Ղարաբաղում բերքատվությունը դարձյալ ցածր է

13/07/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ հնձվել է 22723.8 հեկտար, որը կազմում է բերքահավաքի ենթակա ընդհանուր` 55814.4 հեկտար ցանքատարածությունների 40.7 տոկոսը, կալսվել է 32.7 հազար տոննա հացահատիկ: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 14.4 ցենտներ, ընդ որում՝ Ասկերանի շրջանում՝ 14.6 ցենտներ, Հադրութում՝ 14.3, Մարտունիում՝14.8 ցենտներ: Ամենացածր բերքատվությունը գրանցվել է Շուշիի շրջանում` 9.0 եւ Քաշաթաղի շրջանում` 9.4 ցենտներ, իսկ ամենաբարձրը` Մարտակերտի շրջանում: Այստեղ բերքատվության ցուցանիշը կազմել է 16.1 ցենտներ: Հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.0 տոկոսով: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վլադիմիր Զաքիյանի խոսքերով, հունձը նախորդ տարիներից տարբերվում է առավել կազմակերպվածությամբ եւ գյուղատնտեսական տեխնիկայի առատությամբ։ «Չնայած շատ է խոսվում հողերի բերրիության բարձրացման անհրաժեշտության, մասնավորապես՝ օրգանական եւ հանքային պարարտանյութերի շրջանառման մասին, սակայն, ցավոք, այսօր ոչ բոլորն են կարեւորում այդ պահանջը, այդ թվում` խոշոր սեփականատերերն ու վարձակալները: Բացի այդ, նույն դաշտում ամեն տարի նույն ցորենը կամ գարին են ցանում, ինչն այնքան էլ ձեռնտու չէ»,- ասել է Վ. Զաքիյանը: Նա գտնում է, որ հողագործներին պետք է աջակցել, ասենք, թեկուզ մեկ տարով ազատելով նրանց հողի հարկից։

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչ Վարդան Գրիգորյանը, որ բացի գյուղի դպրոցում աշխատելուց, զբաղվում է նաեւ գյուղատնտեսությամբ, 4 հեկտար հողատարածք ունի: «Օրինակ, այս տարի հացահատիկ ցանեցի եւ ծախսեցի մոտ 500 դոլար, բայց մեկ ամիս առաջ կարկուտը լրիվությամբ փչացրեց ողջ բերքը: Ոչ մի փոխհատուցում, ոչ մի օգնություն չեմ ստացել»,- մեզ հետ զրույցում պատմեց նա: Եվ, բնականաբար, հիասթափվում է երիտասարդը: «Եթե այդքան գումար եմ դնում գործի մեջ եւ արդյունք չեմ ստանում, ինչպե՞ս հաջորդ անգամ ներդնեմ»,- հարցնում է երիտասարդը: Նա միաժամանակ ավելացրեց, որ հնարավոր է` նորից փորձի, բայց երիտասարդներ կան, որ տեսնելով այդ ամենը` հիասթափվում ու հեռանում են այստեղից: «Նման գործ սկսելը շատ դժվար է մեզ մոտ, քանի որ տեխնիկայի բնագավառում մրցակցություն չկա: Օրինակ, մեր գյուղում ընդամենը մեկ տեխնիկա կա եւ դրա համար էլ՝ ինչ գին ուզում` ասում են: Եվ եթե ինձ ձեռնտու չէ դա, բնականաբար, խնդիրներ են առաջանում»,- ասում է Վարդանը: Իսկ թե ինչ կլինի բերքահավաքն ավարտելուց հետո, դեռ հայտնի չէ, քանի որ հունձից ու բերքը վաճառելուց հետո են սովորաբար խոսում շահույթի կամ վնասի մասին: Հիշեցնենք, որ նախորդ տարի կային այնպիսի մարդիկ, ովքեր հունձ չեն կատարել այն պատճառով, որ վառելիքը շատ թանկ էր, իսկ ցորենի գինը`շատ ցածր (60-70 դրամ): Իսկ այս տարի Ստեփանակերտի ալրաղացը հայտարարել է, որ 1կգ ցորենի համար պատրաստ է վճարել 85 դրամ: