Երեկ մեկնարկեց Երեւանի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Սկսվեցին ֆիլմերի ցուցադրումները եւ ժյուրիի աշխատանքը: Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում եւ կինոթատրոնի մերձակայքում տեղի ունեցան փառատոնի բացումը եւ ծիրանօրհներգի արարողությունը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ժյուրին այս տարի գլխավորում է լեգենդար Մորց դե Հադելնը՝ մի մարդ, ով ստեղծել է Լոկարնոյի փառատոնը, երկար տարիներ եղել է Բեռլինի կինոփառատոնի նախագահը եւ կարողացել է ողջ կինոաշխարհի ուշադրությունը սեւեռել այդ փառատոնի ուղղությամբ: Ապա Իտալիայի նախագահ Բեռլուսկոնիի հրավերով նա գլխավորել է Վենետիկի փառատոնը, եւ երկու տարիների ընթացքում կարողացել է այն հիմնովին վերակառուցել: Պայքարելով ամերիկյան կինոյի գրոհի եւ ամերիկյան ստանդարտների դեմ, Մ. դե Հադելնը Վենետիկում նոր` «հոսանքին հակառակ» մրցութային ծրագիր է կազմել եւ պատերազմ հայտարարել միօրինակությանը: Նա լավ եւ ճիշտ նկարահանված ֆիլմերը չի ողջունում եւ Երեւանում հայտարարել է, որ «ամենակարեւորը ֆիլմերում տեղ գտած ուղերձներն են»: «Ես ժյուրիի նախագահ եմ, բայց չեմ կարծում, որ ժյուրիի գործը դատելն է, մենք կարող ենք միայն համեմատել»,- ասաց Մ. դե Հադելնը: Նա փաստում է, որ այսօրվա կինոն գնալով ավելի ու ավելի է զվարճալիքի նմանվում. «Մենք դիտում ենք ֆիլմեր, որտեղ վատ տղաներ ու լավ տղաներ են: Հանդիսատեսից հիմա ավելի պարզ ռեակցիա է սպասվում: Այսօրվա հանդիսատեսին ես հեռուստավահանակը ձեռքին հանդիսատես եմ կոչում: Նա արագ-արագ փոխում է հեռուստաալիքները, քանի որ որեւէ բան մինչեւ վերջ նայելու համբերություն չունի: Այդ պատճառով էլ մենք համերգից կամ ֆիլմից հաճույք ստանալ չեն կարողանում»:
Իսկ ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն, ով գլխավորելու է «Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերի ժյուրին, ասաց. «Կինոյի գեղեցկությունը առաջին հերթին նրա սուբյեկտիվության մեջ է: Օբյեկտիվ քննադատություն լինել չի կարող, մեզ կամ դուր է գալիս ֆիլմը, կամ` ոչ: Դա սիրո պես մի բան է, չէ՞ որ հաճախ դժվարանում ենք բացատրել, թե ինչու ենք սիրում այս մարդուն եւ չենք սիրում մյուսին: Եթե մենք բազկաթոռին նստած ֆիլմ ենք նայում եւ մեզ անհարմարավետ ենք զգում, ուրեմն` ֆիլմն է վատը»: 66-ամյա Գ. Ռեջիոն իր կյանքի 14 տարիները անցկացրել է լռության, պահքի եւ աղոթքների մեջ, աշխատել է որպես եկեղեցական, տարբեր բարեգործական ակցիաների մասնակից է եղել: Նա հայտնի է իր «Կացի» վավերագրական եռապատումով, որի կենտրոնում մարդն է եւ բնությունը: Մարդը կարող է փորձել կառուցել իր կյանքը բնության օրենքներով, սակայն կարող է եւ կործանիչ դեր խաղալ: Մեր օրերի ամենախոշոր վավերագրողներից մեկը` Գ. Ռեջիոն ցանկանում է հասկանալ մարդկության դիմանկարն ու պատկերել այն: Եվ Երեւանում նա կարգավորելու է վավերագրական ժյուրիի աշխատանքները: «Կինեմատոգրաֆն, առաջին հերթին, խոսք է, խոսքի մեջ ենք մենք ազատ»,- ասաց մեր կյանքում հավասարակշռություն որոնող ռեժիսորը:
«Ոսկե ծիրանի» երրորդ` «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի նախագահ դերասանուհի Արսինե Խանջյանը փառատոնի ասուլիսին չէր մասնակցում: Նա ուշ էր Երեւան ժամանել եւ այդ պատճառով միանգամից կսուզվի պարտադիր կինոդիտումների մեջ: Ասուլիսին ներկա էր Ա. Խանջյանի ամուսինը` ռեժիսոր, «Ոսկե ծիրանի» փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը: Նա «Ոսկե ծիրանին» բարեհաջող ընթացք մաղթեց. «Իմ կարիերան փառատոների վրա է կառուցվել: Հիմա էլ հաճախ եմ տարբեր փառատոների մասնակցում եւ կփորձեմ օգտագործել իմ կապերն ու կոնտակտները եւ օգնել «Ոսկե ծիրանին»,- ասաց նա:
Ռոման Բալայան
Ղարաբաղում ծնված, Երեւանում ուսանած եւ Կիեւում ապրող հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանը նկատեց, որ շատ է զարմացել եւ ուրախացել` անցյալ տարի լսելով, որ կինո չնկարահանող մայրաքաղաքն իր փառատոնն ունի. «Ես այն հազվագյուտ հայերից եմ, որ` իմանալով «Ոսկե ծիրանի» մասին, միայն անկեղծորեն ուրախացել եմ: Մարդիկ Երեւան են գալիս եւ գոհ ու բավարարված հեռանում են: Երբ կազմակերպիչները որոշեցին փառատոնը համահայկական անվանել, ես նրանց ասացի` պետք չէ համահայկական անել, արե՛ք միջազգային: Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այս փառատոնը կարող է երկրին հռչակ բերել, եւ նրան պետք է փող տալ: Լսել եմ, որ փառատոնից դժգոհողներ կան, հիմնականում դրանք տեղացի հայերն են: Դե ի՞նչ արած, դժգոհ լինելը մեր ազգային հատկանիշներից մեկն է: Հիմնականում դժգոհում են նրանք, ովքեր իրենց տեղերում չեն կամ էլ նրանց հրավիրատոմսեր չեն հասել»: Ռ. Բալայանը Կիեւում իր սեփական կինոստուդիան ունի, որտեղ եւ նկարահանում է իր նոր` «Ընտրյալը» ֆիլմը` սցենարիստ Ռուսթամ Իբրահիմբեկովի հետ միասին: Ինչպես ռեժիսորի բոլոր ֆիլմերում («Թռիչքներ երազում եւ արթմնի», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը», «Գիշերը լուսավոր է»)` նոր ֆիլմի հիմքում էլ ներքին ազատության խնդիրն է լինելու: Ռ. Բալայանը շատ է գնահատում ընկերությունը, եւ Երեւան է այցելում` ընկերների հետ շփման ծարավը հագեցնելու համար: «Ես աշխատում եմ Երեւան այնպես այցելել, որպեսզի հասցնեմ նաեւ Արցախ գնալ: Ցավոք, այս անգամ Արցախ չեմ գնալու»:
Ալեքսանդր Ադաբաշյան
«Այսօրվա կինոն շատ է տարբերվում այն կինոյից, որը երկու շատ կոնկրետ եղբայրներ են ստեղծել: Խոսքս՝ Լյումիեր եղբայրների մասին է: Չեմ կարող ասել՝ լա՞վն է դարձել, թե՞ վատը: Այն պարզապես ուրիշ է,- իրեն հատուկ հումորով նկատեց փառատոնի հյուր` դերասան, ռեժիսոր եւ կինոսցենարիստ Ալեքսանդր Ադաբաշյանը: -Կինոյից առաջ գոյություն ունեցող արվեստները բնական բնություն ունեն եւ տեխնիկական միջոցների կարիք չունեն: Կարելի է անգրագետ լինել, բայց բանաստեղծություններ ստեղծել: Եթե թատրոնի շենք չկա, կարելի է փողոցում խաղալ: Իսկ եթե կինոյից հանես ժապավենն ու խցիկը, այն կդադարի գոյություն ունենալ: Կինոն հիմա ավելի շատ ինդուստրիա է, քան արվեստ: Եվ կինոն, վերջիվերջո, արտադրանք է, որը մինչեւ հանդիսատեսին հասնելը բազմաթիվ միջնորդների ձեռքերով է անցնում: Իսկ ամերիկացիներն այդ գործը կոնվեերի վրա են դրել, ահռելի փողեր են տրամադրում` գովազդի, «աստղեր» սարքելու համար: Այնտեղ հսկայական կինոգործարան է աշխատում: Եվ կինոն մուտացիայի է ենթարկվում: Կարծում եմ, վերջիվերջո, եթե կինոն ստույգ ծննդյան թիվ ունի, ապա վախճանի ստույգ տարեթիվ էլ կունենա»: Ա. Ադաբաշյանը, ով համագործակցել է Նիկիտա Միխալկովի հետ եւ մի քանի փայլուն ֆիլմերի սցենարների հեղինակ է, շատ է կարեւորում «Ոսկե ծիրանի» դերը. «Այստեղ կարող են շատ նախագծեր ծնվել: Փառատոնը համագործակցության հիանալի դաշտ է ստեղծում»,- ասաց նա: