Վրացիների՞ն են պատժում, թե՞ հայերին

13/07/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Շաբաթ օրվանից հայ բեռնափոխադրողներն ու ներմուծող-արտահանողները խուճապի մեջ են. այդ օրը վաղ առավոտյան Ռուսաստանն անորոշ ժամանակով նորից փակել է Վրաստան մտնող Կազբեկ-Վերին Լարս անցակետը: Ռուսական կողմն այս քայլը մեկնաբանել է` Վերին Լարսի հսկիչ-անցագրային կետում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով, եւ հայտարարել է, որ այդ աշխատանքները կարող են ձգվել մոտ 1 ամիս: Իսկ վրացական կողմն այս հանգամանքին տվել է քաղաքական ենթատեքստ:

«Վերանորոգման պատճառով սահմանի փակումն առանց նախապես զգուշացնելու նորմալ պայմաններում տեղի չի ունենում»,- նկատել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին:

Իսկ Վերին Լարսով ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխում էին Հայաստանի հիմնականում ներմուծվող, որոշ չափով նաեւ՝ արտահանվող բեռները: Այս օրերին մեծ չափերով ծիրան էր արտահանվում Ռուսաստան: Հիմնականում սննդամթերք, հագուստ, ապակյա տարաներ եւ այլ ապրանքներ են ներմուծվում: Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրին, որ անցակետի փակման օրը Լարսում սահմանն անցնելուն էին սպասում ծիրանով բեռնված հայկական 11 ավտոմեքենաներ: Այդ օրերին Վրաստանում էր գտնվում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գյուղնախարարության Բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Մեխակ Ղազարյանը տեղեկացրեց, որ վարչապետի միջամտությամբ այդ 11 մեքենաները Ռուսաստան են ուղեւորվել Հարավային Օսեթիայով՝ Զարմանդ անցակետով: Բայց Մ. Ղազարյանը տեղեկացրեց, որ վրաց-օսական հակամարտության պատճառով հայերն այդ երթուղին այլեւս չեն կարող օգտագործել, դա բացառիկ դեպք է եղել: Հիմա Հայաստանում սառնարաններում արտահանման է սպասում մոտ 2700 տոննա ծիրան: Առայժմ Հայաստանից Ռուսաստան ուղեւորվող բեռները, այդ թվում՝ ծիրանը, Փոթիի նավահանգստից պետք է բեռնվեն Նովոռոսիյսկ ուղեւորվող լաստանավը: Առայժմ այլ ճանապարհ չկա, Վրաստանում այդպես է հայտարարել Ա. Մարգարյանը: Իսկ այդ լաստանավը Փոթի է գալիս շաբաթը մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին: Եթե հայկական բեռներն այդ օրը հասնեն Փոթի եւ կարողանան միանգամից լաստանավ բարձրանալ, ապա 1 օր հետո կարող են հասնել Նովոռոսիյսկ, որտեղից էլ առանց ժամանակ կորցնելու կհասնեն իրենց վերջնակետին: Իսկ եթե հայկական բեռները, մանավանդ` ծիրան տեղափոխող մեքենաները, մի քանի օր սպասեն լաստանավի գալուն, դրանից հետո էլ չկարողանան նավի վրա տեղ գտնել, այս դեպքում արդեն լրիվ պարզ է մեր բեռնափոխադրման վիճակը: Բեռնափոխադրողներն ասում են, որ նավահանգիստներում բեռնվում են նախ` բուլղարական ու ռուսական, հետո` ուկրաինական ու վրացական, իսկ ամենավերջում՝ հայկական բեռները: Այս պայմաններում չի բացառվում, որ հայկական բեռները լաստանավ բարձրանան միայն երկրորդ կամ երրորդ շրջապտույտի ժամանակ:

Հիմա, երբ չորս օր է անցել Լարսի անցակետի փակվելուց, սահմանի ռուսական կողմի մեքենաները շրջվել ու ուղղություն են վերցրել դեպի Նովոռոսիյսկ, իսկ վրացական կողմի մեքենաները՝ Փոթի, եւ սպասում են լաստանավի ժամանմանը: Պարզ է, որ հայկական բեռների հետ միասին նավահանգիստ են գալիս վրացական, ինչպես նաեւ` պարսկական բեռները: Ու արդեն պարզ է, թե ինչ է կատարվելու այս նավահանգիստներում՝ Փոթի-Նովոռոսիյսկ-Բուրգաս-Փոթի երթը կատարող լաստանավ բարձրանալու համար սովորականից մեծ հերթեր են գոյանալու, եւ մեծ խառնաշփոթ է առաջանալու: Որբերի նման իրենց հասանելի՝ վերջին հերթին սպասող հայ մեքենաները կարող է լաստանավում տեղ չգտնեն ու շաբաթներով սպասեն Ռուսաստան հասնելուն:

