«Երիտասարդ ութնյակը» սկսվել է

09/07/2006

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Սանկտ Պետերբուրգի արվարձան Պուշկին քաղաքում երեկ սկսվել է «Երիտասարդ ութնյակի» գագաթաժողովը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր պետությունները ներկայացնող 13-17 տարեկան 8-ական դպրոցականներ: ԱՄՆ-ի թիմում ընդգրկված են Կալիֆոռնիայի Գլենդելի դպրոցներում սովորող ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում` մեկ հայ՝ 15-ամյա Շանթ Աթարյանը: Միջոցառումը անցկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՌԴ կառավարության նախաձեռնությամբ, իսկ իմաստն ու նպատակը շատ հստակ են. երեխաներն են որոշելու, թե ի՞նչն է իրենց առավելապես մտահոգում այսօրվա աշխարհում եւ ի՞նչ խնդիրների վրա պետք է «Մեծ ութնյակի» ղեկավարները սեւեռեն իրենց ուշադրությունը: Խնդիրների շրջանակն արդեն հայտնի է՝ ՁԻԱՀ, կրթություն, ազգային եւ կրոնական հանդուրժողականություն, բնապահպանություն, էներգետիկայի խնդիրներ, անգամ՝ ԱՊՀ-ի ապագան: Երեխաների առաջարկներից մեկը ձեւակերպված է այսպես. գերտերությունները պետք է հատուկ հարկ մտցնեն զարգացող երկրներին զենք վաճառող ընկերությունների համար եւ այդ գումարները ծախսեն ուսուցիչներին վարձատրելու եւ կրթությունը զարգացնելու համար: