Իհարկե, դա խորհրդանշական արարողություն էր, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում միասեռականների ամուսնությունը: Եկեղեցում նրանք միմյանց մատի մատանի դրեցին, եւ Միշայի մոր ու իրենց ընկերների հետ փոքրիկ հարսանիք արեցին ռեստորանում: Նրանք Փարիզից հատուկ եկել էին Էջմիածին` ամուսնանալու համար: Երկուսն էլ մեծացել են մի միջավայրում, որտեղ միասեռականին մարդ չեն համարում: Մեկը` սփյուռքահայ համայնքում, մյուսը` Երեւանում: Նրանք ասում են, որ իրենց միավորել է սերը, եւ ցանկանում էին արտահայտել դա Հայաստանի ամենասուրբ վայրում:
35-ամյա Միշա Մերուժանը միասեռական լինելու պատճառով Երեւանից հեռացել է 1994 թվականին: Արդեն 15 տարեկանում հասկացել է, որ միասեռական է եւ տանջվել է իշխող բարքերի եւ իր ցանկությունների հակասությունից: «Ես թունդ հայ, ռաբիս, տրադիցիոն ընտանիքում էի մեծանում: Արդեն երեխա ժամանակվանից ուզում էի տնից պոկվել»: Մեկնում է Ռուսաստան սովորելու եւ այնտեղ մի քիչ ավելի ազատ է զգում: Հետ է գալիս, եւ ծնողներն ուզում են ամուսնացնել: «Զգացի, որ երեք ելք ունեմ. առաջին` ամուսնանալ, երկրորդ` թաքուն կյանքով ապրել, երրորդ` ինքնասպան լինել: Ընտրեցի չորրորդը` թողնել գնալ էս երկրից»:
Մինչեւ Ֆրանսիա մեկնելը, նույնիսկ Ռուսաստանում, Միշան կարծում էր, թե ինքը հիվանդ է: Չէր կարողանում հաշտվել միասեռական լինելու հետ: «Ինձ մեղավոր էի զգում, աննորմալ, շեղված, դեֆեկտավոր: Անընդհատ ձգտում էի նորմալանալ, ստիպում էի ինձ քնել աղջիկների հետ, որ նորմալ դառնամ բոլորի նման: Ինչքան փորձում էի` վատ էր ստացվում, ու ավելի էի տառապում: Ու հակառակը` ինձ ավելի կեղտոտ էի զգում, երբ աղջկա հետ էի քնում, եւ ավելի նորմալ, երբ տղայի հետ էի: Եվրոպայում սկսեցի հանգիստ նայել իմ վիճակին ու հասկացա, որ պրոբլեմ չունեմ, պրոբլեմը իմ մեջ չի, էնտեղ է` Հայաստանում»:
2001 թվականին ստեղծում է հայ միասեռականների AGLA կազմակերպությունը (www.agla.info), որի կայքի միջոցով էլ Հարութը գտնում է Միշային: 38-ամյա Հարություն Ժոնժիկյանը ծնվել է Բեյրութում, դաշնակցականի ընտանիքում: Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվում է Փարիզ: Պատանի ժամանակ, երբ պարզվում է, որ միասեռական է, ծնողները որոշում են, որ որդին հիվանդ է, ու տանում են տարբեր հոգեբույժների մոտ: «Մի հոգեբույժի հայրս ըսավ` տղաս հոմոսեքսուալ է, ադոր համար եկած ենք, կուզեմ բուժվի, որ կյանքը չկորսնցնե, մարդ ըլլա: Բժիշկը զայրացած ըսավ` ես ալ հոմոսեքսուալ եմ, բայց կտեսնես` կյանքս չեմ կորցրած»:
Ընտանիքի համար կարեւորը որդու ամուսնանալն էր, որ ավանդական ընտանիքը շարունակություն ունենա: «Մայրս ըսավ` կնախընտրեմ ամուսնանաս, քովը ինչ կուզես նե ըրե, աչք կգոցենք: Հայության մեջ շատ գեյեր կամուսնանան` քովը ինչ ուզեն կընեն»: Հարութը պատմում է, որ իր քեռու տղային Բեյրութում համայնքը բռնացրել է տղայի հետ, տարել ակումբում գլուխն ու հոնքերը խուզել, դաժանորեն ծեծել ու գցել է փողոց: Հիմա տղան ամուսնացած է, բայց տղա զուգընկեր ունի, որի մասին տեղյակ է կինը: Հարութը հրաժարվում է ամուսնանալ ու երկակի կյանք վարել ու հեռանում է ընտանիքից: Ինը տարի հարազատներին չի տեսնում, մինչեւ որ նրանք ընդունում են իր միասեռական լինելը: Նույնիսկ Բեյրութում բնակվող հորեղբայրը` դաշնակցական լիդեր Հակոբ Ճանճիկյանը, որ նախկինում ուզում էր Հարութին տանել Բեյրութ ու դաստիարակել, գալիս է Փարիզ ու խոստովանում, որ սխալ են վարվել նրա հետ, ու ձեռքը սեղմում:
Հարութը սկսում է հայ ընկերներ փնտրել, «Գուգըլով» որոնում է տալիս ու հայտնաբերում AGLA-ն: Հունվարին հանդիպում է Միշային: «Երբ իրար հանդիպեցինք, չգիտեինք, որ հարաբերություն կստեղծվի,- պատմում է Միշան: – Հետո էնպես սիրահարվեցինք, որ ոչ ես էի կարողանում աշխատել, ոչ ինքը»:
Միշան, ինչպես ինքն է ասում, «խուժան կյանք» է վարել, հաճախ փոխել զուգընկերոջը: Իսկ Հարութը, հակառակը, կայուն կապեր է ունեցել. 9 տարի մի ընկեր է ունեցել, հետո 3 տարի` մեկ ուրիշը: «Հարութն ինձ ասեց` ես կայուն կապի եմ սովոր, ուրիշ ձեւ չեմ կարող, պիտի ընտրություն անես: Ուրեմն ի՞նչ, ասեմ այո՞, հետերոներին կոպիա անե՞մ, նրանց տխուր ընտանեկան մոդե՞լը ընտրեմ: Մեջս մի բան ասում էր` չէ, բայց նայում էի Հարութի աչքերին, ու ինձ ասում` եթե ինքը ուզում է, պետք է ելք գտնել: Զգացմունքները որ կան, արդեն եկեղեցի էլ կգնաս, մատանի էլ կդնես»: Հարութը ոսկերիչ է եւ Միշային նվիրած մատանին ինքն է պատրաստել ու մեջը հայերեն փորագրել տվել` «Սեր եւ հավատարմություն»: Եկեղեցով ամուսնանալը նրա նախընտրությունն է. «Ես հայ եմ, անոր համար կուզեի Հայաստանում ամուսնանալ, եւ ինչպես իմ ընտանիքը կրթել է` կուզեի եկեղեցով»: Ցավում է, որ հայ եկեղեցին միասեռականներին չի ընդունում, եւ իրենք չեն կարող ծեսով ամուսնանալ. «Կուզեի եկեղեցին փոխվի, անարդար է»: Որոշել են նաեւ երեխա ունենալ: Հավանաբար համաձայնության կգան մի լեսբուհու հետ, որ նա իրենցից մեկից արհեստական հղիանա: Հարութը ասում է, որ կինը անպայման հայ պետք է լինի:
Մինչեւ 2003 թվականը Հայաստանում միասեռականությունը հանցանք էր, Քրեական օրենսգրքի 116 հոդվածով մինչեւ 5 տարի պատիժ էր սահմանված: Եվրոպայի խորհրդի ճնշմամբ հանվեց հոդվածը, բայց հասարակության մեջ հոմոֆոբիան չվերացավ: Միշան ասում է, որ մայրն աստիճանաբար համակերպվել է իր միասեռական լինելու հետ, սակայն խնդրել է Երեւանում եղած ժամանակ թաքցնել դա: «Ի՞նչ վատ բան են արել գեյերը, որ նրանց ատում են»,- հարցնում է Հարութը:
Այսուհանդերձ, AGLA-ն որոշակի դեր է խաղացել, որ Փարիզի հայ համայնքում միասեռականների նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Երբ կազմակերպությունը ստեղծվել է, համայնքը թշնամաբար է ընդունել, հետո սկսել է հանդուրժել. «4 տարի առաջ, երբ մասնակցեցինք ապրիլի 24-ի ցույցին, մեզ վրա թքում էին, բայց մենք առանց ուշադրություն դարձնելու քայլում էինք: Հետո արդեն սովորեցին»,- ասում է Միշան:
Միշան ու Հարութը ցանկանում են Հայաստանում էլ միասեռականների նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել: Աջակցում են Հայաստանի միասեռականներին, որոնք հասարակական կազմակերպություն են ստեղծել: Կազմակերպության կանոնադրության մեջ չեն նշել, որ այն միասեռականների է, որպեսզի գրանցման խոչընդոտներ չունենան եւ հոմոֆոբիայի թիրախ չդառնան:
Միշան խնդրեց, որ հոդվածը հրապարակվի, երբ իրենք Փարիզում կլինեն, քանի որ կարող են վտանգի ենթարկվել:
www.armenianow.com