Այս օրերին Լարսի սահմանը պետք է հատեին նաեւ «ՏԻՐ»-ի՝ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի երկու մեքենաները, որոնցից մեկը գյուղատնտեսական մթերք վերամշակող մի ընկերության համար մետաղյա կափարիչներ էր տեղափոխում: Ընկերության տնօրենը (կոմերցիոն նկատառումներից ելնելով` անունը չենք նշում) ասոցիացիայի գլխավոր քարտուղար Հերբերտ Համբարձումյանի հետ անընդհատ բանակցությունների մեջ էր, թե ինչ անեն, որ մեքենան շուտ հասնի Հայաստան: Հ. Համբարձումյանը լաստանավից բացի այլընտրանք չէր տեսնում: Վաղը լաստանավը Փոթիից կհասնի Նովոռոսիյսկ եւ կուղեւորվի Բելգիայի Բուրգաս նավահանգիստ: Եթե այդ մեքենան վաղը չկարողանա հասնել Նովոռոսիյսկ եւ նավ բարձրանալ, եւ եթե մինչեւ հուլիսի 20-21-ը չկարողանա Հայաստան հասնել, ապա վերամշակող ընկերությունն այս տարի մեծ կորուստներ կունենա: Ընկերության տնօրենը մեզ ասաց, որ գյուղատնտեսական ապրանքների սեզոնային վերամշակման եւ պահածոյացման եռուն շրջանն է, եւ եթե այդ կափարիչները մեկ շաբաթվա ընթացքում չստանան, ապա իրենք չեն կարող պահել կուտակած թարմ մրգերը կամ արդեն մուրաբայի, հյութի ու կոմպոտի համար պատրաստած կիսաֆաբրիկատները: Տնօրենը մեզ նաեւ հայտնեց, որ եթե բեռը 2-3 շաբաթ ուշանա, ապա այս տարի կափարիչներն իրենց պետք չեն գա: Բացի այդ, Լարսից Փոթի կամ Նովոռոսիյսկ ուղեւորվող մեքենաների ծախսն արդեն մեծանալու է. նախ` նավահանգիստ հասնելու համար, հետո էլ` նավ բարձրանալու համար պետք է վճարեն մոտ 1000 դոլար: Փաստորեն, Հայաստանի ապրանքաշրջանառության վիճակը շատ վատ է եւ այսօր էլ մեծամասամբ կախված է Ռուսաստանի քմահաճույքից: Դժվար է ասել, բեռնափոխադրման այս թեժ սեզոնին Ռուսաստանն ինչո՞ւ է որոշել «ռեմոնտ անել» ու սահմանը փակել: Մանավանդ, որ ձմռան 2-3 ամիսներին ձյան պատճառով սահմանը փակ է լինում: Դրանով նա Վրաստանի՞ն, թե՞ Հայաստանին է պատժում: Որքան էլ վրացիները հայտարարեն, թե Ռուսաստանը դա արել է քաղաքական նկատառումներով եւ Վրաստանին պատժելու համար, նույնքան եւ դրանից ավելի շատ այս հանգամանքը վերաբերում է նաեւ Հայաստանին: Սահմանի փակվելուց մեր երկիրն ու գործարարներն ավելի շատ են տուժելու, քան Վրաստանը: Ի վերջո, Փոթին վրացական է, եւ վրացիներն, ի տարբերություն հայերի, նավահանգստից ու լաստանավից օգտվում են տիրոջ իրավունքով: Ռուսաստանն այս հանգամանքը գերազանց գիտակցում է եւ առիթը բաց չի թողնում իր դաշնակից Հայաստանին ու ֆորպոստին մեկ անգամ եւս ստորացնելու եւ «քցելու»: Իսկ մեր իշխանությունները ռիսկ չեն անում նույնիսկ ծպտուն հանել:

Համենայնդեպս, բեռնափոխադրման հետ կապված նման ողբերգական վիճակների մեջ չընկնելու համար ոլորտի պատասխանատուները ելք են առաջարկում: «Հիմա բոլորը զանգում են ինձ ու հարցնում են՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք,- ասում է Հերբերտ Համբարձումյանը: -Ես մի լուծում եմ տեսնում՝ այս երկիրը պետք է ունենա իր լաստանավը: Թե չէ՝ մենք դառնում ենք ուրիշ երկրի քաղաքականությանը կողքից հետեւող մի երկիր: Հիմա Ռուսաստանը փակել է իր սահմանը, ո՞վ կարող է հարցնել՝ ինչո՞ւ ես փակել կամ ե՞րբ կբացես: Իր սահմանն է՝ երբ ուզի` կփակի, երբ ուզի՝ կբացի: Ես միշտ ասել եմ ու կրկնում եմ՝ Հայաստանը պետք է ունենա իր սեփական լաստանավը կամ վարձակալի, որը կսպասարկի հայ փոխադրողներին եւ կկատարի Փոթի-Նովոռոսիյսկ-Փոթի երթուղին: Դա մեծ գումարների հետ է կապված: Փոխադրողներն ի վիճակի չեն նավ գնել կամ վարձակալել: Բայց եթե նավը լինի, դա շահավետ կլինի շատ սեփականատերերի համար, որովհետեւ օգտվելու են նաեւ վրացական ու այլ բեռնափոխադրողներ»:

«Ես միշտ ասել եմ, որ մենք պետք է մտածենք մեր սահմանները բացելու մասին»,- այս կարծիքին է Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Իսկ մինչ կբացվեն սահմանները կամ մեր իշխանությունները կմտածեն լաստանավ ձեռք բերելու մասին, Կապի եւ տրանսպորտի նախարարությունից տեղեկացրին՝ քանի որ վարչապետը Վրաստանում հայտարարել է, որ առայժմ պետք է օգտվել Փոթիի նավահանգստից, նախարար Անդրանիկ Մանուկյանն այլ կարծիք չունի: Վարչապետը դեռ չի ժամանել Հայաստան:

«Ես միայն կարող եմ փոխանցել, որ նախագահին զեկուցվել է ստեղծված իրավիճակի մասին, եւ նախագահը համապատասխան հանձնարարական է տվել ռուսական կողմի հետ իրավիճակը ճշտելու համար»,- մեր հարցմանն ի պատասխան` ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: