Իտալացիների աստեղային ժամը եւ Զիդանի «Կարապի երգը»

13/07/2006

Շատերն էին սպասում, որ Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ ավելին է լինելու, քան սովորական խաղն է։ Ֆուտբոլասերները երեւի հիշում են. այս թիմերը հանդիպել էին 2000թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչում։ Այդ հանդիպումը իտալացիները դժվար թե երբեւէ մոռանան։ 55-րդ րոպեին Մարկո Դելվեկիոն առաջ մղեց Իտալիային։ Ընթանում էր վերջին րոպեն եւ թվում էր՝ հաղթանակն իտալացիների գրպանում է, սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Վերջին րոպեին Սիլվեն Վիլտորը հավասարեցրեց հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում Դավիթ Տրեզեգեն հաղթանակ պարգեւեց Ֆրանսիային։

Պարզ էր, որ իտալացիներն ամեն ինչ անելու էին ռեւանշ վերցնելու համար։ Եվ դա նրանց հաջողվեց։ Իտալիան հաղթանակ տարավ 11-մետրանոց հարվածաշարով։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դրանով վերջացավ, սակայն խոսակցությունները՝ մանավանդ վերջին խաղի հետ կապված, դեռ երկար կշարունակվեն։ Մարդիկ դեռ երկար են միմյանց հարցնելու՝ այնուամենայնիվ, ի՞նչ ասաց Իտալիայի պաշտպան Մարկո Մատերացցին Զինեդին Զիդանին, որ վերջինիս նման կոռեկտ ֆուտբոլիստը գլխով հարվածեց իտալացուն։ Կարելի է ընդամենը ենթադրել, որ այնքան էլ հաճելի խոսքեր չեն եղել։

Ազդե՞ց արդյոք այդ դրվագը խաղի վերջնական արդյունքի վրա։ Այս հարցում եւս տարբեր կարծիքներ են հնչում։ Ֆրանսիայի մարզիչ Ռայմոն Դոմենեկը դրանում ուղղակի համոզված է։ «Զիդանի հեռացումը սպանեց հաղթանակի հասնելու մեր հույսերը։ Դա հոգեբանական մեծ հարված էր։ Մենք ամբողջ թիմով հավատում էինք, որ Զիդանն իր գլխավերեւում կպահի աշխարհի գավաթը։ Եվ դրանից հետո ինչպե՞ս կարելի էր նայել, թե Զիդանն ինչպես է հեռանում խաղադաշտից։ Զիդանի բացակայությունը ծանր անդրադարձավ մեր թիմի վրա»,- խաղից հետո հայտարարել է Դոմենեկը։ Նույն կարծիքին է նաեւ լեգենդար Ֆրանց Բեկենբաուերը։ Նա ասել է, որ Զիդանի հեռացումը ճակատագրական եղավ Ֆրանսիայի համար։ Իսկ ահա Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժան-Պիեռ Էսկալետտի տեսակետը տարբերվում է մյուսներից։ «Համոզված եմ, որ Զիդանի հեռացումը չազդեց վերջնական արդյունքի վրա։ Նա դաշտում չի եղել ընդամենը մի քանի րոպե,- հայտարարել է Էսկալետտը եւ ավելացրել,- ես չեմ ուզում քննադատել Զիդանին։ Համոզված եմ, նա այժմ աշխարհի ամենադժբախտ մարդն է, պետք չէ նրա վրա ճնշում գործադրել»։ Իսկ Զիդանի համար շատերն են ցավում։ Այս անկրկնելի ֆուտբոլիստը կարող էր փառահեղ կերպով ավարտել իր կարիերան՝ որպես աշխարհի չեմպիոն։ Սակայն ստացվեց այնպես, որ նա մեծ ֆուտբոլը թողեց արգենտինացի մրցավար Էլիսոնդոյի որոշմամբ՝ կարմիր քարտով։

Աշխարհի առաջնությունը Զիդանի համար ավարտվեց վերջնական սուլիչից րոպեներ առաջ, եւ նա հանդերձարանում սրտի ցավով հետեւում էր, թե ինչպես է իր թիմը պարտություն կրում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով։ Զիդանն այնքան ընկճված էր, որ անգամ չներկայացավ արծաթե մեդալներով պարգեւատրման արարողությանը։ Սակայն Զիդանի վաստակը գնահատվեց ըստ արժանվույն։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Իսպանիայի հետ խաղից սկսած նա բառացիորեն իր ետեւից «քաշեց» ողջ հավաքականին՝ հասցնելով մինչեւ եզրափակիչ։ Իսկ Բրազիլիայի հետ խաղում նա պարզապես ապշեցրեց բոլորին։ Եվ անկախ Ֆրանսիայի հավաքականի պարտությունից, անկախ Զիդանի ստացած կարմիր քարտից, մեծն ֆրանսիացին ճանաչվեց Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ եւ «Ոսկե գնդակը» կհանձնվի հենց նրան։ «Ռոյթերսի» համաձայն, Զիդանի օգտին քվեարկել են 2012 լրագրողներ։ Հավաքած ձայների քանակով երկրորդ տեղը գրավել է Իտալիայի հավաքականի պաշտպան Ֆաբիո Կանավարոն (1997)։ Անդրե Պիռլոն երրորդն է՝ 715 ձայն, սակայն նա ճանաչվել է եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Պակաս ծանր չէ նաեւ Դավիթ Տրեզեգեի վիճակը։ Տաղանդավոր այս ֆուտբոլիստի համար, որը 2000թ. դարձավ Ֆրանսիայի թիմի հերոսը, Գերմանիա 2006-ը չափազանց անհաջող ստացվեց։ Գլխավոր մարզիչը նրան երկար ժամանակ չէր վստահում եւ խաղադաշտ դուրս չէր բերում։ Լրացուցիչ ժամանակում Տրեզեգեն վերջապես դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինելով Անրիին, սակայն անհաջող իրացրեց 11 մետրանոցը՝ ակամայից դառնալով իր թիմի «գերեզմանափորը»։ Սակայն ֆրանսիացիները, երկրի նախագահ Ժակ Շիրակի գլխավորությամբ, դժվարին պահին չեն լքել իրենց ֆուտբոլիստներին։ Ժակ Շիրակը դեռ խաղից առաջ, անկախ դրա արդյունքից, ֆուտբոլիստներին հրավիրել էր Ելիսեյան պալատ՝ հանդիսավոր ճաշկերույթի։ Գուցե սա որոշ չափով սփոփի ֆուտբոլիստների կոտրված սրտերը, որոնք պարտվեցին «ֆուտբոլային վիճակախաղում», ինչպես անվանում են հետխաղյա 11 մետրանոցները։

Իսկ իտալացիների մոտ լրիվ հակառակ տրամադրությունն էր։ Ի տարբերություն ֆրանսիացիների, «Սկուդրա-աձուրան», ինչպես անվանում են Իտալիայի հավաքականին, համարվում էր չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկը՝ ի թիվս Բրազիլիայի, Արգենտինայի, Անգլիայի եւ Գերմանիայի թիմերի։ Ողջ առաջնության ընթացքում իտալացիները դրսեւորեցին բարձր կամային հատկանիշներ, ինչի համար էլ նրանց վարձահատույց եղան։ Հիշեցնենք, որ իտալացիներից նախ աչքի ընկավ Մարկո Մատերացցին, որը Զիդանի խփած գոլից հետո գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո անվրեպ գտնվեց 11 մետրանոց հարվածաշարում, ինչպես իր խաղընկերները՝ Պիրլոն, Դե Ռոսսին, Դել Պիերոն եւ Գրոսսոն։

Ի տարբերություն մրցակցի, Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին խաղադաշտում չէր։ Սակայն դա չխանգարեց իտալացիներին եւ նրանց նյարդերն ավելի ամուր գտնվեցին 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ։

Եվ մանկական ուրախությունը, որով նրանք միմյանց ձեռքից խլխլում էին բաղձալի գավաթը եւ համբուրում, լիովին հասկանալի էր։ Սակայն իտալացի ֆուտբոլիստներին հայրենիքում սպասում է ոչ թե շքեղ ճաշկերույթ, այլ… դատական քաշքշուկ։

«Ա» սերիայի առաջատար թիմերի շուրջ ստեղծված սկանդալը դեռ չի ավարտվել։ Իտալիայի դատախազությունն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղից առաջ որոշում կայացրեց՝ պահանջել «Յուվենթուսին» զրկել պրոֆեսիոնալ կարգավիճակից եւ վերջին 2 չեմպիոնական տիտղոսներից, իսկ «Միլանին» եւ «Լացիոյին» տեղափոխել սերիա «Բ»։ Հիշեցնենք, որ այս թիմերի ղեկավարները մեղադրվում են մրցավարներ նշանակելու, նրանց կաշառելու եւ այլ խարդախությունների մեջ։

Թվում էր, այս քայլերը կարող էին ընկճել հավաքականի ֆուտբոլիստներին, սակայն տեղի ունեցավ հակառակը։ Հավաքականի ֆուտբոլիստները, որոնց մեծ մասը հանդես են գալիս «Յուվենթուսում» եւ «Միլանում», ավելի համախմբվեցին եւ կարողացան Իտալիայի համար 4-րդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Եվ սա, կարծես թե, ունենալու է իր դրական ազդեցությունը։ Իտալական տարբեր քաղաքական գործիչներ արդեն իսկ հանդես են եկել առաջարկությամբ՝ հաղթանակի կապակցությամբ համաներում հայտարարել եւ ներել բոլոր թիմերին, որոնք ներգրավված են այս սկանդալի մեջ։ Սակայն որքան էլ զարմանալի լինի, կան նաեւ դեմ արտահայտվողներ, այն էլ՝ ֆուտբոլիստներ։ Հավաքականի եւ «Միլանի» խաղացող Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ իրենք ներման կարիք չունեն, եւ ով իսկապես մեղավոր է, պետք է պատժվի։

Թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը, ցույց կտա ժամանակը։ Մի բան հաստատ է՝ «Յուվենթուսի», «Միլանի» եւ «Լացիոյի» որակազրկումը կհարվածի ոչ միայն իտալական, այլ, ընդհանրապես, համաշխարհային ֆուտբոլին։ Այնուամենայնիվ, շատ ֆուտբոլիստներ որոշել են չսպասել դատարանի վճռին եւ արդեն իսկ ապահովագրել են իրենց։ Մասնավորապես, «Յուվենթուսի» խաղացողներ Ֆաբիո Կանավարոն, Զամբրոտտան եւ Էմերսոնն արդեն նախնական համաձայնության են եկել Մադրիդի «Ռեալի» հետ, որը հաջորդ մրցաշրջանում մարզելու է Ֆաբիո Կապելլոն։ Սակայն ֆուտբոլիստները «կամուրջները չեն այրել». պայմանագրի մեջ մտցրել են հատուկ կետ, համաձայն որի, եթե «Յուվենթուսը» մնա բարձրագույն խմբում, «Ռեալի» հետ պայմանագիրն անվավեր կճանաչվի։

Աշխարհի առաջնության ժամանակ ֆուտբոլասերներն իմացան եւս մեկ նորության մասին։ Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռոբերտո Կառլոսին այլեւս չենք տեսնի արքայական թիմի կազմում։ «Ռեալի» խորհրդանիշերից մեկը, որքան էլ հայերիս համար տհաճ լինի, այսուհետ հանդես կգա թուրքական «Ֆեներբախչեի» կազմում։

Դե, իսկ մեզ մնում է սպասել հաջորդ առաջնությանը, որը տեղի կունենա 2010թ. Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Ու թաքուն հույս փայփայենք, որ մասնակիցների թվում կլինի նաեւ մեր երկրի թիմը։